Բյուրականի աստղադիտարանը լավագույններից մեկը կլինի աշխարհում - Mediamax.am

3666 դիտում

Բյուրականի աստղադիտարանը լավագույններից մեկը կլինի աշխարհում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւ այսօր Երեւանում քննարկել մի շարք ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունում, կողմերը անդրադարձել են, մասնավորապես, ռազմական, ռազմատեխնիկական, անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքին, սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման, պետական ռեզերվի հայ-ռուսական համատեղ ենթակառուցվածքի, Գառնու դիտարանի վերագործարկմանը եւ վերազինմանը վերաբերող հարցերին:

 

Այնուհետեւ Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը մեկնել են Գյումրու 102-րդ ռուսական բազա, որտեղ հանդիպել են Գյումրու սահմանապահ զորքերի հրամանատարության եւ 102-րդ ռուսական ռազմական բազայի ղեկավարության հետ:

 

Օրվա երկրորդ կեսին Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը ուղեւորվել են Բյուրականի աստղադիտարան, շրջայց կատարել աստղադիտարանում, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

 

ՌԴ անվտանգության խորհրդի եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագրով նախատեսվում է վերաշահագործման հանձնել աստղադիտարանի ձեւափոխված առաջատար երկու դիտակը, որոնք կրկին տարբեր չափանիշներով կդառնան լավագույններն աշխարհում: Դրանց կավելացվեն նաեւ «Պրոեկտ-Տեխնիկաի» պատրաստած 5 նոր, տարբեր տրամագծեր ունեցող դիտակներով` իրենց ժամանակակից ղեկավարման կենտրոնով:

 

Դրա շնորհիվ Բյուրականի աստղադիտարանը առաջիկայում կգործի իր ողջ ծավալով եւ կարեւոր տեղ կզբաղեցնի երկրագնդի համար վտանգ հանդիսացող տիեզերական աղբի, գիսաստղերի եւ երկնաքարերի տեղաշարժերի միջազգային դիտարկման համակարգում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին