2018-ի Մեդիամաքսի լավագույն հրապարակումները` մարդկանց մասին - Mediamax.am

exclusive
3855 դիտում

2018-ի Մեդիամաքսի լավագույն հրապարակումները` մարդկանց մասին



2018 թվականին եւս Մեդիամաքսը փորձում էր ուշադրության կենտրոնում պահել մարդուն եւ պատմություններ ներկայացնել ամենատարբեր մարդկանց մասին:

 

Ներկայացնում ենք այն հրապարակումները, որոնք Մեդիամաքսի խմբագրական խորհրդի կարծիքով, լավագույնն էին ավարտվող տարում:

 

[Բաց]ահայտ եւ թաքուն փոխնակ մայրություն. մաս I

 

[Բաց]ահայտ եւ թաքուն փոխնակ մայրություն. մաս II

 

[Բաց]ահայտ եւ թաքուն փոխնակ մայրություն. մաս III

Հայաստանում ծնվում են տասնյակ երեխաներ, որոնք լույս աշխարհ են գալիս ոչ թե կենսաբանական, այլ փոխնակ (սուրոգատ) մայրիկի օգնությամբ: Մեր հայրենակիցները այս երեւույթին տարբեր կերպ են վերաբերում՝ ոմանք ողջունում են՝ ասելով, որ շատ զույգերի համար այն երեխա ունենալու միակ հնարավորությունն է: Ոմանք էլ մերժում են՝ ասելով, որ բժիշկները չպետք է իրենց վրա վերցնեն այն, ինչը վերապահված է Աստծուն: Երեք մասերից բաղկացած հոդվածաշարում հետազոտել ենք փոխնակ մայրության թեման՝ զրուցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

 

96-ամյա լեզվաբան Մանուշ Հարությունյան. «Հարկավոր է շատ կարդալ»

Մանուշ Հարությունյանի ապրած 96 տարիների մասին միայն կնճիռներն են վկայում, որոնք երբեմնի, հավանաբար կոկետ, կնոջ դեմքին դասավորված են նույն այն խնամքով, որով նա ընտրում է հայերենի ամենանուրբ բառերը՝ խոսքը կառուցելու համար: Նույնիսկ՝ անտեղյակ մարդը հայերենի հանդեպ այդքան հոգատար վերաբերմունքից միանգամից գլխի կընկնի, որ լեզվաբան է: Նստում եմ մոտ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հարցերս ականջին բարձր արտասանեմ: Մի քանի րոպե անց Մանուշ Նազարեթովնան կկոցում է աչքերը, կոպերը կիսով փակում են թափանցիկ երկնագույն աչքերն ու մեզ տանում նրա մանկություն, Շիրակի մարզի Հովտաշեն գյուղ, որտեղ ծնվել է նա:

 

Պացիենտների երազանքները եւ առայժմ չհավաքված կուբիկ-ռուբիկը

Ամեն երեքշաբթի եւ հինգշաբթի առողջապահության նախարարության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի մասնաշենքերից 9-10 պացիենտ հավաքվում է վարչական շենքում: Գրադարանում, որը զբաղեցնում է իրար մեջ կառուցված երկու սենյակ, շարժվելու շատ տեղ չկա, բայց առայժմ այն ամենահարմարն է նկարելու համար:

 

Հայ երեխաներին դեպի Արարատ տանող «խենթ» Եվգենիան

Լոռեցի դպրոցականները Շնող գյուղից լուսադեմին էին դուրս եկել։ Երեւան հասնելու համար մոտ չորս ժամ է պետք, չհաշված՝ կանգառները։ Պիտի հասցնեն Խոր Վիրապում լինել, զբոսաշրջիկների հետ հերթ կանգնել՝ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների խուցն իջնելու համար, ու, ամենակարեւորը, տեսնել Արարատը։

Արդեն մեկ ու կես տարի ամիսը 1-2 անգամ Լոռիի ու Տավուշի հեռավոր գյուղերի երեխաները գալիս են Երեւան։ Այս այցելությունների ժամանակ «առաջին անգամ»-ները շատ են՝ ոմանք առաջին անգամ են տեսնում Արարատը, զբոսնում Երեւանում, առաջին անգամ կանգնում շարժասանդուղքին ու սելֆիներ անում Կասկադի ֆոնին։

 

Ալին (Արին) ու Ժասմինը (Հասմիկը)՝ երբ բացահայտում ես, որ հայ ես

Ալին ապրում էր Իզմիրում՝ թուրքական ընտանիքում, ուներ սեփական ընկերություն, ամուսնացած էր թրքուհու հետ, սակայն երբեք իրեն լիարժեք թուրք չէր զգում, կնոջը շարունակ բողոքում էր թուրքական բարքերից եւ մահմեդականությունից: Քառասունմեկ տարեկան էր, երբ հորական կողմի տատիկը մահից առաջ հավաքեց իր բոլոր երեխաներին եւ թոռներին՝ կարեւոր հայտարարություն անելու եւ ընտանեկան գաղտնիքը բացահայտելու համար: Ընտանիքի ավագի պատմածը շոկային էր ողջ ընտանիքի համար. «Ես ու Ձեր պապիկը ազգությամբ հայ ենք, մենք ստիպված էինք դա թաքցնել ողջ մնալու համար:»

 

Վազաշեն. Կրակոցները, պարող ու «Արարատը մեր լեռն է» երգող աղջիկները

Ամիսը մի քանի անգամ, երբ բոլորի տրամադրությունը լավ է, Ադրբեջանի հետ սահմանից ուղիղ 1 կմ հեռավորության վրա գտնվող տան բակում Սոֆին ու Նարեն պարում են, Վիկան աստիճաններին նստած նայում է, հարեւանի աղջիկը նկարում։ Քույրերը պարում են հեռախոսի տեսախցիկի առջեւ, իրենք իրենց համար։ Սեպտեմբերի 5-ին էլ նման մի օր էր։

 

Նորամուտ՝ գյուղ վեց ընտանիքի ու մեկ երեխայի համար

Նորամուտ գյուղում 6 տուն դեռ բնակելի է։ Ձմռան հետ 1-2 էլ կդատարկվեն, ու կսկսվեն նորամուտցի 4 ընտանիքի ամենադժվար օրերը։

 

Լոռու մարզի Նորամուտ համայնքը տարեվերջին դատարկվում է, գարնան գալով՝ աշխուժանում։ «Աշխուժություն» ասվածը մի քիչ չափազանցված է. դա պարզապես սակավաթիվ բնակիչների վերադարձն է գյուղ՝ անասնապահությամբ զբաղվելու նպատակով: Նորամուտը մի քանի ամսով դառնում է «խոպան». գալիս են Լոռու գյուղերից ու Շիրակից: Անասուններին բերում են արոտավայրեր, իրենք էլ տեղավորվում են լքված տներում։

 

Իռայի մարդն ու «միստիկ» Իռան

«Ես միշտ երազել էի ճանաչված լինել, բայց քանի որ միշտ ազատ կյանքով եմ ապրել, հիմա չեմ ուզում այդ ուշադրությունը։ Ուզում էի իմանալ՝ հայտնի լինելը ինչ է, բայց որ տեսա, շատ ուրախացա, առաջին երկու օրը շատ լավ էր, բայց հետո սկսեցի մի քիչ նեղվել դրանից։ Մի օր գիշերը եկել նստել էինք բակում ընկերոջս հետ, խոսում էինք, երկու երիտասարդ ուրախ մոտեցան մեզ, գարեջուր էին գնել եւ ուզում էին իրար հետ խմեինք, իսկ ես ալկոհոլ ընդհանրապես չեմ օգտագործում։ Փորձեցի մերժել, այդ պահին ուզում էի միայն ընկերոջս հետ լինել եւ երկար շփվել։ Չեմ ուզում այլեւս հայտնի լինել՝ էլ ավելին չեմ ուզում»։

 

Մի գյուղ, մի աշակերտ ու չորս ուսուցիչ

Արայիկը համադասարանցի ունեցել է միայն առաջին դասարանում։ Հաջորդ 6 տարիներին նա դասարանի միակ աշակերտն էր։ Իսկ անցյալ տարվանից Արայիկը միակն է ամբողջ դպրոցում։

 

Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի հիմնական դպրոցն աշակերտների թվով երբեք էլ աչքի չի ընկել։ Ամենաշատը 30 աշակերտ դպրոցն ունեցել է հիմնադրման առաջին տարիներին՝ 1990-ականներին։

 

Իրինան՝ սարերում կորած Դարիկի «բուրժուա» տիրուհին

«90-ականներին ֆերմա ստեղծելը բուրժուայի պահվածք էր համարվում, շատերը չէին հասկանում մեզ: Գյուղը թալանված էր, տունը՝ քարուքանդ եղած, ոչ մի պայման չկար ապրելու: Հայկական գամփռներ սկսեցինք բազմացնել, որ մեզ օգնեն պահպանել մեր նորաստեղծ ֆերման: Բայց էն ժամանակ հայ-վրացական սահմանը բաց էր, սահմանային ուղեկալ չկար, ու մեր անասունները գողացան»:

 

Մի քիչ հայ, մի քիչ աֆրիկացի Վանիկը. «Ինքդ պետք է երազանք դառնաս»

Ոչ սովորական ճակատագրով Վանիկ Մինասին, չնայած իր խիստ հայկական անունին, արտաքինը միանգամից «մատնում է». թուխ մաշկն ու գանգուրները նրա մեջ աֆրիկյան հետքի մասին են հուշում: Բայց բավարար է մի քանի բառ զրուցել եւ լսել նրա հրաշալի հայերենը, որ սկսեք կասկածել՝ գուցե՞ սովորական երեւանցի տղա է:

 

Քամին ու մեծ երազանքներ որսացող փոքրիկ նորարարները

Բլագոդարնոյե համայնքում ուժեղ քամիները չեն դադարում անգամ շոգ ամռանը: Երբեմն դրանք նույնիսկ տանիքներ են տանում: Եթե մեծահասակները քամու առաջ փակում են դուռ ու պատուհան, երեխաները դուրս են գալիս քամի որսալու: «Նայե~ք, բարձրացավ»,- բղավում է նա, ում օդապարուկը գետնից կտրվում է:

 

Օդապարուկը Բլագոդարնոյե գյուղի երեխաների վերջին ձեռքբերումներից է։ Իրենց ուսուցչի՝ ընկեր Հարությունյանի հետ քննարկել են ու հասկացել, որ քամին ոչ թե խնդիր, այլ հնարավորություն է, օրինակ, օդապարուկ թռցնելու։

 

«Շարքային» հեղափոխականները՝ 100 օր անց

Նրանք պայքարեցին ազնիվ, ծնողներից թաքուն, դասադուլ ու գործադուլ արեցին, համոզեցին անհավատ մեծերին, անփորձ ընկերներին, շատացան  ու հասան իրենց ուզածին: Նրանք վաղուց վերադարձել են իրենց առօրյա կյանքին, լուռ կարոտում են պայքարի օրերը ու սպասում՝ իրենց շնորհիվ Նոր Հայաստան դարձած երկրի ավելի լավ ապագային: «Շարքային» հեղափոխականներին օրեր շարունակ նկարել էր Մեդիամաքսի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանը։ Ամիսներ անց փնտրել ու գտել ենք նրանցից մի քանիսին ու զրուցել «իրենց հեղափոխության» մասին:

 

Մագդան՝ «պադավատի» միակ կին վարորդը

«Կազմակերպության ղեկավարի համար պահանջվում է վարորդ: Նախապատվությունը տրվելու է կին-վարորդներին: Համագործակցության համար պետք է ունենալ աշխատանքային փորձ և լինել կիրթ…»:

 

Մասնագիտությամբ հոգեբան, 33-ամյա Մագդայի ուշադրությունը հայտարարությունը միանգամից գրավեց. սա հնարավորություն էր ունենալ աշխատանք, որի ընթացքում զբաղվելու էր իր ամենասիրելի գործով՝ մեքենա էր վարելու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին