Ներկայացվել են Էդուարդ Բաբայանի ձերբակալության մանրամասները - Mediamax.am

1984 դիտում

Ներկայացվել են Էդուարդ Բաբայանի ձերբակալության մանրամասները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանը:

 

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասված է.

 

«2018 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնեւմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երեւան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968թ:

 

Նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր։

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, քննչական բաժնի պետի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

 

50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել։ Վերջինիս ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը, ով վարույթն իրականացնող մարմնին ներկայացել է որպես Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական։

 

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կասկածյալի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ։

 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։

 

 

Դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ Ոստիկանությունը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու եւս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը»։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին