exclusive
3622 դիտում

Մինչեւ 1918թ.-ը գծագրված 140 քարտեզ ներկայացվել է մեկ գրքում


Լուսանկարը` squarespace.com


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Մատենադարանում կայացել է Ռուբեն Գալչյանի «Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թ.» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը:

Աշխատությունը պարունակում է մինչ 1918թ.-ը գծագրված հայերեն քարտեզների բնագրերի արտատպումները, որոնց մեծամասնությունը հրատարակվում է առաջին անգամ: Աշխատությունը ներկայացնում է ավելի քան 140 քարտեզ, որոնց մի մասը գրքի հեղինակը գտել է մասնավոր տներում եւ հավաքածուներում:

Գիրքն այս տարի հրատարակվել է անգլերեն՝ Լոնդոնի Bennett & Bloom եւ Երեւանի Զանգակ հրատարակչության կողմից: Հայերեն տարբերակի հրատարակիչը եւս Զանգակ հրատարակչությունն է:

Գրականագետ Հայկ Համբարձումյանը շնորհանդեսի ժամանակ ասել է, որ առաջին անգամ հայ ընթերցողը կարող է օգտագործել այս գիրքը խորը ուսումնասիրություններ անելու համար:

Նա կարեւորել է, որ քարտեզները գիտական բարձր մակարդակով են ներկայացված, կան ծանոթագրություններ եւ մանրամասն նկարագրություններ, կիրառության պատմությունը:

«Ինձ համար շատ հետաքրքիր էին ձեռագիր քարտեզները, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: Գիրքը կարող է հետաքրքիր լինել ոչ միայն գիտական հանրությանը, այլեւ ընթերցողների լայն շրջանակի»,- ասել է նա:

Ռուբեն Գալչյանը Մեդիամաքսին ասել է, որ իր բոլոր գրքերը նախ անգլերենով է հրատարակում, որպեսզի աշխարհում պատկերացում ունենան հայերի պատմության մասին. «Իսկ հայերեն թարգմանությունը կարեւոր է, քանի որ քարտեզներն էլ հայերենով են: Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում հետաքրքրված են քարտեզներով, կարող են մանրամասն ծանոթանալ մեր ունեցած քարտեզներին ու դրանց պատմությանը»:

Ռուբեն Գալչյանը նյութեր է հավաքել արդեն 30 տարի, իսկ այս հրատարակության վրա աշխատել է երեք տարում:

«Բավական դժվար ու երկարատեւ աշխատանքն էր: Չեմ կարող ասել, որ բոլոր գոյություն ունեցող քարտեզներն են ներառվել գրքում, քանի որ կարող է լինեն ձեռագիր քարտեզներ, որոնք անհատների մոտ են: Հրատարակությունում անհատների հավաքածուներ կան, դրանք գտել եմ տարբեր ճանապարհներով, ծանոթների, քարտեզագիրների, նրանց ազգականների միջոցով»,- ասել է նա: 

Գրքի առաջին գլուխը վերաբերում է հին ձեռագիր քարտեզներին, իսկ վերջինը պարունակում է մեծամասամբ հետաքրքրաշարժ ձեռագիր քարտեզներ, որոնք պահպանվել են տարբեր կազմակերպությունների ու անհատների արխիվներում: 

Այս բոլոր քարտեզները միասնաբար ներկայացնում են հայ քարտեզագրական ժառանգությունը, որը ստեղծվել եւ զարգացել է պետականություն չունեցող եւ աշխարհով մեկ ցրված հայ համայնքներում ապրող անհատների ու կազմակերպությունների ձեռքով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am