ԵՄ-ն աջակցում է հայ երիտասարդների կարողությունների զարգացմանը - Mediamax.am

2847 դիտում

ԵՄ-ն աջակցում է հայ երիտասարդների կարողությունների զարգացմանը


Լուսանկարը` European Union in Armenia


Երեւան: Մեդիամաքս: «ԵՄ-ն հանուն երիտասարդության» ծրագրի շրջանակում այսօր Հայաստանում մեկնարկել է չորս նոր ծրագիր, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների զարգացմանը եւ հասարակական կյանքում նրանց ակտիվ մասնակցությունը խթանելուն:

Այս նախաձեռնությունը 2017թ. նոյեմբերին Արեւելյան գործընկերության գագաթաժողովում համաձայնեցված «Երիտասարդություն եւ կրթություն» նոր փաթեթի մասն է:

 

Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն ասել է, որ երիտասարդների կարողությունների զարգացումը Հայաստանի հետ ԵՄ համագործակցության հիմնական առաջնահերթություններից է:

 

«Կրթության հավասարաչափ մատչելի լինելը, շարժունակության հնարավորությունների եւ զբաղվածության ապահովումը հզորացնում է երիտասարդներին եւ դարձնում հասարակության ակտիվ անդամներ»,- ասել է ԵՄ պաշտոնյան:

 

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ նշել է, որ ԵՄ-ն կարեւոր աջակցություն է ցուցաբերում երիտասարդական միություններին՝ լրացուցիչ վերապատրաստման եւ մենթորության, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի եւ գործարար հնարավորությունների միջոցով:

 

«Հայերը շատ տաղանդավոր են, սակայն բնատուր ինտելեկտը բավական չէ։ Անհրաժեշտ են լավ, ժամանակակից, առաջադեմ ուսումնական ծրագրեր։ Մենք՝ որպես Եվրոպական միություն, հավատում ենք երիտասարդ հայերի կարողություններին եւ պատրաստ ենք աջակցել նրանց»,- ասել է դեսպանը։

 

€1,9 մլն դրամաշնորհային չորս նոր ծրագրերը նպաստելու են հատկապես սահմանափակ հնարավորություններով երիտասարդների համար լրացուցիչ վերապատրաստումների, կարողությունների եւ հմտությունների զարգացմանը, պրակտիկայի եւ աշխատանքին զուգահեռ ուսուցման հնարավորություններին:

 

Ծրագրերը հիմնականում կգործեն Երեւանից դուրս գտնվող փոքր քաղաքներում՝ խթանելու հասարակական կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցությունը, ինչպես նաեւ կտրամադրվեն ձեռնարկատիրության վերաբերյալ համապարփակ գիտելիքներ։

 

Ծրագրերի մանրամասները կարող եք գտնել հետեւյալ հղումներում՝

 

ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանման ծրագիր

 

ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար

 

ԵՄ-ն հանուն երիտասարդության՝զբաղունակություն եւ կայունություն

 

ԵՄ-ն հանուն երիտասարդության` «ՍԵՅ ԵՍ». հմտություններ աշխատանքի համար

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին