ԱԱԾ-ն բերման է ենթարկել «Լիդիանի» հասցեին սպառնալիք հնչեցնողներին - Mediamax.am

3015 դիտում

ԱԱԾ-ն բերման է ենթարկել «Լիդիանի» հասցեին սպառնալիք հնչեցնողներին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ազգային անվտանգության ծառայությունն այսօր տեղեկացրել է, որ բերման է ենթարկել երկու քաղաքացու, որոնք սպանության սպառնալիքներ են հնչեցրել «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների հասցեին:

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ ասված է.

 

«Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները եւ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ու հանքի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների միջեւ տարաձայնությունները վերջին շրջանում վերաճել են լուրջ հակասությունների: Նման իրավիճակը հասարակական լայն հնչեղության շնորհիվ գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում եւ լայնորեն լուսաբանվում են բոլոր կողմերի դիրքորոշումները: Պետության եւ հասարակության համար այս կարեւորագույն խնդրով մտահոգ անձինք իրենց գործողություններով, երբեմն հատում են օրինականության սահմանները, ինչը չի կարող անտեսվել իրավապահ մարմինների կողմից:

 

Ազգային անվտանգության ծառայությունում 2018 թվականի հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների հասցեին:

 

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը») հատկանիշներով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանության սպառնալիքներ հնչեցրած անձինք ՀՀ քաղաքացիներ Ա.Բ-ն եւ Ա.Ա-ն են:

 

2018 թվականի հուլիսի 6-ին Ա.Բ-ն եւ Ա.Ա-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որտեղ որպես կասկածյալ ցուցմունք են տվել, որ սպանություն կատարելու վերաբերյալ արտահայտությունները լուրջ բնույթ չեն կրել, իրականում իրենք որեւէ զենք չունեն, որեւէ մեկի ընտանիքի անդամներից տեղյակ չեն, իսկ իրենց պայքարն Ամուլսարի հանքի շահագործման դեմ կրում է խաղաղ բնույթ եւ տարվում է բացառապես օրինականության սահմաններում: Նշված անձինք նաեւ հայտարարել են, որ զղջում են կատարվածի համար եւ անընդունելի են համարում նման վարքագիծը:

 

Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել ՀՀ նշված քաղաքացիների բնակության հասցեներում, որոնց արդյունքում գործի համար էական նշանակություն ունեցող ոչինչ չի հայտնաբերվել: Ա.Բ-ի եւ Ա.Ա-ի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

 

Նախաքննությունը շարունակվում է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին