Պահում ենք արդյո՞ք տեղեկատվության գաղտնիության սահմանները - Mediamax.am

1487 դիտում

Պահում ենք արդյո՞ք տեղեկատվության գաղտնիության սահմանները


"Շփման գիծ. ի՞նչ է պետք անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար” քննարկմանը

Լուսանկարը` Photolure

"Շփման գիծ. ի՞նչ է պետք անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար” քննարկմանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 25-ին Երեւանում տեղի է ունեցել հանրային քննարկում "Շփման գիծ. ի՞նչ է պետք անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար” թեմայի շուրջ:

Այն կազմակերպվել էր Եվրասիա համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ` հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում:

 

“Ջուր թշնամու ջրաղացին” քննարկման մասնակիցներից բլոգերներ Վահագն Մխոյանը եւ Արմեն Հովհաննիսյանը պնդել են, որ հարկավոր է պահել տեղեկատվության գաղտնիության սահմանները` ելնելով Ազգային անվտանգության ռազմավարությունից, իսկ ՀԿ անդամներ Արթուր Սաքունցն ու Ծովինար Նազարյանն այն կարծիքն են արտահայտել, որ լռելու դեպքում հնարավոր չի լինի պայքարել երկրի ներսում առկա բացասական երեւույթների դեմ:

 

“Մենք ազատ ենք եւ կարող ենք խոսել ամեն ինչի մասին, սակայն միայնակ չենք` կան համակեցության կանոններ եւ անվտանգության խնդիրներ , օրինակ` կապված բանակի հետ, վերջինիս մասին ես կնախընտրեի լռել` ելնելով իմ անձնական շահերից”,-ասել է Արմեն Հովհաննիսյանը:

 

«Ցանկացած  պետություն ունի հենասյուներ` բանակը, դատարանը, ոստիկանությունը, եւ, անկախ վերջիններիս «պարունակությունից»,  չեմ ասի որեւէ բան կամ չեմ դիմի որեւէ քայլի, որը կարող է թուլացնել այդ հաստատությունները»,-շարունակել է նա:

 

Իսկ «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ  Ծովինար Նազարյանը պատասխանել է, որ իրենց թիրախը հենց այդ հենասյուների «պարունակությունն» է: «Պետք է պայքարենք, որ բանակում չլինեն մարդասպան սպաներ եւ զինվորներ, իսկ դատարանում չլինեն տնտեսական եւ քաղաքական պատվերներ կատարող դատավորներ», - ասել է նա:

 

Ո՞վ է թշնամին եւ որո՞նք են գաղտնիության սահմանները

 

«Թշնամի բառը կենցաղային մակարդակի է, միգուցե ասենք մրցակից կամ հակառակորդ, որպեսզի չորոշակիացնենք վերաբերմունքը»,-ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

 

«Թշնամին միայն մարտի դաշտում է, ուրիշ տեղ թշնամի չկա»,-ավելացրել է Ծովինար Նազարյանը:

 

Բլոգերներն էլ, չհամաձայնելով վերոնշյալ տեսակետներին, ասել են, որ քանի դեռ չկա հաշտության պայմանագիր, Ադրբեջանը թշնամի է իրենց համար:

 

Արթուր Սաքունցը նաեւ ասել է, որ ինքը չգիտի որեւէ օրենք, որը հստակեցնում է տեղեկատվության գաղտնիության սահմանները: «Ազգային անվտանգության տեսանկյունից  բոլորիս համար գաղտնիության սահմանները պետք է ճանաչելի լինեն», - ասել է նա:

 

«Օրենքը չի սահմանում, թե կոնկրետ ինչը պետք է գաղտնի պահել, սակայն օրենքը սահմանում է այն մեխանիզմները, որոնցով որոշվում են պետական գաղտնիքները: Կառավարությունն առանձին ցուցակ է սահմանում, որից հետո յուրաքանչյուր գերատեսչություն իր հերթին սահմանում է իր ցանկը»,- հստակեցրել է  Վահագն Մխոյանը:

 

Հնարավո՞ր է երկխոսության միջոցով նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

 

«Հայատյացության քարոզն այս պահին Ադրբեջանում այնպիսի մակարդակի է, ինչ արվում էր հրեաների դեմ Ֆաշիստական Գերմանիայում»,-ասել է Վահագն Մխոյանը` վկայակոչելով իր վիրտուալ շփումների փորձը ադրբեջանցիների հետ: Բլոգերի կարծիքով երկխոսություն հնարավոր կլինի, եթե Ադրբեջանը դադարեցնի սպառնալիքները եւ սպառազինությունների մրցավազքը:

 

«Չպետք է մեր թշնամուն գայթակղենք մեր թուլությամբ: Հավատում եմ` վաղ թե ուշ հաշտություն կլինի, սակայն այն չպետք է լինի մեր ազգային եւ պետական շահերի հաշվին»,- իր հերթին ընդգծել է  Արմեն Հովհաննիսյանը:

 

Արթուր Սաքունցի կարծիքով, պատերազմի գործոնների դեմ հարկավոր է պայքարել խաղաղասիրական նախաձեռնություններով, իսկ Ծովինար Նազարյանի կարծիքով` «ժողովրդավար երկիր ստեղծելով, որի հարգված քաղաքացին հանդուրժող կլինի հակառակորդի նկատմամբ»:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին