Ինչպես է Հայաստանում վերածնվում երկրաբանությունը - Mediamax.am

exclusive
8046 դիտում

Ինչպես է Հայաստանում վերածնվում երկրաբանությունը


Լուսանկարը` Գեոթիմ:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Գեոթիմ:

Լուսանկարը` Գեոթիմ:

Լուսանկարը` Գեոթիմ:

Լուսանկարը` Գեոթիմ:

Լուսանկարը` Գեոթիմ:

Լուսանկարը` Գեոթիմ:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Գեոթիմ:


«Գեոթիմ» ընկերությունը, որը տնօրինում է Ամուլսարի ոսկու հանքավայրը, իր սոցիալական ծրագրերի շրջանակներում այս տարի վճարել է ազդակիր համայնքները ներկայացնող 12 ուսանողների ուսման վարձը:

 

Գորայք, Սարավան եւ Գնդեվազ համայնքների ուսանողները սովորում են ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետում եւ ԵՊՃՀ-ի լեռնամետալուրգիայի ֆակուլտետում:

Ընկերության ղեկավարության փոխանցմամբ, ծրագրի նպատակն է ոչ միայն օգնել համայնքների երիտասարդներին` մասնագիտություն ձեռք բերելու հարցում, այլեւ փորձել նոր «շունչ հաղորդել» երկրաբանության զարգացմանը Հայաստանում:

 

Տասնամյակներ շարունակ երկրաբանությունը Հայաստանում համարվում էր ամենահեղինակավոր մասնագիտություններից մեկը, իսկ հայ երկրաբանները աշխատում էին ոչ միայն Հայաստանում եւ ԽՍՀՄ-ում, այլեւ, օրինակ, հեռավոր Կուբայում: Քանի որ երկրաբանները հաճախ էին արշավներ մեկնում, այդ մասնագիտությունը հաճախ պատվում էր բազմաթիվ իրական ու անհավատալի պատմություններով, ինչը երկրաբանի մասնագիտությունը չափազանց գրավիչ էր դարձնում երիտասարդների համար: Հայաստանի անկախացումից հետո երկրաբանությունը, ինչպես շատ ուրիշ ոլորտներ, անկում ապրեց, իսկ երկրաբանի մասնագիտությունը կորցրեց իր երբեմնի գրավչությունը: Սակայն այսօր, ինչպես ասում են «Գեոթիմ» - ի տնօրենը եւ ԵՊՀ-ի և ԵՊՃՀ-ի դասախոսները, երիտասարդները կրկին սկսում են հետաքրքրվել երկրաբանությամբ:

 

«Ծրագրի շնորհիվ արդեն ունենք բարձրակարգ մասնագետներ»,- Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է «Գեոթիմ» ՓԲԸ տնօրեն, մասնագիտությամբ երկրաբան Հայկ Ալոյանը:

 

Հայկ Ալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

«Ուսանողները 2-րդ կուրսից հետո սկսում են աշխատել Ամուլսարի ծրագրում`որպես սկսնակ մասնագետ: Մեր ընկերությունում բանվորների աշխատավարձը մոտ 130.000 դրամ է, իսկ մասնագետի վարձատրությունը, բնականաբար, ավելի բարձր է»,- նշել է նա:

 

Դավիթ Դավթյանը Սարավան գյուղից է, սովորում է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետում, երկու տարի է` աշխատում է «Գեոթիմ»-ում: Այն մասին, որ կարող է անվճար սովորել, տեղեկացել է ընկերությունում աշխատելիս: «Երկու տարվա փորձ ունեի, որոշեցի նաեւ բարձրագույն կրթություն ստանալ»: Դավիթի կարծիքով, մասնագետ դառնալու համար ուսումը բավարար չէ, պետք է նաեւ գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն լինի, որը եւ ընձեռում է

«Գեոթիմ»-ը՝ Ամուլսարի ծրագրում: Եթե սկզբում Դավիթը բանվորական աշխատանքով էր զբաղված, ապա այսօր արդեն կատարում է հերթափոխի պատասխանատուի պարտականությունները:

 

ԵՊՃՀ լեռնամետալուրգիայի ֆակուլտետի ուսանող Տարոն Ղազարյանը եւս Սարավան գյուղից է: Նա մասնագիտանում է մետալուրգիայի եւ նյութագիտության ոլորտում, ասում է, որ այդ ընտրության հարցում ինչ-որ չափով իրեն ուղղորդել է «Գեոթիմ»-ը, որի շնորհիվ ազատվել է նաեւ ուսման վարձը վճարելու բեռից:

 

ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի երկրաֆիզիկայի ամբիոնի դոցենտ Գագիկ Մարկոսյանը ողջունելի է համարում նման աջակցությունը ուսանողներին ու կարծում է, որ սա պետք է օրինակ ծառայի նաեւ այլ հանքարդյունաբերական ընկերությունների համար:

 

Գագիկ Մարկոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

«Այսօր Հայաստանի երկրաբանության ոլորտում հիմնականում աշխատում են միջին եւ միջինից բարձր տարիքի մարդիկ, որոնց թիվը տարեցտարի կրճատվում է, իսկ երիտասարդ սերունդը գրեթե զրկված է պրակտիկ աշխատանքի հնարավորությունից»,- ասել է Գագիկ Մարկոսյանը ու հավելել, որ արդիական խնդիր է նաեւ ուսումնական սարքավորումների արդիականացումը: «Այդ դեպքում մենք ավելի լավ կադրեր պատրաստելու հնարավորություն կունենանք», - ասում է նա:    

 

«Նման սոցիալական ծրագրերը չափազանց կարեւոր են: Համալսարանն այդ ուսանողների հանդեպ պետք է ավելի խստապահանջ լինի, որպեսզի վստահ լինենք, որ գումարների ծախսը արդարացված է: Միայն պետական ծրագրերով ու պետական պատվերի հաշվին հնարավոր չէ լավ արդյունքի հասնել, հատկապես` մեր մասնագիտության մեջ»,- ասել է նույն ֆակուլտետի դասախոս, երկրաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Գյումջյանը:

 

Հովհաննես Գյումջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

«Երկրաբանը մասնագետ է դառնում ոչ միայն համալսարանում` դասերը սովորելով եւ լաբորատոր փորձեր կատարելով, այլեւ սարերում ու դաշտերում, որտեղ պետք է կիրառի իր տեսական գիտելիքները: Ուրախ եմ, որ մեզանում կա կազմակերպություն, որը պատրաստ է հոգալ ուսանողի ուսման վարձի խնդիրը եւ հետագայում ապահովել աշխատանքով: Իսկ նման ծրագրի մասնակից ուսանողը պարտավոր է շատ լավ սովորել»,- ասել է Հովհաննես Գյումջյանը:

 

ԵՊՃՀ ընդերքաբանության եւ մետալուրգիայի ֆակուլտետի ընդերքաբանության եւ շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր Արմեն Հովհաննիսյանը եւս ողջունում է «Գեոթիմ»-ի նախաձեռնությունը:

 

«Նրանք միշտ պատրաստ են հովանավորել հանքավայրի ազդակիր համայնքներից համապատասխան մասնագիտություններ ընտրող ուսանողներին` սոցիալական լուրջ խնդիր լուծելով», - ասել է նա:

 

«Գեոթիմ»-ն իր սոցիալական ծրագրերը մեկնարկել են դեռեւս 2007-ին, երբ ընկերության աշխատակիցները երեքն էին` տնօրենը, հաշվապահը եւ գլխավոր երկրաբանը:

 

Լուսանկարը` Գեոթիմ:

«Կարեւորում ենք ազդակիր համայնքների բնակիչների վստահությունը եւ մեզ համար սկզբունքային է, որ համայնքները առավելագույնս օգտվեն Ամուլսարի ծրագրից: Մեր սոցիալական ծրագրերի տարեկան միջին ծավալը կազմում է $ 300 հազար: Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում: Օրինակ, այս տարի Գորայքի դպրոցի վերանորոգման համար տրամադրեցինք 25 մլն դրամ, իսկ Սարավան գյուղի գազաֆիկացման համար` 42 միլիոն դրամ: Թե՛ սոցիալական ծրագրերի, թե՛ աշխատատեղերի արդյունքը արդեն տեսնում ենք՝ ազդակիր երեք համայնքներում ներգաղթ է արձանագրվել», - ասել է Հայկ Ալոյանը:

 

Նա նշել է, որ ընկերության կողմից համայնքների հողերի վարձակալման արդյունքում համայնքների տարեկան բյուջեները 5 մլն-ից հասել են շուրջ 70 միլիոնի եւ աճի միտումը շարունակական է:

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին