Իգոր Խալաթյան. «Իսկական տղամարդիկ շատ քիչ են մնացել» - Mediamax.am

exclusive
11633 դիտում

Իգոր Խալաթյան. «Իսկական տղամարդիկ շատ քիչ են մնացել»


Իգոր Խալաթյանը Էվերեստի գագաթին:
Իգոր Խալաթյանը Էվերեստի գագաթին:

Լուսանկարը` Ի. Խալաթյանի արխիվից:

Իգոր Խալաթյանը Արարատ լեռան վրա:
Իգոր Խալաթյանը Արարատ լեռան վրա:

Լուսանկարը` Ի. Խալաթյանի արխիվից:

Իգոր Խալաթյանը
Իգոր Խալաթյանը

Լուսանկարը` Ի. Խալաթյանի արխիվից:

Իգոր Խալաթյանը Երեւանում` երիտասարդ լեռնագնացների հետ:
Իգոր Խալաթյանը Երեւանում` երիտասարդ լեռնագնացների հետ:

Լուսանկարը` Ի. Խալաթյանի արխիվից:

Էվերեստ
Էվերեստ

Մայիսին լրացավ Էվերեստի գագաթը առաջին անգամ նվաճելու 60-ամյա հոբելյանը. 1953թ. աշխարհի ամենաբարձր գագաթն (8848 մետր) առաջին անգամ բարձրացան Էդմունդ Հիլարին եւ Թենցինգ Նորգեյը:

 

60 տարվա ընթացքում աշխարհի ամենաբարձր լեռն է բարձրացել շուրջ 4 հազար մարդ, որոնց թվում` 4 հայեր: Նրանցից մեկը Իգոր Խալաթյանն է, ով նվաճել է Էվերեստը 2002 թվականին: 1990-ականների սկզբին Իգորը տեղափոխվել է ԱՄՆ՝ մշտական բնակության: Երեւան կատարած վերջին այցի ընթացքում նա հանդիպել է Մեդիամաքսի թղթակցին:  

 

- Ինչի՞ց է սկսվել այդ ամենը:

 

- Արագածից: Մինչ այդ ես ակտիվորեն զբաղվում էի լողով, իսկ ընկերներս լեռներն էին բարձրանում: Անկեղծ ասած, չէի հասկանում, թե ինչու են մարդիկ սար բարձրանում: Մի անգամ հրավիրեցին ինձ միանալ իրենց: Հիշում եմ, վատ եղանակ էր, ամպրոպ: Արդեն գագաթին ես շուրջս նայեցի, տեսա Արտաշատի լույսերը: Այնպիսի զգացողություն էր… Դա ոչ մի ուրիշ բանի նման չէր: Դրանից հետո ես ամեն շաբաթ լեռնագնացությամբ էի զբաղվում: Սկսեցի շատ ճանապարհորդել Կովկասում:

 

Մինչ Էվերեստը 15 տարի անընդմեջ ակտիվ զբաղվում էի սպորտով: Բացի ֆիզիկական պատրաստվածությունից, մարդիկ պետք է ունենան ինչ-որ լրացուցիչ տվյալներ, ինչ-որ նախատրամադրվածություն, ինձ համար դա մինչ օրս մեծ հանելուկ է: Կան մարդիկ, ովքեր իրենց լավ են զգում բարձրության վրա, ես նույնպես նրանց թվին եմ պատկանում. բարձունքում ես ինձ ավելի լավ եմ զգում, քան հարթավայրում:

 

- ԱՄՆ տեղափոխվելուց հետո շարունակո՞ւմ էիր զբաղվել ալպինիզմով:

 

- Այո, Նյու-Յորքից քիչ հեռու նկատել էի համապատասխան ժայռեր, նույնիսկ հանդիպեցի ծանոթներիս Մոսկվայից, եւ սկսեցինք միասին զբաղվել:

 

Մինչ ԱՄՆ տեղափոխվելը ես հաղթահարեցի Էլբրուսը՝ Եվրոպայի ամենաբարձր կետը: Հետո բարձրացա Մաք Քինլի եւ Ակոնկագուա՝ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների ամենաբարձր գագաթները: Որքան երկար ես զբաղվում լեռնագնացությամբ, այնքան ավելի ես ցանկանում բարձրանալ: Էվերեստը դրա տրամաբանական շարունակությունն էր: Կիլիմանջարո (Աֆրիկա) բարձրացա արդեն Էվերեստից հետո, որպեսզի հանգստանայի: Գնացի ոչ ստանդարտ երթուղով, սովորական երթուղին փակ էր ուժեղ քարանկման պատճառով: Նույնիսկ ստիպված եղա կաշառել ուղեկցորդիս: 

 

 

Էվերեստի ստորոտից մինչեւ գագաթը կարելի է հասնել 5 օրվա ընթացքում, բայց ողջ նախապատրաստական ընթացքը տեւեց 73 օր՝ կլիմային ընտելանալը ներառյալ: Տեղի բնակիչները՝ շերպերը, շատ սնահավատ են: Մինչ բարձրանալը արշավախմբի անդամներից յուրաքանչյուրը պետք է անցնի «օրհնության» արարողությունը, որը կոչվում է Պուդջա: Նրանք վստահ են, որ դա լեռնագնացներին կփրկի հնարավոր պատահարներից:

 

- Ինչի՞ պետք է պատրաստ լինի մարդը ավելի քան 8 կիլոմետր բարձրության վրա:

 

- Այնտեղ գրեթե մշտապես ուժեղ քամի է, 50 աստիճան ցուրտ: Օրգանիզմն արագ սկսում է թուլանալ, հիմնական վտանգներն են թոքերի եւ ուղեղի այտուցը: Առաջին ախտանիշների դեպքում հարկավոր է անհապաղ սկսել ներքեւ իջնել: Օդը չի բավականացնում: Քանի որ ես ծրագրավորող եմ, ինձ հուզում էր այն, որ նման պայմաններում ուղեղիս որոշ բջիջները կարող են մահանալ, եւ հետագայում ես չեմ կարողանա լիարժեք զբաղվել իմ աշխատանքով (ժպտում է): 2002թ. արշավի սեզոնի մեկնարկին Էվերեստի բազային ճամբարում հավաքվել էր շուրջ 3 հազար մարդ ողջ աշխարհից, երկու շաբաթվա ընթացքում նրանց թիվը կիսով չափ կրճատվեց, իսկ գագաթին հասան միայն 50 հոգի:

 

- Ի՞նչն է օգնում առաջ ընթանալ՝ չնայած նշված բոլոր դժվարություններին:

 

- Ցանկությունն ապացուցելու ինքդ քեզ, որ դու կարող ես դա անել: Մեր կյանքը դարձել է շատ թե քիչ անվտանգ, ավտոմատացված: Քիչ մեթոդներ են մնացել իսկապես ստուգելու ինքդ քեզ: Իսկ լեռնագնացությունն օբյեկտիվ թեստ է, որը բացահայտում է մարդկանց բնավորությունը, նրանք բացվում են՝ դառնալով այնպիսին, ինչպիսին կան իրականում:

 

Ես հաճախ էի հետեւում, թե ինչպես են «դուխով» տղամարդիկ լեռներում փոխվում: Մի դեպք պատմեմ Նյու-Յորքից ժամանած մի երիտասարդի մասին, որին հանդիպել էի Ալյասկայի լեռներից մեկը բարձրացող արշավախմբի կազմում: Նախքան արշավը նրան տեսել էի Նյու-Յորքի ռեստորաններից մեկում: Հիացած ունկնդիրներով շրջապատված՝ նա պատմում էր, թե ինչպես է սիրում ռիսկը եւ ինչպես է պատրաստվում «հաղթահարել այդ լեռը»:  

 

Իգոր Խալաթյանը:

Լուսանկարը` Ի. Խալաթյանի արխիվից:

 

Երկու շաբաթ անց՝ լեռան վրա, նա ծնկաչոք լաց էր լինում եւ ինձ ասում. «Իգո՛ր, չթողնե՛ս մահանամ, ես չեմ ցանկանում մեռնել»:

 

Մեզ հաջողվեց նրան դուրս բերել այնտեղից եւ տուն վերադարձնել` ողջ ու առողջ: Երկու շաբաթ հետո կրկին հանդիպեցի նրան՝ կրկին շրջապատված հիացած ունկնդիրներով, որոնց նա պատմում էր, թե ինչպես իրեն գրեթե հաջողվեց նվաճել այդ լեռը, եւ միայն պատահականությունը նրան թույլ չտվեց հասնել գագաթին (ժպտում է): 

 

Եվ դա միակ դեպքը չէ: Ցավոք, պետք է արձանագրեմ, որ այսօր իսկական տղամարդիկ շատ քիչ են մնացել: Բարեբախտաբար, լուրջ լեռնագնացների շրջանում նրանք բացարձակ մեծամասնություն են կազմում:

 

- Չէ՞ որ լեռներն ունեն իրենց կանոններն ու էթիկան:

 

- Լեռներում լինում են այնպիսի պայմաններ, երբ մարդն օգնության կարիք է ունենում, բայց շատերը կարող են պարզապես անցնել կողքով` նույնիսկ առանց կանգ առնելու: Ես հանդիպել եմ այդպիսի դեպքերի: Բայց խորհրդային դպրոցը խիստ տարբերվում է, այնտեղ փոխօգնությունը մշտապես առկա է: Ես հնարավորություններիս ներածին չափով փորձում եմ մարդկանց օգնել լեռներում:

 

- Ամեն տարի Էվերեստում մարդիկ են մահանում, նրանց մարմինները այդպես էլ մնում են լեռան վրա…

 

- Այո, ցավոք, բարձունքի ճանապարհին տեսնում ես զոհվածների մարմիններ… Բայց նույնիսկ դրան ես սովորում: Էվերեստի ստորոտում կա մի վայր, որտեղ զոհվածների հիշատակին տեղադրում են բուրգեր, այնտեղ դրանք մեծ թիվ են կազմում…

 

- Հետադարձ հայացք գցելով 2002թ.` ինչպիսի՞ զգացողություններ են առաջանում: 

 

- Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի քիչ եմ հավատում: Վստահ կարող եմ ասել, որ այլեւս երբեք չեմ կրկնի դա: Էվերեստի գագաթը բարձրացա մայիսի 16-ին. եղանակային պայմանների տեսանկյունից դա միակ բարենպաստ օրն էր: Լեռնագնացներն այլ վերաբերմունք ունեն լեռների, բնության նկատմամբ: Մենք ասում ենք. ոչ թե ես եմ նվաճել լեռը, այլ նա է թույլ տվել իր գագաթը բարձրանալ: Նույնը նաեւ իմ պարագայում է: Լեռը բարենպաստ էր տրամադրված իմ հանդեպ, եւ ես կարողացա գագաթը բարձրանալ: Չեմ ցանկանում չարաշահել:

 

Իգոր Խալաթյանը Երեւանում` երիտասարդ լեռնագնացների հետ:

Լուսանկարը` Ի. Խալաթյանի արխիվից:

 

Երկու ամիս ես միայն ձյուն ու սառույց էի տեսել: Երբ իջնելիս քարերի վրա մամուռ տեսա, մի ամբողջ ժամ նստել եւ նայում էի դրան: Դա ասես հրաշք լիներ, ես հասկանում էի, թե ինչ հիանալի է ապրելը:

 

Կա մի թերություն. սովորում ես սուր զգացողություններին: Երբ գտնվում ես ներքեւում, ամեն բան խլանում է, զգացողություններն այն չեն` մոխրագույն են, միշտ փնտրում ես ինչ-որ բան, ինչ-որ փոխարինում այդ զգացողություններին: Ներքեւում դրան կարող է փոխարինել երաժշտությունը, բնության ու մարդկանց գեղեցկությունը: Բնության գեղեցկությունը հանգստացնում է: Բացի այդ, ի հայտ են գալիս նոր հետաքրքրություններ, օրինակ, ցանկանում եմ վերջապես պարել սովորել (ժպտում է): 

 

Իգոր Խալաթյանը Արարատ լեռան վրա:

Լուսանկարը` Ի. Խալաթյանի արխիվից:

 

- Ի՞նչ ծրագրեր ունես:

 

- Բոլոր մայրցամաքների 7 ամենաբարձր գագաթներից դեռեւս չեմ եղել երկուսում` Վինսոն գագաթում (Անտարկտիդայի ամենաբարձր կետը) եւ Պունչակ-Ջայա լեռան վրա (Օվկիանիայի ամենաբարձր կետը): Վերջինս գտնվում է ջունգլիներում, որտեղ մինչ օրս բնակվում են մարդակեր ցեղեր, այնպես որ հարկավոր է ոչ միայն բարձրանալ այդ լեռը, այլ նաեւ այնտեղից կենդանի վերադառնալ (ժպտում է):

   

- Քեզ երջանիկ համարո՞ւմ ես:

 

- Բոլոր մարդիկ զբաղված են երջանկության որոնմամբ: Երջանկությունը անորսալի հասկացություն է, իսկ լեռնագնացությունը հնարավորություն է տալիս զգալ այդ անորսալիությունը:

 

Ալպինիզմն ինձ համար համեմատելի է երաժշտության ու պոեզիայի հետ: Լեռները հնարավորություն են տալիս հասկանալ եւ գիտակցել, թե ով ենք մենք իրականում, եւ մարդկանց առջեւ բացում են անհավանական գեղեցիկ աշխարհ:

 

Իգոր Խալաթյանի հետ զրուցել է Էլեոնորա Արարատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին