Սերժ Թանգյան. Հայ երիտասարդներն անհերքելիորեն հզորացան - Mediamax.am

7661 դիտում

Սերժ Թանգյան. Հայ երիտասարդներն անհերքելիորեն հզորացան


Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ New Europe-ը զրուցել է System Of A Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի հետ: Մեդիամաքսը, թարգմանաբար, որոշ հատվածներ է ներկայացնում հարցազրույցից:

 

«Սեյսմիկ իրադարձություն»

 

Նախագահի պաշտոնից վարչապետի պաշտոնին եկած Սերժ Սարգսյանի հրաժարականը, որը եղավ քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերած մարդկանց կամքով, Հայաստանի ժամանակակից պատմության մեջ սեյսմիկ իրադարձություն է:

 

Շատերը կարծում էին, թե Հայաստանի քաղաքացիները շատ անտարբեր էին, որպեսզի ոտքի կանգնեն այն քանակությամբ, որին ականատես եղանք, եւ իրենց ձայնն ու պահանջները լսելի դարձնեն: Կարծում եմ՝ դանակը հասել էր ոսկորին: Տեղի ունեցող իրադարձությունները շատ կարեւոր են Հայաստանում վստահության վերականգնման համար՝ որպես ապրելու, ներդրումներ անելու, աշխատելու եւ արարելու վայր:

 

«Անհերքելիորեն հզոր»

 

Հայ երիտասարդները մշակութապես վերաձեւավորվեցին այնպիսի եղանակով, որ դարձան անհերքելիորեն հզոր: Նրանք իրենց ծնողների նման չեն հանդուրժի անարդարությունը, բայց, ի տարբերություն նախորդ սերնդի, դրան կարձագանքեն սիրով եւ հասկացողությամբ: Ես կարծում եմ, որ #ElectricYerevan շարժումը (Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի շարժում՝ 2015թ.-ին, - Մեդիամաքս) եղավ դեպի այս ամենն առաջնորդողը, քանի որ նույն երիտասարդներն էին, որ նախաձեռնել էին այն:

 

Հաջորդ քայլերը

 

Հաջորդ քայլերը կլինեն նախ` լայն փաթեթով բարեփոխումների նախաձեռնումը՝ սկսելով իրավական համակարգից, որպեսզի ընտրություններն այլեւս չգողացվեն կամ չգնվեն եւ, իսկապես, արտացոլեն մարդկանց կամքը:

 

Հաջորդ քայլը, ամենայն հավանականությամբ, կլինի նոր խորհրդարանական ընտրությունը՝ մնացած ամեն ինչը բարեփոխելու համար: Դրանք հեշտ չեն լինելու, քանի որ իշխող ուժերը դեռեւս վերահսկում են կառավարության բոլոր ճյուղերը:  Հասարակական ճնշման, դիվանագիտության եւ բանակցությունների միջոցով է, որ այս ամենը կարող է տեղի ունենալ: Մի բան հաստատ է՝ մարդիկ այժմ հասկանում են, որ ուժ են, ու ես կասկածում եմ, որ ինչ-որ բան կկարողանա նրանց կանգնեցնել հիմա: 

 

Ավելի բաց՝ սփյուռքի մտորումների համար

 

Հույս ունեմ՝ Հայաստանը քաղաքականապես ավելի բաց կլինի սփյուռքի մտորումների եւ գործողությունների համար: Ի վերջո, մենք ցեղասպանության տրավմայի, կայսրության, կոռուպցիայի եւ տնտեսական լճացման հետեւանքով բաժանված ժողովուրդ ենք: Մինչ այժմ, ռեժիմը ցանկանում էր տեսնելը սփյուռքը, բայց չլսել նրան (զբոսաշրջություն vs քաղաքական ներգրավվածություն):  Դա կփոխվի, քանի որ սփյուռքը հարուստ փորձ ունի, հատկապես՝ արտաքին քաղաքականության, կապերի, արտերկրում լոբբինգի եւ նմանատիպ այլ ոլորտներում: Հայաստանը կարող է ավելի լավ հասանելիություն ունենալ սփյուռքի նկատմամբ, երբ ունի իշխանության ավելի լավ հավասարակշռություն:

 

Պատրաստել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին