Երեւանում գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե կանցկացվի - Mediamax.am

5263 դիտում

Երեւանում գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե կանցկացվի


Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն»

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն»

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն»

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն»


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 25-ին ՆՓԱԿ-ում կմեկնարկի Երեւանում գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն:

50 երկրից 228 արվեստագետ կներկայացնեն 449 աշխատանք, այն էլ՝ ժյուրիի բարդ ընտրությունից հետո: Ներկայացված աշխատանքներն ու մասնակցել ցանկացողների թիվը մի քանի անգամ շատ է եղել:

 

«Այս ոլորտում աշխատող բոլոր արվեստագետներին հնարավորություն է ընձեռվում այս տարածաշրջանում հանդես գալ նոր հարթակում: Նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց, եւ աննախադեպ թվով արվեստագետներ դիմեցին: Հույս ունենք, որ այս բիենալեն մեծ խթան կդառնա նաեւ մեր արվեստագետների համար»,- ասել է բիենալեի կազմկոմիտեի անդամ Արման Վահանյանը:

 

Բիենալեի նախաձեռնությունը «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությանն է: Հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանն ասում է, որ 2013-ից կազմակերպությունը հայ արվեստագետներին հնարավորություն է տվել մասնակցելու գեղարվեստական տպագրությանն առնչվող միջազգային նախագծերի, աշխատել ու ցուցադրվել Գերմանիայում, Էստոնիայում եւ Շվեյցարիայում:

 

Դասական եղանակով գեղարվեստական տպագրության նմուշի ստեղծումն աշխատատար ու ոչ հեշտ աշխատանք է: Բայց շատ արվեստագետներ այն նախընտրում են թվային տեխնոլոգիաներից: Գեղարվեստական տպագրությունն աշխարհում արվեստի տարածված ճյուղ է, Հայաստանում՝ ոչ այնքան:

 

«Չնայած Հայաստանում լավ մասնագետներ կան, բայց ոլորտը զարգացում չի ունեցել: Հիմնականում մեծ ցուցահանդեսներին ներկայացել են մի քանի արվեստագետներ: Գրաֆիկայի էսպիսի մեծ, ամբողջական ցուցահանդես չի եղել»,- ասել է կազմկոմիտեի անդամ Արթուր Հակոբյանը:

 

Հաղթողներին կորոշի միջազգային ժյուրին: Կազմակերպիչներն ասում են՝ կցանկանային մրցանակը նաեւ դրամական բաղադրիչ ունենար, սակայն առայժմ ստիպված են բավարարվել միայն մեդալներով:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին