Սերժ Սարգսյանը դիմել է «Լույս»-ի կրթաթոշակառուներին - Mediamax.am

4954 դիտում

Սերժ Սարգսյանը դիմել է «Լույս»-ի կրթաթոշակառուներին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին ու կրթաթոշակառուների համայնքին:

«Իմ սիրելի՛ «ԼՈՒՅՍ»-ավոր համայնքի ներկայացուցիչներ,

 

2009թ. «Լույս»-ի ստեղծման գաղափարը մեր հայրենիքի վերելքը ապահովելու անհրաժեշտ պայմանն էր։ Այս տարիների ընթացքում աշխարհի առաջատար 10 բուհերում մենք ունեցել ենք շուրջ 570 կրթաթոշակառու գրեթե բոլոր գիտական ճյուղերում` տեսական ֆիզիկայից մինչեւ միջազգային հարաբերություններ։ Հիմնադրամն անցնող տարիներին իրականացրել է նաեւ մի շարք մշակութային, կրթական ու ստեղծագործական կազմակերպությունների ու տաղանդաշատ անհատների ֆինանսավորում, որոնք իրենց նպաստն են բերել մեր հայրենիքի շենացման գործին։

 

Մեր կրթաթոշակառուներից շատերն արդեն աշխատում եւ արարում են Հայաստանում` հարստացնելով մեր պետական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունն ու գործարար մշակույթը։ Լիահույս եմ, որ մյուսներն էլ միջազգային հարթակներում անհրաժեշտ փորձ ու գիտելիք ձեռք բերելուց հետո կվերադառնան հայրենիք ու կլծվեն երկիրը զարգացնելու շնորհակալ գործին»,- ասված է նամակում:

 

Սերժ Սարգսյանը նշել է, որ ի դեմս «Լույս»-ի հզոր համայնքի՝ արդեն կուտակվել է բավարար մարդկային ներուժ Հայաստանի պետական ու հասարակական ինստիտուտները սնուցելու եւ ավելի ուժեղացնելու համար։

 

«Ամեն տարի հանդիպելով ձեզանից շատերին` վստահ էի, որ իմ` որպես հիմնադրի հույսերը լիարժեք արդարացնելու եք։ Ձեր այդ հաջողությունները տոնելու ու Հայաստանի ապագայի մեր տեսլականները քննարկելու առիթներ դեռ անպայման կունենանք»,- ասել է նա։

 

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ընթացիկ ծրագրերի ծավալներն օբյեկտիվորեն կրճատվելու են, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը` հիմնականում դադարեցվելու են ի՝ նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի։

 

«Հետագա մեր հաղթարշավը պետք է անցնենք՝ վերաիմաստավորելով այսօրվա ձեռքբերումները, հստակեցնելով ապագայի տեսլականը եւ հաշվի առնելով առկա ռեսուրսները մեր հասարակության եւ ազգային կարիքներին լավագույնս ծառայեցնելու նպատակը:

 

Մոտակա օրերին կհրավիրվի հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ` քննարկելու մեր հիմնադրամի ապագային միտված ծրագրերը եւ դրանց ֆինանսավորման հնարավորությունները»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:

 

Մեկ այլ նամակով Սերժ Սարգսյանը դիմել է FAST հիմնադրամի հիմնադիրներներին՝ տեղեկացնելով, որ «Լույս» հիմնադրամը մայիսի 31-ից ի վեր դադարեցնում է իր ֆինանսական մասնակցությունը FAST հիմնադրամի հետագա աշխատանքներին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին