«Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ եւ իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն - Mediamax.am

1007 դիտում

«Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ եւ իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին:

 

Նա Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության եւ մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության եւ պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման առաջատար կենտրոններից մեկն աշխարհում:

 

Երեք ժամ տեւած փակ քննարկումից հետո «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հրապարակել է որոշումը՝ արժանին մատուցելով բժիշկ Մուկվեգեին՝ խիզախ աշխատանքի եւ մարդու իրավունքների պաշտպանությանը ցուցաբերած նվիրումի համար: Դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ աջակցելով համայնքային առաջնորդներին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:

 

«Բժիշկ Մուկվեգեն իր կյանքը նվիրել է ոչ միայն սեռական բռնության դաժանությունից տուժած կանանց եւ աղջիկների խնամքին, այլեւ անկոտրում պայքար մղել նրանց իրավունքների պաշտպանության համար: «Ավրորայի» համար պատիվ է աջակցել բժիշկ Մուկվեգեին՝ իր առաքելության իրագործման ճանապարհին, որն է՝ օգնել կարիքավորներին, արդարություն պահանջել պատերազմում սեռական բռնության զոհերի համար եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Այս պահին մտածում եմ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի զորության մասին, որի օրինակն են այն բազմաթիվ կանայք, որոնց բուժել եմ: Ծայրահեղ բռնության ենթարկվելուց հետո էլ այս կանայք նորից ոտքի են կանգնում եւ ոչ միայն վերագտնում են իրենց ուժերը, այլեւ օգնության ձեռք մեկնում կարիքավորներին: Ես հիշում եմ մի հիվանդի, որի դեպքը խորապես ազդել էր մեր ողջ անձնակազմի վրա: Բուժվելուց հետո նա վերապատրաստվեց որպես բուժքույր: Ասաց, որ դա անում է, քանի որ ցանկանում է օգնել իր նմաններին»,- նշել է դոկտոր Մուկվեգեն:

 

Հիվանդանոցի ստեղծումից ի վեր բժիշկ Մուկվեգեն եւ նրա թիմն օգնել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սեռական բռնությունից տուժած ավելի քան 80.000 մարդու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին