Արեւիկ Ավանեսյան. Երիտասարդ վավերագրողները պատմում են Հայաստանի այսօրը - Mediamax.am

exclusive
1361 դիտում

Արեւիկ Ավանեսյան. Երիտասարդ վավերագրողները պատմում են Հայաստանի այսօրը


Կադրը՝ «1489» ֆիլմից
Կադրը՝ «1489» ֆիլմից
Արեւիկ Ավանեսյանը
Արեւիկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեւիկ Ավանեսյանը
Արեւիկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեւիկ Ավանեսյանը
Արեւիկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կադրը՝ «Ավլելով Երեւանը» ֆիլմից
Կադրը՝ «Ավլելով Երեւանը» ֆիլմից
Կադրը՝ «Շրջափակում/Blocus» ֆիլմից
Կադրը՝ «Շրջափակում/Blocus» ֆիլմից
Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկը եւ փաստաբանը» ֆիլմի պաստառը
Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկը եւ փաստաբանը» ֆիլմի պաստառը
Կադրը՝ «Թոնրատուն» ֆիլմից
Կադրը՝ «Թոնրատուն» ֆիլմից

Վերջին տարիներին հայկական վավերագրական ֆիլմերը լուրջ հաջողություններ են ունենում միջազգային կինոփառատոններում։ Սրան զուգահեռ, տեղական լսարանը միշտ չէ, որ տեղյակ է նկարահանվող կամ արդեն նկարահանված ֆիլմերի մասին։

 

Հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու, ինչպես նաեւ կինոարտադրությունը զարգացնելու նպատակով ոլորտի մի քանի ներկայացուցչի կողմից ստեղծվել է «Պլատֆորմդոկ» հարթակը, որը 2023թ. սեպտեմբերից ամիսը մեկ կազմակերպում է անվճար կինոդիտումներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։

 

«Պլատֆորմդոկի» համահիմնադիր, «Եվրասիադոկ» հարթակի հայաստանյան ներկայացուցիչ, պրոդյուսեր Արեւիկ Ավանեսյանը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է կինոդիտումների մասին ու կիսվել՝ ինչի մասին է այսօրվա հայկական վավերագրական կինոն։

 

Վավերագրական կինոյի արտադրությունը «տեղից շարժվեց»

 

«Պլատֆորմդոկը» մի քանի մարդու մտքում ծնված հարթակ է, որի նպատակն է զարգացնել վավերագրական կինոարտադրությունը։ Մինչ այս ես եղել եմ ու կշարունակեմ լինել «Եվրասիադոկ» հարթակի ներկայացուցիչը Հայաստանում, որն օգնում է տեղացի հեղինակներին զարգացնել ու միջազգային մակարդակի հասցնել սեփական կինոնախագծերը: Նմանատիպ հարթակներ կան նաեւ այլ տարածաշրջաններում, օրինակ՝ «Աֆրիկադոկը», «Լատինական Ամերիկադոկը»։ Կարեւոր է, որ այս հարթակի մյուս կողմում ֆրանսիական DocMond կազմակերպությունն է, որի նպատակն է ոչ թե Հայաստանում հետաքրքիր պատմություններ գտնել, բերել ֆրանսիացի ռեժիսոր, որը դրանք կնկարի, այլ՝ աջակցել տեղացի հեղինակներին։

Արեւիկ Ավանեսյանը Արեւիկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եվրասիադոկ» ծրագրի աջակցությամբ արդեն իսկ նկարահանվել են տասնյակ որակյալ ֆիլմեր, որոնք հնարավոր է դիտել մեր ամենամսյա ցուցադրությունների ժամանակ։

 

Կարող եմ ասել, որ «Եվրասիադոկի» շնորհիվ Հայաստանում վավերագրական կինոարտադրությունը «տեղից շարժվեց»։ Միեւնույն ժամանակ, անընդհատ լինելով ոլորտում, ինչ-որ պահի հասկացա՝ պետք է մի քիչ ավելի լայն նայել ու չկառչել միայն այս ծրագրից։ Այդ նպատակով էլ հիմնադրեցինք «Պլատֆորմդոկ» հարթակը։ Այլ կերպ ասած՝ «Եվրասիադոկը» շարունակում է լինել մեզ աջակցող կարեւորագույն ծրագիր ու այսուհետ մաս կկազմի ավելի լայն՝ «Պլատֆորմդոկ» հարթակի։ Աշխարհում վավերագրական կինոյին աջակցող բազմաթիվ ծրագրեր կան ու կարելի է աշխատել դրանցից շատերի հետ։

 

«Հաճախ դահլիճում տեսնում եմ նույն դեմքերը»

 

Քանի որ «Եվրասիադոկ» ծրագրով 2018թ.-ից առ այսօր արդեն տասից ավելի ֆիլմ է նկարահանվել, մտածեցինք՝ լավ կլինի կազմակերպել հետահայաց ցուցադրություններ: Այս հարցում մեզ օգնեց Հայաստանում բացված Ֆրանսիական ինստիտուտն ու ՀԲԸՄ-ն, որի դահլիճում էլ տեղի են ունենում ցուցադրությունները։

 

Որոշվեց ամիսը մեկ ֆորմատը, որն ինձ շատ դուր եկավ. երբ ցուցադրություններն ավելի խիտ են, օրինակ՝ մեկ շաբաթվա ընթացում, հանդիսատես հավաքելն ավելի դժվար է: Այս ձեւաչափին մարդիկ արդեն սովորել են ու կինոսերների համար սա արարողության նման մի բան է դարձել։ Հաճախ ցուցադրությունների ժամանակ տեսնում եմ նույն դեմքերը։ Անցյալ ամիս ցուցադրել ենք Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ու դահլիճը լիքն էր, այս ամսվա ցուցադրությունը կլինի ապրիլի 30-ին, դիտելու ենք ռեժիսոր Արման Այվազյանի կարճամետրաժ ֆիլմերը, որոնցից մեկն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տեղի հայկական խաչքարերի փրկության մասին պատմող «Քար» ֆիլմն է։

 

Ամենամսյա ցուցադրություններից հետո շատերը զարմանում են՝ «ո՞նց, Հայաստանում վավերագրական կինո կա, այն էլ՝ այսքան որակյալ»։ Այո՛, վերջին 5-6 տարվա ընթացքում մոտ 20 ֆիլմ է նկարահանվել, որոնցից շատերը նշանակալի հաջողությունների են հասել միջազգային կինոփառատոններում։ Ցավոք, դրանց մասին քչերը գիտեն ու սա նաեւ մեր՝ ոլորտի ներկայացուցիչների խնդիրն է։ Պետք է պատմել, ներկայացնել, ցուցադրել։

Արեւիկ Ավանեսյանը Արեւիկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեղական լսարանի հետ աշխատանքից բացի, ցուցադրությունները կարեւոր են նաեւ հեղինակների համար՝ հասկանալու՝ ինչպես է ֆիլմն ընկալում հանդիսատեսը։ Արտասահմանում կա «ստուգարքային ցուցադրություններ» (focus screenings) հասկացությունը, երբ ֆիլմը դեռ արտադրության փուլում ցուցադրում են ոչ մասնագետ լսարանին ու հետեւում արձագանքներին։ Հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք նաեւ նման ցուցադրություններ կազմակերպել։

 

Ովքեր են Հայաստանում ֆիլմ նկարում

 

Առաջին հերթին այսօր Հայաստանում վավերագրական ֆիլմ նկարում է «Եվրասիադոկ» ծրագրի համայնքը։ Դրա կազմում տասից ավելի հեղինակներ են։ Օրինակ՝ Սոնա Սիմոնյանը, որը ֆիլմ է նկարել իր հարազատ Գյումրի քաղաքի մասին ու այն ընդգրկված էր նաեւ մեր ցուցադրությունների ծրագրում։

 

Մյուս հեղինակն Իննա Մխիթարյանն է իր «Թոնրատուն» ֆիլմով։ Ֆրանսիացիների կողմից այն նոր վերնագիր է ստացել՝ «Հայոց պատմությունը կանանց միջոցով»:

Կադրը՝ «Թոնրատուն» ֆիլմից Կադրը՝ «Թոնրատուն» ֆիլմից

 

Վավերագրական կինոյի մյուս հեղինակը Հովհաննես Իշխանյանն է: Նրա «Սիրունիկը եւ փաստաբանը» ֆիլմը ստացել է Լայպցիգի հեղինակավոր DOC կինոփառատոնի արծաթե մրցանակը։ Ֆիլմը տրանսգենդեր կանանց մասին է։ Հովհաննեսը մրցանակը ստացավ 2023թ. հոկտեմբերին եւ բեմից խոսեց Արցախի, դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ մրցանակը նվիրելով բոլոր մարդկանց, որոնց իրավունքներն անտեսվում են։

Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկը եւ փաստաբանը» ֆիլմի պաստառը Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկը եւ փաստաբանը» ֆիլմի պաստառը

 

Մեր մյուս հեղինակն Անժելա Ֆրանգյանն է։ Նա Իննա Մխիթարյանի «Թոնտարոտուն» ֆիլմի պրոդյուսերն է եւ ունի նաեւ իր հեղինակային նախագիծը՝ «Թթի տնական օղի»-ն։ Ֆիլմի հիմքում 44-օրյա պատերազմի օրերին ու հետագայում նաեւ Արցախի բլոկադայի ընթացքում արված նկարահանումներն են։ Հեղինակներից է նաեւ Լիլիթ Մխիթարյանն, ում նախագիծը Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում ապրող ընտանիքի մասին է։ Այժմ նա ունի նոր նախագիծ Մարգարա գյուղի մասին, որով անցնում է հայ-թուրքական սահմանը։

 

Այս բոլոր նախագծերը շատ մեծ ներուժ ունեն եւ դարձել են կամ կարող են դառնալ հաջողված ֆիլմեր:

 

«Մարդուն սկսել է հետաքրքրել սովորական մարդը»

 

Վերջին տարիներին հայկական վավերագրական ֆիլմերի հաջողությունների հիմքում մի կարեւոր գործոն կա։ Նախկինում, երբ հեղինակները գալիս էին ու ներկայացնում իրենց նախագիծը՝ փորձելով ֆինանսավորում կամ այլ աջակցություն ստանալ, պատմությունների մեծ մասն անցյալից էր։ Ամեն երկրորդ նախագծում կա՛մ Ցեղասպանությունն էր, կա՛մ մութ ու ցուրտ տարիները, կա՛մ Արցախյան առաջին պատերազմը։ Թեկուզ միայն նկարահանման տեսանկյունից հարց էր առաջանում՝ ինչպե՞ս է հեղինակը պատմելու անցյալի իրադարձությունների մասին, չի կարող չէ՞ ամբողջ ընթացքը կառուցել հարցազրույցների կամ արխիվային կադրերի վրա։ Այսինքն, բացի այն, որ հեղինակները պատրաստ չէին խոսել այսօրվա մասին, կաղում էին նաեւ արտահայտչամիջոցները: Հիմա այս միտումը փոխվել է։

 

Երիտասարդ վավերագրողները պատրաստ են պատմել մեր այսօրը։ Օրինակ՝ Նաիրի Հախվերդին նկարահանել է «Ավլելով Երեւանը» ֆիլմը՝ պատմելով մի կնոջ մասին, որն ամեն օր արթնանում է, հավաքվում ու սկսում մաքրել մայրաքաղաքի փողոցները։ Սա մի սովորական կնոջ սովորական օր է, բայց հասկանում ես՝ ինչու է այս ֆիլմը գրավում նաեւ արտասահմանցիներին։ Որովհետեւ նույն Ֆրանսիայում էլ կարող է լինել նման կին ու ֆիլմի փոխանցած զգացողությունները հարազատ են շատերին։

Կադրը՝ «Ավլելով Երեւանը» ֆիլմից Կադրը՝ «Ավլելով Երեւանը» ֆիլմից

 

Առհասարակ համաշխարհային միտում է, որ մարդուն սկսել է հետաքրքրել սովորական մարդը։ Նախկինում ֆիլմերի հաջողության հիմքում աստղային դերասանական կազմն էր, այսօր՝ անկեղծությունը, պարզությունը։ Մարդիկ ամենից շատ դիտում են սովորական մարդկանց վլոգեր, քանի որ էկրանին իրենց նման մարդ է, որը ցույց է տալիս հաճախ իրենց կյանքին նման կամ մոտ կյանք։

 

Վերջին տարիներին Եվրոպան նաեւ հատուկ ուշադրություն է դարձնում կանանց, նրանց պատմություններին, կին հեղինակներին։ Օրինակ՝ էլի «Եվրասիադոկի» աջակցությամբ հեղինակ Հակոբ Մելքոնյանը նկարահանել է «Շրջափակում/Blocus» ֆիլմը, որը պատմում է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում ապրող մի ընտանիքի մասին։ Ընտանիքի տունն ամենամոտն է սահմանին, իսկ հայրը զինվորական է։

Կադրը՝ «Շրջափակում/Blocus» ֆիլմից Կադրը՝ «Շրջափակում/Blocus» ֆիլմից

 

Ֆիլմի հիմքում գաղափարն է, որ զինվորական հայրն ամեն անգամ դիրքերից հետ է նայում ու առաջինը տեսնում է սեփական տան պատուհանների լույսը։ Շատ հետաքրքիր ու հաջողված ֆիլմ է, բայց դրա առաջխաղացմանը մի քանի գործոն խանգարեց։ Նախ՝ կորոնավիրուսի համավարակը, որի ընթացքում պետք է տեղի ունենար ֆիլմի փառատոնային տարածումը։ Երկրորդ՝ ստեղծագործական կազմի բոլոր անդամները տղամարդիկ են։ Համոզված կարող եմ ասել՝ եթե ֆիլմի հեղինակը կին լիներ, կինոփառատոնների ընթացում դրա հաջողությունները շատ ավելի նկատելի կլինեին:

 

Իհարկե, բովանդակության փոփոխությունից բացի, հայկական վավերագրական կինոյի զարգացմանը նպաստող կարեւորագույն գործոն է նաեւ «Եվրասիադոկի» ու տարածաշրջանային նման այլ հարթակների գործունեությունը։

 

Վավերագրական կինոյի խնդիրները

 

Ցավալի է, բայց Հայաստանում ֆիլմերը չեն վաճառվում: Բոլոր հեռուստաընկերությունները պատրաստ են դրանք անվճար ցուցադրել, բայց ոչ մեկ չի ցանկանում որոշակի գումար վճարել եւ գնել ֆիլմը։ Ընդ որում, խոսքը հեռուստաընկերության համար փոքր, իսկ հեղինակի համար՝ կարեւոր եւ նշանակալի գումարի մասին է։ Մարդիկ պատրաստ չեն վճարել նաեւ ֆիլմը նայելու համար։ Այստեղ մեր թերացումն էլ կա։ Պետք է հետաքրքրել, գրավել մարդկանց։ Ամենամսյա ցուցադրությունները նաեւ այդ նպատակն ունեն։ Գուցե, ոլորտին ավելի լավ ծանոթ լինելով, հետագայում մարդիկ պատրաստ կլինեն մասնակցել նաեւ վճարովի ցուցադրությունների։ Առհասարակ, ցանկացած բան կգտնի իր գնորդին ճիշտ մարքեթինգի դեպքում։ Բայց կա նաեւ ֆինանսների խնդիր։ Հայաստանում վավերագրական ֆիլմ նկարահանելու համար հեղինակը մի կերպ գումար է գտնում արտադրության համար ու այս պայմաններում ավելորդ է խոսել հետագա տարածման, PR-ի, փառատոնների գնալու մասին: Հաճախ ֆիլմն ընդգրկվում է այս կամ այն միջազգային փառատոնում, եւ հեղինակը պարզապես չի կարողանում գնել տոմս, հոգալ կեցության ծախսերն ու մասնակցել փառատոնին։ Ամբողջ աշխարհում ֆիլմարտադրության ոլորտում կա զարգացման բյուջե հասկացություն, որով հեղինակը հոգում է ֆիլմը զարգացնելու, կինոշուկաներ գնալու, մասնագիտական քննարկումների մասնակցելու ծախսերը: 

 

Բարեբախտաբար, 2020թ.-ից Հայաստանի Ազգային կինոկենտրոնը տալիս է նման բյուջե ստանալու հնարավորություն։ Իհարկե, միայն լիամետրաժ ֆիլմերի դեպքում ու ոչ շատ մեծ գումար, բայց սա դրական տեղաշարժ է։ Կարեւոր է հասկանալ, որ այսօր հեղինակը ֆիլմը վաճառում է դեռ զարգացման փուլում։ Տարատեսակ միջազգային քննարկումների, հանդիպումների, ֆորումների ժամանակ դու հետաքրքրություն ես ստեղծում նախագծիդ նկատմամբ եւ սրա արդյունքում է, որ հետո ունենում ես վաճառք ու պրեմիերա X հեղինակավոր փառատոնում։ Եթե այս փուլերը բաց ես թողնում, քո համար «տանը նստած» ֆիլմ ես արտադրում, հետո չես կարող լուրջ հաջողություններ ակնկալել։  

 

Ֆինանսական առումով մի հետաքրքիր միտում կա։ Երբ Հայաստանում նկարահանում ես լիամետրաժ վավերագրական ֆիլմ եւ ասում, որ դրա բյուջեն 50 հազար եվրո է, տեղացիներն արձագանքում են՝ «ի՞նչ ես նկարում որ, ո՞նց ես այդքան փող գտնելու»։ Բայց երբ նույն թիվն ասում ես եվրոպական կինոշուկայում, քեզ հետ նույնիսկ չեն ցանկանում շարունակել զրույցը, որովհետեւ «այդ փոքր գումարով հնարավոր չէ որակյալ ֆիլմ նկարահանել»։ Այդտեղ պետք է սկսես զրույցն առնվազն 200 հազար եվրո բյուջեից եւ նույնիսկ կապ չունի՝ ինչքան է այն իրականում (ծիծաղում է – հեղ.)։ Հաճախ ստիպված «նկարում ենք» մեծ թվեր, որպեսզի միջազգային շուկայում կարողանանք խոսել իրենց լեզվով։

Արեւիկ Ավանեսյանը Արեւիկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

50 հազար եվրոն իսկապես փոքր թիվ է որակյալ վավերագրական ֆիլմի համար, երբ տարիներով կիսում ես հերոսներիդ կյանքն ու ամբողջ ընթացքում նկարահանումներ անում։ Կարեւոր է հասկանալ՝ վավերագրական ֆիլմը տխուր մեղեդիի տակ մոնտաժված մեկ հարցազրույց չէ։ Դա տարիների լուրջ աշխատանք է։

 

«Շողակաթի ֆիլմը հասնում է մինչեւ ոսկորներդ»

 

Վերջին շրջանում վավերագրական կինոյի ոլորտում մեր ամենամեծ հաջողությունը Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմինն է, որում հեղինակը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված եղբոր որոնումների մասին։

 

 

Կարծում եմ՝ այս ֆիլմի ֆենոմենը մինչեւ ոսկորներ հասնող անկեղծությունն է: Ֆիլմեր կան, որոնք մտնում են մաշկիդ տակ ու ընդհանրապես կապ չունի՝ ազգությամբ հայ ես, ֆրանսիացի, թե՝ գերմանացի։ Ֆիլմում չկա ոչ մի քաղաքական շերտ կամ ավելորդ զարդարանք։ Միայն առավելագույն անկեղծություն, որը հնարավոր է դարձել նաեւ հեռախոսով նկարահանումների շնորհիվ։ Կարծում եմ՝ եթե այդ պահին ընտանիքի տուն մտներ պրոֆեսիոնալ նկարահանող խումբ, տեսախցիկ, անմիջականության գործոնը կկոտրվեր։

Կադրը՝ «1489» ֆիլմից Կադրը՝ «1489» ֆիլմից

 

Շողակաթի ընտանիքն իրոք ֆենոմենալ է, ասես՝ կտավից դուրս եկած լինի. արվեստագետների դասական օրինակ։ Նույնիսկ այդ սարսափելի ցավի ու ապրումների մեջ տեսնում ես՝ որքան լուսավոր են այդ մարդիկ: Եվ, իհարկե, ֆիլմի հաջողության հիմքում նաեւ Շողակաթի նպատակն էր։ Նա չէր ուզում ստանալ ֆիլմ, որը ցույց կտար իր ընտանիքի տառապանքը, չէր նկարում այն մրցանակների արժանանալու համար։ Հեղինակը պարզապես ուզում էր ցույց տալ զինվորի հակառակ կողմը, որովհետեւ իր պատմությունը միակը չէ, սա մեկ ընտանիք չէ, մեկ մահ չէ։ Այդպիսի հազարավոր ընտանիքներ կան։

 

Անձամբ ճանաչելով Շողակաթին՝ կարող եմ ասել՝ անասելի ուժեղ մարդ է։ Այս ֆիլմը, երեւի, իր դիմանալու ձեւն էր։ Սարսափելի իրավիճակը ինչ-որ կերպ վերապրելու տարբերակ։

 

Կարծում եմ՝ ֆիլմի հայաստանյան ցուցադրությունները դեռ բերելու են տարբեր կարծիքներ։ Ոմանք ասելու են՝ պետք չէր ցավն այսքան «մերկացնել»։ Հուսով եմ ու ակնկալում եմ, որ նույնիսկ այս կարծիքն ունեցողները կհարգեն հեղինակի որոշումն ու պատմությունը պատմելու ձեւը։ Արտասահմանցիները, որքան էլ ապրումակցում են, բայց նայում են «ուրիշի կինոն»։ Հայերի համար Շողակաթ Վարդանյանի ֆիլմը շատ ծանր է լինելու։  

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին