Հայաստանում հարցվածների 70%-ը կարծում է, որ ազատ է ասելու այն, ինչ մտածում է - Mediamax.am

3012 դիտում

Հայաստանում հարցվածների 70%-ը կարծում է, որ ազատ է ասելու այն, ինչ մտածում է


Լուսանկարը` startupafisha.ru


Երեւան: Մեդիամաքս: Նախորդ տարվա համեմատ 10%-ով ավելի շատ մարդիկ են կարծում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ (18%-ից` 28%):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին են վկայում Եվրասիա համագործակցության հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի տարածաշրջանում իրականացվող ամենամյա «Կովկասյան բարոմետր» հետազոտության արդյունքները:

 

ՀՌԿԿ-Հայաստանի տնօրեն Հեղինե Մանասյանն այսօր ասել է, որ նախորդ տարվա համեմատ 10%-ով աճել է նաեւ այն մարդկանց թիվը, ովքեր կողմ են տարբեր տեսակի բողոքի ակցիաներ կազմակերպել (56%-ից 66%):

 

Միեւնույն ժամանակ, Հայաստանում հարցվածների 70%-ը կարծում է, որ ազատ է ասելու այն, ինչ մտածում է: Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 66%, Ադրբեջանում`49%:

 

Հեղինե Մանասյանը նաեւ նշել է, որ ռուսերենի, անգլերենի, համակարգչի իմացության, ինչպես նաեւ համացանցից օգտվելու տեսանկյունից այս տարի առաջին տեղում է Հայաստանը:

 

Այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ ուղղությամբ է զարգանում իրենց երկրի քաղաքականությունը, Հայաստանում դրական պատասխան է տվել հարցվածների 13, Ադրբեջանում` 40 եւ Վրաստանում` 51%-ը:

 

Որպես երկրի առջեւ ծառացած առաջնային խնդիրներ Հայաստանում եւ Վրաստանում համարում են գործազրկությունը (համապատասխանաբար 46% եւ 51%) եւ աղքատությունը (16% եւ 11%), իսկ Ադրբեջանում` չլուծված տարածաշրջանային կոնֆլիկտները`49%:

 

Հայաստանում բոլոր հաստատություններից ամենաշատը վստահում են իրենց դավանած կրոնի հաստատությանը (մոտ 75%) եւ բանակին (մոտ 66%), ամենաքիչը` կուսակցություններին, ԱԺ-ին, ՀԿ-ներին, լրատվամիջոցներին, ոստիկանությանը եւ այլն: Ադրբեջանում ամենամեծ ցուցանիշն է կազմում վստահությունը երկրի նախագահի նկատմամբ:

 

Հետազոտությունն անցկացվել է 2012թ. Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի շուրջ 6 000 տնային տնտեսություններում: Հայաստանի ողջ տարածքում դեմ առ դեմ հարցազրույցների 2012թ. մասնակցել են 2384 չափահաս քաղաքացիներ:

 

Հիմնական հարցաթերթը պարունակում է Հարավային Կովկասի երկրներում ժողովրդագրական, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական զարգացումների վերաբերյալ մոտ 100 հարց:

 

Հետազոտության հավաքագրված տվյալների բազան, հարցաթերթը, մեթոդաբանության մանրամասները հասանելի են ՀՌԿԿ-Հայաստանի կայքում` http://www.crrc.am/index.php/lo/14/164:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին