Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետությունը Ստամբուլում`նախկին Բանկ Օտոմանի շենքում - Mediamax.am

exclusive
6979 դիտում

Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետությունը Ստամբուլում`նախկին Բանկ Օտոմանի շենքում


Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի

Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի արխիվից

Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի արխիվից

Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի արխիվից

Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի արխիվից

Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի

Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի

Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի

Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի

Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի

Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի

Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի

Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի


Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, «Հրազդան» մարզադաշտը, Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, Երիտասարդական պալատը, Կամերային երաժշտության տունը, Կասկադը եւ խորհրդային ուշ մոդեռնիզմի այլ հայտնի կառույցներ ներկայացվել են մայիսին Ստամբուլում բացված «Արդիություններ առանց սահմանների» (Tresspassing Modernities) ցուցահանդեսում:

 

Ցուցահանդեսի համադրող, արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը Մեդիամաքս-ին պատմել է, որ ցուցահանդեսում ներկայացված էին ԽՍՀՄ նախկին 15 հանրապետություններում կառուցված սովետական ուշ մոդեռնիզմի եւ հետմոդեռնիզմի ժամանակաշրջանի կառույցները:

 

«Ցուցահանդեսի նպատակն էր ոչ միայն բացահայտել խորհրդային ուշ մոդեռնիստական ճարտարապետության ֆորմալ կողմը, այլեւ ցույց տալ այցելուներին այն ամենը, ինչը ձեւավորում էր այդ ճարտարապետությունը: Մեր ցուցահանդեսը Ճարտարապետությունը դիտարկում է ոչ միայն որպես տնտեսական, գաղափարական, սոցիալական, քաղաքական, մշակութային բարդ եւ բազմաշերտ հարացույցի արդյունք, այլ նաեւ հենց այդ հարացույցը ձեւավորող կարեւորագույն բաղադրիչներից մեկը: Խորհրդային կարգերի հաստատման առաջին օրերից փորձ էր արվում սկզբունքորեն նոր միջավայր ձեւավորել սովետական մարդու համար: Բնականաբար, մոտեցումները այդ միջավայրի նկատմամբ 70 տարվա՝ խորհրդային համակարգի պատմության ընթացքում բազմիցս փոփոխությունների էին ենթարկվել։  Ճարտարապետությունը միշտ առանցքային դեր է միշտ խաղացել նոր սոցիալական միջավայրի ձեւավորման գործում՝ արտահայտելով սոցիալիստական հասարակության կազմակերպման հիմնարար սկզբունքները, միեւնույն ժամանակ անդրադառնալով  այդ նույն հասարակության մեջ զուգահեռ զարգացող այլ գաղափարական վեկտորներին։ Ճարտարապետության միջոցով հնարավոր է ուսումնասիրել խորհրդային հասարակության պատմությունը, իր ողջ բազմազան եւ հակասական տրամաբանության մեջ»,- ասել է Ռուբեն Արեւշատյանը:

 

«Ցուցահանդեսը արդյունքն է մոտ 10 տարի առաջ սկիզբ առած՝ «Տեղային արդիություններ» կոչվող հետազոտական նախագծի, որը նախաձեռնել էր ստամբուլյան ցուցահանդեսի մյուս համադրող՝ ավստրիացի արվեստի քննադատ Գեորգ Շյոելհամերը, ում հետ մենք արդեն քանի տարի միասին վարում ենք «Քաղցր վաթսունականներ» խորագիրը կրող միջազգային լայնածավալ հետազոտական նախագիծը», - Մեդիամաքս-ին պատմել է Ռուբեն Արեւշատյանը:

 

Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի:

 

Համադրողի խոսքերով, Ստամբուլի ցուցահանդեսը բավականին դիտարժան է՝ ներկայացված նյութերի քանակի եւ մատուցման տեսանկյունից:  Ներկայացված են լուսանկարներ, տեսանյութեր, մանրակերտեր, էսքիզային նախագծեր, ճարտարապետական գրականություն, խրոնիկալ նյութեր, որոնք պատմում են ոչ միայն խորհրդային ճարտարապետության, այլեւ այն ձեւավորող համատեքստերի մասին:

 

«Ներկայացված է ահռելի քանակությամբ նյութ, ցուցանմուշներ: Ցուցահանդեսը անց է կացվում Ստամբուլի SALT Galata ժամանակակից արվեստի եւ մշակույթի կենտրոնում, որը զբաղեցնում է նախկին Բանկ Օտոմանի շենքը, եւ այդ կազմակերպությանն է պատկանում  ցուցահանդեսի անցկացման գաղափարը: Ցուցահանդեսը զբաղեցրել է այդ հսկայական կենտրոնի չորս հարկերը: Հիմնական ցուցադրությունը ծավալվում է շենքի երկու հարկերում»,- պատմել է Ռուբեն Արեւշատյանը:

 

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ:

 

Հայաստանը ցուցահանդեսում ներկայացված է 1950-ական թթ. ավարտից մինչեւ 1990-ական թթ. ընկած ժամանակաշրջանի ճարտարապետության նմուշներով ՝  Սեւանի գրողների տան ճաշարանի շենքը, «Հրազդան» մարզադաշտը, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, «Զվարթնոց» օդանավակայանն իր մեծ մակետով եւ արխիվային լուսանկարներով, Կամերային երաժշտության տան էսքիզները, «Ռոսիա» եւ «Մոսկվա-ամառային» կինոթատրոնները, «Առագաստ» սրճարանը եւ այլն: Հիմնական ցուցադրության շրջանակներում մեծ էկրանի վրա ցուցադրվեց նաեւ «Ճարտարապետներ» ֆիլմը, որը պատմում է Հրաչ Պողոսյան, Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան եռյակի մասին:

 

Ցուցահանդեսում ներկայացված են խորհրդային բոլոր 15 հանրապետությունների մոդեռնիստական ճարտարապետության ամենահայտնի շենքերը, ինչպես օրինակ՝ Ֆելիքս Նովիկովի՝ Զելինոգրադում կառուցված էլեկտրոնիկայի ինստիտուտի շենքը, Աբդուլա Ախմեդովի նախագծած Մարքսի անվան գրադարանը Աշխաբադում, Գեորգ Չախավայի նախագծած տրանսպորտի նախարարության շենքը Տբիլիսիում, ճարտարապետներ Բիլսկու, Պարխովի, Շտոլկոյի, Կոսինսկու, Կառպի, Պոռմայստերի, Բառավիկասի եւ այլոց գործերը։

 

Ցուցահանդեսը կաշխատի է մինչեւ օգոստոսի 11-ը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2012թ. նոյեմբերին Հայաստանը ներկայացված էր նաեւ Վիեննայի Ճարտարապետական կենտրոնում բացված «Խորհրդային մոդեռնիզմ 1955-1991 թթ. Անհայտ պատմություններ» ցուցահանդեսում:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին