Սքաութ Թուֆանկջյան. «Բարաք եւ Միշել Օբամաների հարաբերությունները եզակի են» - Mediamax.am

exclusive
16316 դիտում

Սքաութ Թուֆանկջյան. «Բարաք եւ Միշել Օբամաների հարաբերությունները եզակի են»


Լուսանկարը` Scout Tufankjian for Obama for America

Լուսանկարը` Scout Tufankjian for Obama for America

Լուսանկարը` Scout Tufankjian for Obama for America

Լուսանկարը` Scout Tufankjian for Obama for America

Լուսանկարը` Scout Tufankjian/Polaris Images

Լուսանկարը` Scout Tufankjian/Polaris Images

Լուսանկարը` Scout Tufankjian/Polaris Images

Լուսանկարը` Scout Tufankjian/Polaris Images

Լուսանկարը` Scout Tufankjian/Polaris Images

Լուսանկարը` Scout Tufankjian/Polaris Images

Լուսանկարը` Scout Tufankjian/Polaris Images

Լուսանկարը` Scout Tufankjian/Polaris Images

Լուսանկարը` Scout Tufankjian/Polaris Images

Լուսանկարը` from Scout Tufankjian’s official web-site


ԱՄՆ նախագահ վերընտրվելուց հետո Բարաք Օբաման իր Թվիթերում գրեց` «4 more years» եւ տեղադրեց այս նկարը, որտեղ նա սիրով գրկում է իր տիկնոջը` Միշելին: Այդ նկարը դարձավ Օբամայի հաղթանակի խորհրդանիշը եւ re-tweet արվեց ավելի քան 800 հազար անգամ, իսկ Facebook-ում հավաքեց ավելի քան 4.4 մլն «like» ու 582 հազար «share»` սահմանելով ինտերնետի նոր ռեկորդ:

 

Քչերը գիտեն, որ նկարի հեղինակը հայազգի լուսանկարիչ Սքաութ Թուֆանկջյանն է (Scout Tufankjian): Մեդիամաքս-ին տված հարցազրույցում նա պատմել է այն մասին, թե որտե՞ղ եւ ինչպիսի պայմաններում է արվել այդ նկարը, խոսել է Բարաք Օբամայի հետ ճանապարհորդելու մասին, պատմել է Մերձավոր Արեւելքում իր աշխատանքի մասին:

 

- Նախ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ որպես Ինտերնետի պատմության մեջ ամենահանրաճանաչ դարձած լուսանկարի հեղինակի: Պատմեք, որտե՞ղ եւ ինչպիսի՞ պայմաններում է արվել այդ նկարը:

 

- Լուսանկարն արված է Այովա նահանգի Դուբյուք քաղաքում եռօրյա ավտոբուսային շրջագայության վերջին օրը: Այովան միշտ յուրահատուկ վայր է եղել Օբամաների համար: Հենց այստեղ առաջին անգամ իր նախագահական քարոզարշավը արժանացավ ամերիկացիների աջակցությանը: Առաջին տիկինը բացակայում էր շրջագայության առաջին երկու օրերին, եւ իրենք նախագահի հետ չէին տեսել միմյանց ճիշտ մինչեւ այն պահը, որը պատկերված է լուսանկարի վրա:

- Դուք տեղյա՞կ էիք, որ հենց այդ նկարն է նախատեսվում օգտագործել որպես Բարաք Օբամայի հաղթանակի խորհրդանիշ նոյեմբերի 6-ին:

 

- Ոչ, բացարձակապես տեղյակ չեմ եղել դրա մասին: Ընկերը էլեկտրոնային փոստով  տեղեկացրեց ինձ այդ մասին ու եւ ես նույնքան զարմացած էի, ինչպես եւ մնացած բոլորը:

 

Սքաութ Թուֆանկջյանը

 

- Կարո՞ղ էիք պատկերացնել, որ երջանիկ Օբամայի լուսանկարը, որտեղ նա քնքշորեն գրկում է իր տիկնոջը, կդառնա սոցիալական ցանցերի պատմության մեջ ամենահանրաճանաչ լուսանկարը: Այդ առթիվ որոշակի հպարտություն զգո՞ւմ եք:

 

- Դա մեծ պատիվ է ինձ համար, սակայն չեմ կարծում, որ նկարի ճանաչված դառնալը առնչություն ունի այն հանգամանքի հետ, որ ես եմ դրա հեղինակը: Նկարի հանրաճանաչ դառնալն արտացոլում է մարդկանց վերաբերմունքը Օբամայի ընտանիքի նկատմամբ: Ընդ որում, ե՛ւ սովորական մարդկանց, ե՛ւ հանրային գործիչների, ինչը արտահայտվեց քվեարկության գիշերը (Election Night):

- Դուք լուսաբանել եք նախագահի ընտրարշավները սկսած 2006-ից եւ լուսանկարների գիրքն եք թողարկել` “Yes We Can” խորագրով: Անձամբ Ձեզ համար ի՞նչ է նշանակել լուսաբանել Բարաք Օբամայի ճանապարհը սովորական սենատորից մինչեւ նախագահ: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել եւ ի՞նչն էր ամենաոգեւորիչը այդ ընթացքում:

 

- Ես զգում եմ, որ իմ բախտն իսկապես բերել է: Այդ երկու քարոզարշավներն ինձ համար շատ են տարբերվում: 2008թ. ես դեռ ազատ թղթակից էի եւ` լուսանկարելով քարոզարշավը,  բազմաթիվ ֆինանսական խնդիրների առջեւ էի կանգնում: Այս անգամ ես արդեն հաստիքային աշխատող էի եւ կարիք չկար անհանգստանալ այն մասին, որ կարող եմ ինչ-որ միջոցառում բաց թողել ֆինանսական խնդիրների պատճառով:

 

Երկու քարոզարշավներում, այնուամենայնիվ, ամենաոգեւորիչը Օբամայի կողմնակիցների հետ հանդիպումներն էին եւ պատմություններն այն մասին, թե ինչպես է փոխվել նրանց կյանքը: Ամեն օր հանդիպում  էի ընտանիքների, որոնք հնարավորություն ունեցան բժշկական օգնություն ապահովել իրենց հիվանդ երեխաների համար, կամ էլ քոլեջ ընդունեցին երեխաների` առանց սնանկանալու վտանգի: Դա միշտ ամենաոգեւորիչ պահն է եղել նախագահի հետ ուղեւորությունների ժամանակ:

 

Լուսանկարը՝ Scout Tufankjian/Polaris Images.

 

- Ունե՞ք ձեր կողմից արված նախագահի կամ իր ընտանիքի ամենասիրած լուսանկարը:

 

- Իմ սիրած նկարների մեծամասնությունն արված են իր առաջին քարոզարշավի ժամանակ՝ զբոսանքը երեխաների հետ, բիլիարդ խաղալը, Անկախության օրվա խնջույքը: Նախագահի եւ առաջին տիկնոջ իմ սիրած լուսանկարն արված է 2008թ. մարտին Տեխասում, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպիսի սիրով են նրանք նայում միմյանց: Իսկ առհասարակ իմ սիրած լուսանկարը` Հարավային Կարոլինայի փոքր աղջիկների պատկերն է, որտեղ երեւում է իրենց արձագանքը նախագահ Օբամային տեսնելիս: Նախագահն այդ լուսանկարի վրա չկա, սակայն այդ պատկերը շատ հստակ ցույց է տալիս, թե ինչպիսին էր Բարաք Օբամայի առաջին քարոզարշավը:

 

Լուսանկարը՝ Scout Tufankjian/Polaris Images.

 

- Բազմաթիվ մարդիկ ողջ աշխարհով շատ ոգեւորիչ են համարում նախագահի եւ առաջին տիկնոջ հարաբերութունները եւ համեմատում են դրանք մեկ այլ լեգենդար զույգի՝ Ջոն եւ Ջեքի Քենեդիների հետ: Ի՞նչ եք կարծում այդ մասին:

 

- Կարծում եմ, որ Օբամա ամուսինները եզակի են: Անձամբ ես երբեք չեմ համեմատի նրանց Քենեդիների հետ, ում կյանքի իրական պատմությունը շատ ավելի բարդ էր, քան «Լեգենդը Կամելոտ-ի մասին»: Ամենից շատ Օբամաների մեջ ինձ ոգեւորում է այն հանգամանքը, որ դրանք հավասարների հարաբերություններն են` չնայած այն փաստին, որ ամուսինը ԱՄՆ նախագահն է: Դուք կարող եք նրանց սերն ու հարգանքը տեսնել նրանում, թե ինչպես են նրանք խոսում միմյանց մասին կամ ինչպես են նայում միմյանց:

 

- Բացի նախագահական քարոզարշավներից, Դուք նաեւ լուսաբանել եք բազմաթիվ իրադարձություններ Մերձավոր Արեւելքում, այդ թվում «Արաբական գարունը» Եգիպտոսում: Պատմեք մի փոքր այդ փորձի մասին: 

- 4 տարի անցկացրել եմ Գազայի հատվածում (2002-2006 թթ.): Աշխատել եմ Սիրիայում ու Լիբանանում, իսկ վերջերս (2011-2012թթ.)` նաեւ Եգիպտոսում: Եգիպտական հեղափոխության լուսաբանումը կյանքիս ամենաեզակի դեպքերից էր

ու ես հպարտ եմ, որ ինձ հաջողվեց լինել այդ պատմական պահի վկան:

 

- Դուք նաեւ ճամփորդել եք Արեւելյան Անատոլիա: Ձեր բլոգում հետեւյալ գրառումն էիք արել` “Ցեղասպանությունից փրկված մարդիկ ֆիզիկապես դարձան այլ ազգերի մասը, սկսեցին կառուցել իրենց կյանքը այլ երկրներում` Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Եթովպիայում, բայց նրանց սրտերը շարունակում են մնալ Անատոլիայում”: Ձեզ համար ի՞նչ էր նշանակում այդ այցը:

 

- Անատոլիա այցը չափազանց բարդ էր: Ես մեկնեցի այնտեղ` զինված լուսանկարներով, որոնք իմ նախապապերը կարողացան վերցնել իրենց հետ, եւ ես փնտրում էի իրենց հին տունը Խարբերդում: Ես զգում եմ կապը Արեւելյան Անատոլիայի հետ: Ես մեծացել եմ, պատմություններ լսելով այդ վայրերի մասին: Նաեւ զգում եմ իմ կապը հայկական համայնքների հետ Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Ամերիկայում:

 - Դուք նախաձեռնել եք «Հայկական Սփյուռք» նախագիծը: Կխնդրեի մի փոքր մանրամասնեք. ո՞րն է այդ նախագծի հիմնական նպատակը:

- Ես փորձում եմ լուսանկարների եւ հարցազրույցների միջոցով ստեղծել գլոբալ հայկական համայնքի դիմանկարը, ցույց տալ նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան այսօր` նկատի ունենալով այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են մշակույթը, ձուլումը եւ մեկուսացումը: Այդ դիմանկարի ստեղծման հույսով ես այցելում եմ հայկական համայնքներ ամբողջ աշխարհով մեկ: Արդեն լուսանկարներ ունեմ ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Երուսաղեմի, Սիրիայի, Լիբանանի եւ Եթովպիայի հայկական համայնքներից: Նախատեսում եմ այդ նպատակով այցելել նաեւ Ֆրանսիա, Ռուսաստան, Հնդկաստան, Իրան եւ Բուլղարիա:

 

- Երբեւէ եղե՞լ եք Հայաստանում: 

 

- Հորս հետ այցելել եմ Հայաստան 2002 թվականին: Ինձ շատ դուր եկավ եւ հուսով եմ, որ կրկին նորից կգամ Հայաստան, գուցե` հաջորդ տարի:

Սքաութ Թուֆանկջյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին