«Ավրորա»-ն նշում է Մարդասիրության համաշխարհային օրը - Mediamax.am

4324 դիտում

«Ավրորա»-ն նշում է Մարդասիրության համաշխարհային օրը


Լուսանկարը` «Ավրորա»


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 19-ին աշխարհը նշում էր Մարդասիրության 15-րդ համաշխարհային օրը՝ «քաղաքացին թիրախ չէ» (civilians are #notatarget) կարգախոսի ներքո։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Լորդ Արա Դարզին Sunday Times պարբերականի այսօրվա համարում գրել է.

 

«Շատերը գուցե չգիտեն, որ այսօր Մարդասիրության համաշխարհային օրն է՝ «քաղաքացին թիրախ չէ» կարգախոսով։ Սա տեղի է ունենում անչափ կարեւոր եւ պատեհ ժամանակ, քանի որ աշխարհում դեռեւս անչափ շատ են մարդիկ, որոնք վերածվում են թիրախի Սիրիայում, Աֆրիկայում, իսկ ոչ վաղ անցյալում նաեւ՝ Եվրոպայում, Իռլանդիայում եւ Բալկաններում։ 

 

Մեզ չափազանց հեշտ է մոռանալ նախորդ սերունդների վերապրած սարսափները եւ քաղաքականություն խաղալ անցյալի հետ։ Եթե ժամանակին համարում էինք, որ անցյալի ծանրագույն դասերը սերտված են, ապա ներկայումս Բրիտանիայում եւ այլուր հետզհետե շատացող բաժանարարները վերստին հիշեցնում են բոլորիս, որ երբեք չպետք է դադարել ձգտել համախմբման։ 

 

Որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետեւանքով Մեծ Բրիտանիա ներգաղթած հայ տարագիր ծնողների զավակ, ես լավագույնս գիտեմ վերապրողների եւ նրանց սերունդների կյանքում այդ ժամանակաշրջանի թողած ավերիչ ազդեցության մասին, որի հետեւանքները դեռեւս շարունակում են ձեւավորել վերապրողների ճակատագրերը։ Նմանօրինակ սարսափներից հետո, սակայն, բոլորիս առջեւ ընտրության երկու տարբերակ կա՝ մնալ զոհ կամ գոյատեւել՝ հասնել բարօրության, ու շարունակել երախտագիտության եւ բարեգործության շղթան։ Այսօր, առավել քան երբեւէ, ես լիահույս եմ, որ ամբողջ աշխարհում բոլոր զոհերը եւ նրանց պաշտպանողները, լինեն կառավարությունների անդամ թե ոչ, ճիշտ ընտրություն կկատարեն»։ 

 

IDeA-ում հիշեցրել են, որ այս հղման միջոցով կարելի է առաջադրել մերօրյա հերոսի, որը, ըստ ձեզ, ջանք չի խնայում մարդկային տառապանքին վերջ դնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին