Գազի սակագները կարող են անփոփոխ մնալ, պնդում են բողոքի ակցիայի մասնակիցները - Mediamax.am

2176 դիտում

Գազի սակագները կարող են անփոփոխ մնալ, պնդում են բողոքի ակցիայի մասնակիցները


Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կառավարության շենքի դիմաց ընթանում է գազի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ակցիան նախաձեռնել են հասարակական նախաձեռնությունները, ակտիվիստները: Դրան մասնակցում են նաեւ ՀՅԴ-ի, «Ժառանգության» ներկայացուցիչները:

 

Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանն ասել է, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում կարող է լուծում տալ այս հարցին՝ սուբսիդավորելով սոցիալապես անապահով խավին, այլ ոչ թե “ՀայՌուսգազարդ” ընկերությանը: Արամ Գրիգորյանը նշել է, որ չնայած ռուսական կողմը բարձրացնում է  սակագները, հայկական կողմը կարող է այնպես անել, որ դրանք մնան անփոփոխ:

 

Իր հերթին Սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ասել է, որ սակագների բարձրացումը սպասելի էր, սակայն ոչ 60%-ով:

 

«Սակագների բարձրացումը խարխլում է մեր տնտեսության հիմքերը: Այս քայլից հետո կանխատեսվում է նաեւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը»,- շեշտել է Արմեն Պողոսյանը:  Նրա կարծիքով, այս խնդրի շուրջ հասարակական ընդվզումը կարող է արդյունքներ ունենալ: «Կառավարությունը ի զորու չէ լուծել այս խնդիրը, սակայն կարող է քայլեր ձեռնարկել սոցիալական բեռը թեթեւացնելու համար»,- նշել է նա:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է,որ  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն եւ նրան պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագների վերանայման հայտով: Առաջարկի համաձայն, ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր բնական գազ սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խմ-ի բնական գազի առաջարկվող սակագինը (ներառյալ ԱԱՀ) 2013թ. հուլիսի 1-ից նախատեսվում է 221 հազ. դրամ ($ 532)՝ գործող 132 հազ. դրամի դիմաց ($ 318): Արդյունքում բնակչության համար գազի սակագինն առաջարկվում է բարձրացնել 67%-ով:

 

Նախօրեին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնել են, որ սկսվել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին