Քննարկվում է Էրեբունի հնավայրի արդիականացման ծրագիրը - Mediamax.am

2498 դիտում

Քննարկվում է Էրեբունի հնավայրի արդիականացման ծրագիրը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Էրեբունի հնավայրում իրականացված պեղումների արդյունքում բացվել է Խալդ աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ պալատի պահպանված մասը, որը թվագրվում է ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսերից 6-րդ դարասկիզբ։

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այցելել են Էրեբունի հնավայր, որտեղ ավարտվել են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի իրականացրած պեղումների 6-րդ փուլի աշխատանքները։

 

Արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպն այցելուներին է ներկայացրել Երեւանի պատմության ամենավաղ շրջաններից մեկի հնագիտական պատկերը։

 

«Միգուցե, դուք այս պահին Երեւանի ամենահին փողոցում եք։ Պեղումների այս փուլի շնորհիվ մենք կարողացանք գտնել շատ կարեւոր մի հարցի պատասխան. այո, Ուրարտուի կործանումից հետո մինչ Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանը այս բերդաքաղաքում կյանքը շարունակվել է։ Արդյունքների հիման վրա կարողանում ենք նաեւ ենթադրել, որ այդ ընթացքում քաղաքն ամենայն հավանականությամբ ուժեղ երկրաշարժից բավականին տուժել է։ Ինչեւէ, այս պեղումներից հետո մենք պետք է սերտորեն համագործակցենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ եւ միասին մտածենք, թե ինչպես  Էրեբունին առավել մատչելի ու ըմբռնելի դարձնենք լայն հանրությանը՝ այդ թվում նաեւ՝ Երեւանի հյուրերին»,- նշել է Ստեֆան Դեշամպը։

 

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Էրեբունի բերդաքաղաքն արդի, նորարարական միջոցներով ներկայանալի դարձնելու Երեւանի քաղաքապետարանի ծրագիրը։  

 

«Որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, չկորցնելով հնագիտական պատկերը, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով, ընդ որում՝ մեծ մասը շարժական հնարքներով։ Հանդիպակաց բլրին՝ արգելոցի բուն սահմաններից դուրս, կառուցվելու է ամֆիթատրոն, որտեղից երեկոյան ժամերին հնարավոր է լինելու դիտել քաղաքի պատմության մասին լուսաձայնային եռաչափ ներկայացումներ։ Երեւանի քաղաքապետարանը պատրաստակամ է գործընկերների, ներդրողների հետ ձեռնամուխ լինելու այս մեծածավալ նախաձեռնության իրականացմանը»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին