«Լիդիան»-ը ողջունել է հանքարդյունաբերական ոլորտի բարեփոխման կոչը - Mediamax.am

4167 դիտում

«Լիդիան»-ը ողջունել է հանքարդյունաբերական ոլորտի բարեփոխման կոչը


Լուսանկարը` Լիդիան


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա»-ն հայտարարել է, որ համաձայն է ՀՀ կառավարության այն հայտարարության հետ, որ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները պետք է համապատասխանեն բնապահպանական չափանիշներին՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը եւ նպաստելով քաղաքացիների բարեկեցությանը:

«Մենք ողջունում ենք հանքարդյունաբերության ոլորտում ստուգումների նախաձեռնությունը, ինչը լավ հնարավորություն է, որ ամբողջ ոլորտում կիրառվեն բնապահպանական համապատասխանության հավասար չափանիշներ:

 

Վերջին 5 օրերի ընթացքում երկրի մի շարք հանքարդյունաբերական ընկերությունների, այդ թվում նաեւ «Լիդիանի Արմենիա»-ի Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ակցիաներ են իրականացվել՝ փակելով ճանապարհները եւ խոչընդոտելով աշխատանքներին: Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ցույցերը հանգեցրել են «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցների եւ համայնքներում Ամուլսարի ծրագրի աջակիցների կողմից հակացույցի, որով բողոքի ակցիայի մասնակիցներից պահանջել են չխոչընդոտել իրենց աշխատանքի իրավունքին:

 

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ առկա են բնապահպանական խնդիրներ, ինչպես նաեւ պահանջներ էին ներկայացնում ծրագրում աշխատատեղեր ունենալու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ընկերությունն ունի բողոքների արձագանքման հստակ սահմանված պաշտոնական մեխանիզմ եւ հորդորում է բոլոր շահագրգիռ կողմերին այդ հնարավորությունից օգտվելով՝ ներկայացնել իրենց բողոքներն ու մտահոգությունները եւ այդպիսով նպաստել համատեղ կառուցողական լուծումներին»,- ասված է հայտարարությունում:

 

Ընկերությունում նշել են, որ այս պահին Ամուլսարում բնականոն աշխատանքները վերականգնվել են:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին