Երեւան: Մեդիամաքս: «Սեւան» ազգային պարկի բարեփոխումների ծրագրով 14 մլրդ դրամ գնահատվող 29 միջոցառում է նախատեսվում:
Այս մասին այսօր նշվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում:
Մասնավորապես, միջոցառումներն ուղղված են լինելու «Սեւան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծմանը, ազգային պարկի կառավարման պլանի մշակմանը, ջրածածկ եւ ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրմանը, ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժմանը, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գոտիները հատուկ նշաններով առանձնացնելուն, ցուցանակների տեղադրմանը, զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի կազմակերպմանը, դեպի հուշարձաններ ճանապարհների կառուցմանն ու հիմնանորոգմանը:
Միջոցառումներ են ձեռնարկվելու նաեւ պատասխանատու արդյունագործական ձկնորսության, էկոլոգիապես մաքուր արտադրության, ջերմատնային տնտեսությունների կազմակերպման, ինտենսիվ այգիների հիմնման, Լճաշեն-Սեւան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցման եւ այլ ուղղություններով:
Այս տարվա ընթացքում ազգային պարկի տարածքում մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է երկու ներդրումային ծրագրի իրականացում:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ պետք է հաշվի առնել նաեւ համայնքների մոտեցումները՝ վերջիններիս զարգացմանը չխոչընդոտելու նպատակով:
Վարչապետը կարեւորել է ազգային պարկի տարածքի գոտիավորումը, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերի իրականացման համար հստակ չափանիշների սահմանումը, այդ թվում՝ կանաչ տարածքների պահպանման մասով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: