Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերությունը հայերեն հրատարակել է բրիտանացի լրագրող, Politico պարբերականի թղթակից Գաբրիել Գեւինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գիրքը:
Գաբրիել Գեւինը ականատեսի աչքերով ներկայացնում է իրադարձությունները, որոնք ծավալվել են 2020 թվականի պատերազմից հետո մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի Արցախի հայաթափությունը:
«Կարծում եմ, որ կարգավորման չհասնելը որոշ չափով պայմանավորված էր բավարար ուշադրության բացակայությամբ: Ես դառնորեն հիասթափվեցի 2023 թվականի սեպտեմբերին, երբ, չնայած նախազգուշացումներին, աշխարհը ոչինչ չարեց, երբ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ստիպված լքեց իր տունը: Ինձ համար դա շատ դառը փորձ էր», - ասել էր հեղինակը Մեդիամաքսին տված հարցազրույցում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Գիրքն արդեն հասանելի է Մեդիամաքսի առցանց գրախանութում՝ այն կարելի է 4 500 դրամով ձեռք բերել այս հղումով.
https://premium.mediamax.am/am/books/ashes
Գիրքը կարող եք գնել նաեւ «Բուկինիստ» եւ «Զանգակ» գրախանութների ցանցերում:
Գրքի հրատարակությանն աջակցել են «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկությունն ու Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը:

«Երեք տարվա ընթացքում, երբ հավաքում էի գրքի նյութը, ճանապարհորդել եմ ամբողջ Հայաստանով: Խնձորի օղի եմ խմել Սոտքում, երբ գնդակոծված տները դեռ ծխում էին, հայկական սուրճ եմ խմել Կոռնիձորում՝ Արցախից իրենց ընտանիքի անդամներին սպասող մարդկանց հետ: Սովորական հայերից եւ ադրբեջանցիներից լսած պատմությունները դրդեցին ինձ գրել այս գիրքը եւ ուրախ եմ պատկերացնել, որ նրանցից ոմանք այն կարդալու հնարավորություն կունենան: Այն, ինչ նրանք վերապրել են, պետք է միշտ հիշվի, իսկ հասկանալ այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում, այսօր առավել կարեւոր է, քան երբեւէ», - ասել է Գաբրիել Գեւինը:
Hurst Publishers հրատարակչության ավագ խմբագիր Լարա Վայսվելեր-Վուն, իր հերթին, նշել է.
««Մեր հայրերի մոխիրը» տեղի եւ նրա մարդկանց սուր, հզոր եւ հուզիչ դիմանկար է: Լեռնային Ղարաբաղի մասին գուցե մոռացել են համաշխարհային առաջնորդները, բայց ոչ Գաբրիելի հրաշալի գրքի ընթերցողները եւ շատ ճիշտ է, որ նրանց թվում կլինեն նաեւ այն հայերեն կարդացողները»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: