«Լիդիան»-ը տեղեկացրել է պատկան մարմիններին վտանգների մասին - Mediamax.am

1506 դիտում

«Լիդիան»-ը տեղեկացրել է պատկան մարմիններին վտանգների մասին


Լուսանկարը` Լիդիան Արմենիա


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա» ընկերությունն այսօր նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ վարչապետին, արտակարգ իրավիճակների, տնտեսական զարգացման եւ ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների եւ տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի ապօրինի շրջափակման հետեւանքով Լիդիանի աշխատակազմն ի վիճակի չէ հանքավայրի տարածքում իրականացնել շրջակա միջավայրի եւ անվտանգության մշտադիտարկում եւ կառավարում:

Համապատասխան նախարարություններն այս մասին տեղեկացվել են դեռեւս հունիսի 28-ին:  

 

«Ներկայումս Լիդիանի բնապահպանական անձնակազմը չի կարողանում վերահսկել մակերեւութային ջրերի հոսքերը եւ ջրի որակը: Ընկերությունը չի կարող իրականացնել փոշու կառավարում հանքավայրի տարածքում առանց հանքային  օպերատորների եւ ջրցան մեքենաների: Մոնիտորինգի ծրագրի շրջանակներում իրականացնում է նաեւ մեկ այլ կարեւոր գործողություն՝ օդի որակի պասիվ մոնիտորինգը, որը կատարվում է 11 վայրերում եւ այժմ խափանվել է:

 

Լիդիանը զգալի ժամանակ եւ գումար է ներդրել, որպեսզի ժամանակակից մեթոդներով իրականացվի ամենախիստ չափանիշներին համապատասխան ապագա թափոնների կառավարման ռազմավարությունն Ամուլսարում: Սա ներառում է հանքավայրի տարածքում լաբորատոր սարքավորումներով իրականացվող աշխատանքները, որոնք պահանջում են կանոնավոր պահպանություն եւ մշտադիտարկում, նմուշների առաքում հանքից դուրս գտնվող լաբորատորիա: Այս աշխատանքներն արդեն 10 օր է ինչ դադարեցված են, ինչը կարող է վտանգել գրեթե վեց ամսվա աշխատանքը:

 

Լիդիանը տեղեկացնում է ՀՀ պետական մարմիններին, որ ճանապարհների ապօրինի շրջափակման հետեւանքով Ամուլսարի հանքավայրի անձնակազմն այլեւս պատասխանատվություն չի կրում հանքավայրում տիրող ներկայիս պայմանների համար:

 

Ի վիճակի չլինելով իրականացնել որոշ պարամետրերի վերահսկողությունը, մենք այժմ չենք կարող գնահատել մեր գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը կամ միջազգային լավագույն պրակտիկային (որին մենք հղում ենք անում, երբ ՀՀ օրենսդրությունում բացակայում է տվյալ չափանիշը): Այս անկարողությունը պետք է արձանագրվի առաջիկա եռամսյակային մոնիտորինգի զեկույցում:

 

Ընկերությունը նաեւ հիմնավոր կասկածներ ունի, որ Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած որոշ անձանց կողմից կատարվում է ընկերությանը պատկանող գույքի եւ սարքավորումների հափշտակություն: Ընկերությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ մեղավոր անձանց հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ տարածքում վերահսկողություն իրականացնելու պահանջով», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին