ՀՀ-ԵՄ կապերում «զգալի առաջընթաց» է գրանցվել - Mediamax.am

3953 դիտում

ՀՀ-ԵՄ կապերում «զգալի առաջընթաց» է գրանցվել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Այսօր հրապարակվել է Եվրամիության նոր զեկույցը, որում ներկայացված են ԵՄ-Հայաստան հարաբերություններում վերջին երկուսուկես տարիներին տեղի ունեցած զարգացումները: 

 

Մեդիամաքսն ըստ ոլորտների առանձնացրել է զեկույցի առավել ուշագրավ հատվածները: 

 

«Ժամանակն է կոնկրետ արդյունքների»

 

2015թ. հունվարից Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններում արձանագրվել է զգալի զարգացում: Երկկողմ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ու պայմանական կիրարկման մեջ մտնելը, ինչպես նաեւ «Գործընկերության առաջնահերթությունների» ամփոփումը, որը տեղի է ունեցել այս տարվա փետրվարին, նպաստել են այդ հաջողությանը:

 

«Մենք վկա եղանք ԵՄ-Հայաստան հարաբերությունների եւ հենց Հայաստանի համար շատ կարեւոր մի ժամանակաշրջանի: Մեծ  ջանք եւ վճռականություն է ներդրվել մեր նոր երկկողմ համաձայնագրում, որն ակնկալվում է՝ մեր քաղաքացիներին կտա տեսանելի օգուտներ, այդ թվում ամրապնդելով  թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, ընդլայնելով  առեւտրի եւ ներդրումների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության հնարավորությունները: Ժամանակն է, որպեսզի կյանքի կոչենք համաձայնագիրը եւ մեր «Գործընկերության առաջնահերթությունները», որպեսզի թղթին հանձնած հսկա աշխատանքը վերածենք կոնկրետ արդյունքների»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

 

 

Աջակցություն բարեփոխումներին

 

2018թ. ապրիլին Հայաստանում խաղաղ ցույցերի արդյունքում տեղի է ունեցել իշխանափոխություն՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: ԵՄ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին, որոնք խթանում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների հարգանքը, ինչպես նաեւ նպաստում են դիմակայուն եւ բարեկեցիկ սոցիալ-տնտեսական համակարգին:

 

Զեկույցում առանձնացվում են նշանակալի զարգացումներ, որոնց շարքում են  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որն ընդունվել է 2017թ. դեկտեմբերին Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից: 

 

Եվրոպական միությունը կարծում է, որ նոր օրենքը կարեւոր քայլ է մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

 

Միակցվածության ոլորտ 

 

2017թ. նոյեմբերին նախաստորագրվել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ միասնական ավիացիոն գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: 

 

Այն նախատեսում է դեպի Հայաստան ուղեւորափոխադրումների ծավալի զգալի աճ՝ միաժամանակ ապահովելով անվտանգության, բնապահպանական եւ սոցիալական չափանիշների կատարելագործում: 

 

 

Բացի այդ, Հայաստանը ստորագրել է բարձր մակարդակի փոխըմբռնման փաստաթուղթ, որը սահմանում է Տրանս-եվրոպական տրանսպորտային հիմնական ցանցերի ինդիկատիվ քարտեզը:

 

Կրթություն 

 

Erasmus+ ծրագրի աջակցությամբ իրականացվել են բարեփոխումներ, որոնք համապատասխանում են Բոլոնիայի գործընթացին: Հայկական բուհերի ուսումնական ծրագրերն արդիականացվել են՝ շարժ կատարելով դեպի էլ ավելի համապատասխանեցում աշխատաշուկայի կարիքներին:

 

Մինչեւ 2017թ. ավարտը ԵՄ-Հայաստան կրթական փոխանակման եւ շարժունակության ծրագրերում ընդգրկվել է 1800 ուսանող եւ համալսարանների դասախոս:

 

Հետազոտություններ եւ նորարարություն

 

2016թ. Հայաստանը դարձել է Եվրամիության հետազոտությունների եւ նորարարության Հորիզոն 2020 ծրագրի ասոցացված երկիր, որը երկրի գիտահետազոտական ինստիտուտների եւ ձեռնարկությունների առջեւ բացում է նոր հեռանկարներ՝ ընդլայնելու գիտական գիտելիքների  փոխակերպումը առեւտրային հնարավորություններով: 

 

2016թ. նոյեմբերին մեկնարկած EU4 Innovation նախաձեռնությունը նպատակ ունի խթանել նորարարությունը Արեւելյան գործընկերության ամբողջ երկայնքով: 

 

Երեւանում կստեղծվի EU4Innovation նորարարական կենտրոն, որի նպատակն է խթանել գիտական կրթությունը եւ բուհերի եւ բիզնեսների միջեւ առկա կապերի սերտացումը:

 

Ֆինանսական աջակցություն

 

2014-ից ի վեր Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվել է 120 մլն եվրո ֆինանսական աջակցություն՝ ուղղված մասնավոր հատվածի զարգացմանը, պետական կառավարման եւ կրթության ոլորտներին: 

 

Բացի այդ, Հայաստանն օգտվել է մեկից ավելի երկրների ֆինանսավորման  ծրագրերից: 

 

Եվրոպական միության հարեւանության ներդրումային գործիքի ներքո ԵՄ աջակցություն է տրամադրվել տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ու էներգախնայողության ուղղությամբ, իսկ հետագայում, ԵՄ աջակցությունը նպատակաուղղվելու է  դատաիրավական բարեփոխումների, ֆինանսների մատչելիության եւ տնտեսական զարգացման, միակցվածության, կրթության եւ շարժունակության ոլորտներում քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների ապահովմանը: 

 

Կիզակետում կշարունակի պահպանվել աջակցությունը քաղհասարակությանը, մարդու իրավունքներին, ժողովրդավարության խորացմանը եւ քաղաքացիական մասնակցության հզորացմանը, ինչպես նաեւ տնտեսական զարգացման ուղղությամբ:

 

ԼՂ հակամարտություն

 

ԵՄ-ն շարունակել է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում վստահության եւ խաղաղության հաստատմանն ու  հակամարտության կանխարգելմանն ուղղված գործողություններին: 

 

Եվրամիությունը հավատում է, որ հակամարտությունը պետք է ստանա արագ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին