Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (IAAM) պրոֆեսոր Կարեն Բալյանը ընթերցողի դատին է հանձնել իր ««Մոսկվա» ամառային կինոթատրոն» գիրքը:
Գրքի շնորհանդեսը կայացել է հուլիսի 12-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում, որին էլ նվիրված է հրատարակությունը: Սա եկատերինբուրգյան «Տատլին» հրատարակչության՝ Խորհրդային մոդեռնիստական գլուխգործոցներին նվիրված մատենաշարհի հերթական հրատարակությունն է: Մատենաշարում Կարեն Բալյանը հեղինակել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին եւ «Զվարթնոց» օդանավակայանին նվիրված գրքերը:
«Այս գիրքը նվիրված է կինոդահլիճի ճարտարապետությանն ու դրա արժեվորմանը, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ կարեւոր է այս կառույցը, որը մենք, ցավոք, հասցրել ենք այս օրհասկան վիճակին եւ ուզում ենք քանդել: Այս գրքի հրատարակումը համընկավ Հայաստանում շատ կարեւոր պահի հետ, երբ նոր էջից ենք սկսում հարաբերությունները պետության հետ, սպասելիքներ ունենք պետությունից, իսկ պետությունը՝ մեզնից: Ճարտարապետական դեմքն ամենամնայունն է, եւ այն պետք է արտահայտվի արդիական կառուցներով, դրանց պահպանմամբ»,- ասել է Կարեն Բալյանը:
Գրքի հեղինակը նկատել է, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճին՝ եւս 6 կառույցի հետ միասին պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու ՀՀ մշակույթի նախարարության որոշումն այդ առումով շատ կարեւոր է:
Լուսանկարը` Կարեն Բալյան
«Սա այն էր, ինչին մենք 20 տարի շարունակ ձգտում էինք, այդ թվում՝ փորձելով այդ կառույցները դարձնել գիրք: Անցած տարիներին այնպես էր ստացվում, որ թուղթն ավելի մնայուն էր, քան երկաթ-բետոնը: Բուլգակովն ասում էր, որ ձեռագրերը չեն արվում, մտածում էինք, որ կարող է շենքը քանդվի, գոնե գրքի տեսքով այն պահպանենք: Բայց այսօր մենք արդեն կարծում ենք, որ ոչ միայն գրքերում, այլեւ իրականում կկարողանանք պահել այդ արժեքավոր կառույցները եւ վերականգնել դրանք»,- ասել է Կարեն Բալյանը:
Լուսանկարը` Կարեն Բալյան
Նա հավելել է, որ գրքի՝ ռուսերեն լեզվով տպագրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հրատարակչությունը ռուսաստանյան է, բայց դա նաեւ հնարավորություն է տալիս ընթերցողի ավելի լայն շրջանակի ներկայանալ։ Միեւնույն ժամանակ, կա ցանկություն գիրքը նաեւ անգելերն եւ հայերեն հրատարակելու:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: