Սահմանամերձ Շվանիձորը կարող է «արվեստի գյուղ» դառնալ - Mediamax.am

exclusive
1320 դիտում

Սահմանամերձ Շվանիձորը կարող է «արվեստի գյուղ» դառնալ


Լուսանկարը` Կարեն Անթաշյան

Լուսանկարը` Մարինե Մանուչարյան

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն»

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն»

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն»

Լուսանկարը` ՝«Մշակույթների երկխոսություն»

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն»


Հայաստանի հարավի ամենահեռավոր գյուղերից Շվանիձորը այցելուներ շատ չի ունենում։ Բայց ովքեր հաղթահարում են այդ հեռավորությունը, հայ-իրանական սահմանին բացահայտում են Հայաստանի հին ու գեղեցիկ բնակավայրերից մեկը։

Թզի, նռան ու կիվիի առատ բերքով շվանիձորցիները էլ չեն հպարտանում. հիմա հերթը արեւադարձային մրգերինն է։ Ասում են՝ այստեղ եթե նույնիսկ քարի վրա սերմ գցես, կաճի։ Ու նաեւ դրա շնորհիվ Շվանիձորը Հայաստանի այն քիչ բնակավայրերից է, որտեղից արտագնա աշխատանքի մեկնողներ գրեթե չկան։

Լուսանկարը` Կարեն Անթաշյան

Շվանիձորում 17-րդ դարի ջրանցույցը՝ կամուրջ-ջրատար, եկեղեցի, խաչքարեր, հին կամուրջ, գյուղատեղիներ կան, հին դպրոցի պատերը, որտեղ Րաֆիին է դասավանդել, դեռ կանգուն են։

 

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը վաղուց էր ցանկանում Շվանիձորը ժամանակակից արվեստի կենտրոն դարձնել։ Գաղափարին վերադարձան 2020 թվականի պատերազմից հետո։

«Սյունիքում որեւէ նախաձեռնությամբ հանդես գալու ցանկությունն ավելի ամրապնդվեց, երբ Սյունիքի մարզն ու, մասնավորապես, Մեղրի համայնքը դարձան շահարկման առարկա։ Մենք ցանկանում ենք Սյունիքում ժամանակակից եւ միջազգային չափանիշներին համապատասխան մի կենտրոն ստեղծել, որը հնարավորություն կընձեռի միջազգային արվեստագետներին եւ մշակույթի ոլորտի մարդկանց գալ այդտեղ, իրենց գիտելիքով կիսվել, փորձ փոխանակել՝ դրանով այդ գյուղը ճանաչելի դարձնել միջազգային հանրության համար։ Աշխարհի ցանկացած բնակավայր, որն այսօր սիրված է կամ որի մասին անընդհատ հիշատակվում է, կա՛մ միջազգային փառատոն է իրականացնում, կա՛մ որեւէ հայտնի արվեստագետի ծննդավայր է»,-ասում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային Բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն»

Կազմակերպության անդամներն 2023 թվականին Մեղրիի համայնքապետին ներկայացրել են իրենց նախաձեռնությունը, Շվանիձոր գյուղում ընտրել ժամանակակից արվեստի կենտրոն ստեղծելու համար անհրաժեշտ տարածքներ։ Դրանք համայնքապետարանը տրամադրելու է անհատույց՝ որպես ներդրում համայնքի կողմից։

 

Սոնա Հարությունյանն ասում է, որ նախատեսում են ամբողջ Շվանիձորը դարձնել ժամանակակից արվեստի կենտրոն, բայց սկզբի համար առանձնացրել են 7 տարածք։

 

«Դրանցից ամենակարեւորը Շվանիձորի մշակույթի տունն է, որը, կարծես, Խորհրդային միության ուրվականը լինի Շվանիձորում։ Հարդարանքը, վերանորոգումը, որ այդպես քարացել-մնացել են, արտահայտում են խորհրդային շրջանի մտածելակերպն ու գեղագիտական մոտեցումը։ Պետք է ոչ թե վերացնել, այլ՝ վերականգնողական աշխատանքներ տանել այդ շունչը պահպանելու համար։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն»

Մշակույթի տան ներսում գտնվող դուռը թույլ է տալիս անմիջապես մուտք գործել եկեղեցի, որը խորհրդային տարիներին ամբար է եղել։ Մշակույթն ու եկեղեցին մի ընդհանրության մեջ, մի ընդհանուր մուտքով փաստում են, որ կրոնն ու մշակույթն այդ սահմանամերձ գյուղի համար եղել են ազգային ինքնության պահպանման կարեւոր գործոններ։

 

Այդ 7 տարածքներից կարեւորությամբ երկրորդը Շվանիձորի գործարանի շենքն է, որը Խորհրդային Միության ժամանակ ուղղաթիռների համար բացառիկ դետալներ է արտադրել։ Երեք հարկանի շենք է՝ Շվանիձորին բնորոշ փայտե ծածկերով»։

 

Այս երկու շինությունները միայն վերանորոգման եւ արդիականացման կարիք ունեն։ Ընտրված մյուս տարածքների թվում նաեւ հին դպրոցի շենքն ու բնակելի տներ են։

Լուսանկարը` ՝«Մշակույթների երկխոսություն»

Ժամանակակից արվեստի կենտրոնը նախագծում է snkh ճարտարապետական արվեստանոցը՝ Աշոտ եւ Արմինե Սնխչյանների ղեկավարությամբ։ Շվանիձոր բնակավայրի վիզուալ դիմագիծը ձեւավորելու է գրաֆիկ-դիզայներ Սարգիս Անտոնյանը։ Նախագիծն ունենալուց հետո կկազմեն բյուջե։ Բայց մինչ այդ, արդեն սկսել են գործընկերներ ու ֆինանսավորում փնտրել։ Սոնա Հարությունյանն ասում է, որ նախագիծն ընդգրկվել է Եվրամիության «Դիմակայուն Սյունիք» ծրագրում ու որոշակի աջակցություն կստանա։ Շվանիձորի նախագծով հետաքրքրված են Հայաստանում Գերմանիայի, Շվեյցարիայի, Իրանի դեսպանատները, Ավստրիական զարգացման գործակալությունը։ Բանակցություններ են ընթանում նաեւ մասնավոր կառույցների հետ։

Լուսանկարը` Մարինե Մանուչարյան

«Չխաթարելով պատմական դիմագիծը՝ մենք Շվանիձորը դարձնելու ենք արվեստի գյուղ, միջազգային հայտնի ձեւակերպմամբ՝ art village։ Լինելու է առանձին ցուցասրահ, որը նաեւ թանգարանային գործառույթ է կատարելու՝ ժամանակավոր եւ մշտական ցուցադրությունների համար։ Նախագծվում է կեցավայր արվեստագետների համար։ Մշակույթի տունն օգտագործվելու է որպես դահլիճ՝ հանդիպում-քննարկումների, համաժողովների, կինոդիտումների համար։ Մյուս տարածքները լինելու են արվեստի կոնկրետ ճյուղերի՝ գեղանկարչության, գեղարվեստական տպագրության, լուսանկարչության, քանդակագործության մասնագիտական արվեստանոցներ, որտեղ աշխատելու են միջազգային վարպետներ։ Վարպետության դասեր են անցկացնելու այնպիսի հնչեղ անուններով մասնագետներ, որ ոչ միայն Շվանիձորից, Մեղրի համայնքից, այլեւ, կարծում եմ, ամբողջ Սյունիքից ու Երեւանից կգան դրանց մասնակցելու»։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն»

Սոնա Հարությունյանն ասում է՝ շատ հուզիչ է Շվանիձորի բնակիչների արձագանքը։ Սկզբում թերահավատորեն էին մոտենում իրենց նախաձեռնությանը՝ եկան, խոստացան, գնացին։

 

«Երբ ժամանեցինք Շվանիձոր, մեզ ասացին, որ վերջին ժամանակահատվածում մենք միակն ենք, որ այցելել ենք իրենց։ Երբ շրջում էինք գյուղով, հետզհետե մեր խումբը մեծանում էր, անընդհատ նոր մարդիկ էին միանում։ Այցելությունից հետո ամբողջ Շվանիձորը Ֆեյսբուքով մեզ ընկերության հայտ ուղարկեց։ Դպրոցի ուսուցիչներն են գրում, հարցնում, թե ինչով կարող են օգնել։ Շատ տխրեցնող է, որ մենք տարիների շարունակ Սյունիքի մարզն ու, մասնավորապես, այդ բնակավայրն անտեսել ենք»։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն»

Ամռանը Շվանիձորում կհյուրընկալեն նախագծի շրջանակում Հայաստան ժամանած դանիացի լուսանկարիչ Մարտին Թուրլոֆին։ Նա երեք ամիս ապրելու եւ ստեղծագործելու է Շվանիձորում՝ ստեղծելով գյուղի դիմանկարը։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին