Թումանյանի Լոռին՝ հայ եւ օտարազգի նկարիչների կտավներում - Mediamax.am

exclusive
2404 դիտում

Թումանյանի Լոռին՝ հայ եւ օտարազգի նկարիչների կտավներում


Մարինա Խաչատուրովայի կտավը
Մարինա Խաչատուրովայի կտավը
Մարինա Խաչատուրովան
Մարինա Խաչատուրովան
Բուլատ Մուհամեդիեւը
Բուլատ Մուհամեդիեւը
Կոնստանտին Մոլոդիխը
Կոնստանտին Մոլոդիխը
Շմավոն Շմավոնյանը
Շմավոն Շմավոնյանը
Նուգզար Մելաձեն
Նուգզար Մելաձեն
Ռոման Կորշինեւը
Ռոման Կորշինեւը

Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից եւ Վրաստանից Լոռի ժամանած նկարիչները 10 օր շարունակ կտավին են հանձնել տեղի բնապատկերներն ու պատմամշակութային արժեքները: Նրանց հետ Հայաստանի գողտրիկ այս անկյունը բացահայտել են նաեւ հայ գեղանկարիչները:

 

«Համագործակցության եւ բարեկամության ներկապնակ» միջազգային 9-րդ փառատոնը հոկտեմբերի 3-13-ը համախմբել էր 5 երկրների նկարիչներին: Նրանք եղել են Ալավերդիի տարածաշրջանի բնակավայրերում եւ Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում: Փառատոնն այս տարի անցկացվել է «Թումանյանական աշխարհ» խորագրի ներքո՝ նշանավորելով բանաստեղծի 150-ամյակը:

 

«Այս անգամ հրավիրել ենք բնություն պատկերող նկարիչների, որոնք, օրինակ, կկարողանային պատկերել Դսեղի ծովերը, Դդի ուսը՝ գյուղի բարձրադիր վայրերից մեկը, Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցին, Սիրուն խաչը եւ այն ամենը, ինչի հետ  առնչվել է մեծ բանաստեղծը: Փորձել ենք նկարիչներին ուղղորդել դեպի հին՝ թումանյանական Դսեղը»,- ասել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը: 

Մարինա Խաչատուրովայի կտավը Մարինա Խաչատուրովայի կտավը

 

 

Մարինա Խաչատուրովա, Վրաստան

 

«Ծագումով հայուհի եմ, առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ, բայց Լոռի առաջին անգամ եմ գալիս: Տպավորված եմ Դսեղով: Շատ կարեւոր է, որ ոչ միայն նկարելու ենք գալիս, այլու հանդիպում, ճանաչում ենք միմյանց, փոխանակում մեր փորձը»:

Մարինա Խաչատուրովան Մարինա Խաչատուրովան

 

Բուլատ Մուհամեդիեւ, Ղազախստան

Բուլատ Մուհամեդիեւը Բուլատ Մուհամեդիեւը

 

«Գեղանկարչության ոլորտում եմ արդեն 46 տարի՝ Ղազախստանի, Մոսկվայի, Լվովի, ապա՝ Դրեզդենի ակադեմիաներ: Այս փառատոնի շրջանակում Հայաստան երկրորդ անգամ եմ այցելում: Տպավորություններս հատկապես մեծ են Թումանյանի ծննդավայրից: Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ եկեղեցին այստեղ արված իմ 8 գործերից լավագույնն էր»:

 

Կոնստանտին Մոլոդիխ, Սանկտ Պետերբուրգ

Կոնստանտին Մոլոդիխը Կոնստանտին Մոլոդիխը

 

«Զարմանալի է Հայաստանը, ինչին նայում եմ, ուզում եմ նկարել: Աշխատանքի մի մարդ մոտեցավ ինձ եւ հարցրեց, թե ինչպես է ստացվում, որ այսքան լավ եմ նկարում: Ես պատասխանեցի նրան, որ ոչ թե ես եմ լավ նկարում, այլ Հայաստանում ամեն ինչն է գեղեցիկ: Լավ նկարելը ինձնից չէ, այլ՝ Հայաստանից»:

 

Ռոման Կորշինեւ, Բելառուս

Ռոման Կորշինեւը Ռոման Կորշինեւը

 

«Մեզ մոտ՝ Բելառուսում, չկան այսպիսի սարեր, դրա համար ինձ ավելի շատ սարերը գրավեցին: Պետք չէ հեռու գնալ կամ ինչ-որ բան փնտրել նկարելու համար: Լոռիում ամենուր գեղեցկություն է: Կարող ես մի տեղում կանգնել, նկարել, հետո շրջվել ու մեկ այլ նկար անել»:

 

Նուգզար Մելաձե, Վրաստան

Նուգզար Մելաձեն Նուգզար Մելաձեն

 

«Նման շռայլ բնության մեջ ստեղծագործելու համար 10 օրը քիչ է: Ինձ գրավել է այստեղի եղանակն ու դրանով պայմանավորված՝ բնության տեսարանների փոփոխությունը: Առաջին օրը, որ եկանք, բնությունը կանաչ էր, մի քանի օր անց ե՛ւ բնության, ե՛ւ ներկապնակի գույները փոխվեցին»:

 

Շմավոն Շմավոնյան, Հայաստան

Շմավոն Շմավոնյանը Շմավոն Շմավոնյանը

 

«Այս փառատոնը կարեւորում եմ տարբեր ազգությունների արվեստագետների բարեկամության առումով: Կրկնակի հաճելի է տեսնել, թե ինչպես են դրսից եկած նկարիչները կարողանում ճիշտ ընկալել մեր բնությունը եւ փոխանցել դա մարդկանց: Նրանք այլ միջավայրում են ապրում, ստեղծագործում: Ու համոզվում ես, որ  արվեստը, իսկապես, սահմաններ չունի»:

 

***

 

Փառատոնի շրջանակում հայ եւ օտարազգի նկարիչների կողմից արված կտավները մեկ ցուցահանդեսով կներկայացվեն Երեւանում: Նկարիչներն իրենց աշխատանքներից կնվիրեն նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահին: Հայաստանը դրսում ներկայացնելու նպատակով այստեղ արված գեղանկարները տեղ կգտնեն նաեւ տարբեր երկրներում կազմակերպվող նրանց անհատական ցուցահանդեսներում: 

 

«Համագործակցության եւ բարեկամության ներկապնակ» միջազգային փառատոնի  կազմակերպիչներն են ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամն ու «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

Տաթեւիկ Ճուղուրյան

 

Լուսանկարները՝ Արման Տիտանյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին