Գերեզմանների տարածքը սպառվում է, իսկ դիակիզարան կառուցելու հարցն անորոշ վիճակում է - Mediamax.am

exclusive
3522 դիտում

Գերեզմանների տարածքը սպառվում է, իսկ դիակիզարան կառուցելու հարցն անորոշ վիճակում է


Լուսանկարը` http://web.tradekorea.com

Լուսանկարը` http://4.bp.blogspot.com


2006թ. նոյեմբերի 23-ին ընդունված “Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի (“Հուղարկավորությունների իրականացումը”) 1-ին կետի համաձայն` մեր երկրի տարածքում հուղարկավորությունն իրականացվում է մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով:

 

Օրենքի ուժի մեջ մտնելուց մինչ օրս բազմաթիվ քննարկումներ են ընթանում. հասարակության մի մասը դրական է համարում դիակիզումը, մյուսներն այն հակաքրիստոնեական են համարում, իսկ քննարկման սեղանից դուրս է մնում այն փաստը, որ մեզանում բացակայում է դիակիզարան կոչվածը: Մեդիամաքս-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է Երեւանի քաղաքապետարանի “Բնակչության հատուկ սպասարկում” ՓԲԸ ինժեներ Ռազմիկ Հարությունյանի եւ Քաղաքաշինության նախարարության բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ Սամվել Սրապյանի հետ:

 

“Կառավարության 2008թ. սեպտեմբերի 3-ի որոշման համաձայն, դիակիզարան նախագծելու հետ կապված հարցերը պետք է կարգավորի քաղաքաշինության նախարարությունը: Երեւանի քաղաքապետարանն իր կողմից ներկայացրել է բոլոր անհրաժեշտ պարագաները: Քաղաքաշինության նախարարությունը պետք է կազմի նախագիծ եւ ներկայացնի կառավարություն: Դիակիզարանը լինելու է քաղաքի ծայրամասում, որի հեռավորությունը բնակելի հատվածից պետք է լինի 3 կմ-ից ոչ պակաս”,- Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետարանի “Բնակչության հատուկ սպասարկում” ՓԲԸ ինժեներ Ռազմիկ Հարությունյանը:

 

“ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 4-ի նիստի N36 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած “Բնակչության հատուկ սպասարկման ծառայությունների համակարգի առողջացման, աշխատանքների թափանցիկության, դիակիզարանների ստեղծման միջոցառումների ծրագրի” հավելվածի 8-րդ կետի հանձնարարականի համաձայն, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2008թ. նոյեմբերին մշակել եւ ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել Երեւան քաղաքում դիակիզարանի շինարարության համար նախագծային աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը”,- Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Քաղաքաշինության նախարարության բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ Սամվել Սրապյանը:

Կո՞ղմ եք Հայաստանում դիակիզարանի կառուցմանը:

“Սակայն, միջոցների սղության պատճառով, դիակիզարանի նախագծման եւ շինարարության համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն նախատեսվել եւ կառավարության 2009թ. փետրվարի 19-ի նիստի N8 արձանագրային որոշմամբ նախորդ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել”,- նշել է Սրապյանն ու կարծիք հայտնել, որ նախընտրական շրջանից հետո հարցը կառավարությունում կրկին կքննարկեն:

Նա պատմել է, որ դիակիզարանի կառուցման համար նախատեսվում էր հատկացնել շուրջ 17 մլն դրամ Երեւան քաղաքում` Աջափնյակ համայնքում նոր գերեզմանատան համար հատկացված 53 հա մակերեսով հողատարածքում դիակիզարանի շինարարությունն իրականացնելու նպատակով: Խոշորացված հաշվարկներով դիակիզարանի շինարարության արժեքը, ներառյալ սարքավորումները, կկազմեր 700 մլն դրամ, որը կհստակեցվեր նախագծային աշխատանքների ավարտից հետո:

 

Ռազմիկ Հարությունյանի փոխանցմամբ, Երեւանում այսօր կա 21 գերեզմանատուն` ներառյալ Կոմիտասի անվան պանթեոնը, որոնք միասին գրավում են 540 հա տարածք: “Դրանցից 17-ը հագեցած են, Կոմիտասի անվան պանթեոնը, որպես հատուկ կարգավիճակ ունեցող, հաշվարկից դուրս է, իսկ մյուս 3-ի` Շենգավիթի, Սպանդարյանի եւ Աջափնյակի գերեզմանատների հողերը բոլորը միասին թաղումների համար կարող են բավարարել 4, առավելագույնը` 5 տարի”:

 

Դիակիզարան կառուցելու դեպքում դիակիզումը կլինի կամավոր սկզբունքով: Ինչպես նշվում է կառավարության որոշման մեջ, դիակիզման արդյունքում աճյունից առաջացած մոխիրը պետք է տեղափոխվի 20 սմ բարձրություն եւ 15 սմ տրամագիծ ունեցող, չփտող մետաղից պատրաստված աճյունասափորի մեջ:

 

“Եթե հաշվենք, որ մի գերեզմանատան համար այսօր հատկացվում է 12 քմ հողատարածք, ապա տոհմական գերեզմանատուն կառուցելու դեպքում այդ 12 քմ-ում միայն մեկ շարքում կարելի է տեղավորել 20-29 սափոր: Նախատեսվում է նաեւ դիակիզարանի տարածքում ունենալ հուշապատ, որում կլինեն համապատասխան խորշեր` աճյունասափորները տեղավորելու համար, ինչը եւս կախված է հանգուցյալի հարազատի ցանկությունից”,- նշել է Ռազմիկ Հարությունյանը:

 

Ինչ վերաբերում է քրիստոնեական կրոնին դեմ լինելուն, ինժեներն ասում է, որ շուրջ 14 350 դիակիզարան կա աշխարհի մի շարք զարգացած երկրներում, այդ թվում Գերմանիայում, Անգլիայում, Չեխիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում:

 

Ռազմիկ Հարությունյանը հիշում է. “1975-ին կառավարությունն որոշում ընդունեց, որում շոշափվում է դիակիզարան կառուցելու հարցը: 1985-ին ես աշխատում էի քաղխորհրդում` կոմունալ վարչությունում: Երեւաննախագիծ ինստիտուտին վճարեցինք դիակիզարանի նախագծային աշխատանքների համար, երկու անգամ քննարկում գնաց այս թեմայով, բայց 1990-ականներից հետո այս հարցը անավարտ մնաց: Դիակիզարան դեռ այն ժամանակ էր պետք: Եթե 1986-ին, երբ ունեինք հող, համապատասխան տարածք, թիկունքում կար հզոր սովետական պետություն, հարց բարձրացվեց, ապա այսօր պետք է ավելի շատ մտածել այդ մասին. չկա տարածք, հողերը սպառվում են:

 

1986-ին “Երեկոյան Երեւան” թերթում հայտարարություն եղավ. “Երեւանում կառուցվելու է դիակիզարան, խնդրում ենք Ձեր կարծիքը”: Մեկ ամսվա ընթացքում մոտ 500 դիմում ստացանք տարբեր քաղաքացիներից, այդ նամակներն ես եմ բացել. քաղաքացիները մահից հետո դիակիզարանում կիզվելու ցանկություն էին հայտնում: Այս գործընթացը թող սարսափելի չթվա մարդկանց: Երբ տեսնեն, որ գրպանին է հարմար, օդն է մաքուր, սանիտարական նորմերն են պահպանվում, եւ հարուստը կգնա, եւ աղքատը”:

 

Եթե առաջիկա 5 տարիների ընթացքում Երեւանում դիակիզարան չկառուցվի, իսկ ազատ գերեզմանատների տարածքները սպառվեն, Ռազմիկ Հարությունյանը դժվարանում է ասել, թե որտեղ կլինեն հուղարկավորությունները: Նա մտավախություն ունի, որ մարդիկ կարող է թաղեն հարազատներին դրա համար չնախատեսված վայրերում:

 

Ինժեների համոզմամբ, դիակիզումը կբերի սանիտարական եւ էկոլոգիական վիճակի կտրուկ բարելավման, շրջակա միջավայրը կդարձնի անվտանգ, պատշաճ մակարդակի կբերի հուղարկավորման էսթետիկան, կիջեցնի հանգուցյալի հարազատների սթրեսային վիճակը. “Սա զարգացած պետության նշան է”, ասում է նա:

 

Սիրանուշ Եղիազարյան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին