Իէն Գիլան. «Ոգեւորված եւ հուզված եմ, որ ավարտին հասցրինք Գյումրիի դպրոցի շինարարությունը» - Mediamax.am

8580 դիտում

Իէն Գիլան. «Ոգեւորված եւ հուզված եմ, որ ավարտին հասցրինք Գյումրիի դպրոցի շինարարությունը»


Լուսանկարը` Մեդիամաքս

Իէն Գիլանը
Իէն Գիլանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իէն Գիլանը
Իէն Գիլանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Դին
Ջոն Դին

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Ռոք-աստղ, Deep Purple խմբի մեներգիչ Իէն Գիլանն այսօր Երեւանում ասել է, որ հուզված եւ ոգեւորված է, որ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացումով ավարտին է մոտենում Rock Aid Armenia նախագիծը:

«Շատ հուզիչ է տեսնել, թե ինչպես ամեն ինչ վերջնական տեսքի բերվեց: Մեզանից յուրաքանչյուրն իր նպաստն ունեցավ այս գործում` քարը քարին դնելով»,- ասել է Իէն Գիլանը Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացման նախօրեին Մեդիամաքս-ի գրասենյակում կայացած մամուլի ասուլիսում:

 

«Իմ ներգրավումն այս գործում նույնն էր, ինչ Deep Purple խմբում, երբ ողջ աղմուկն իմ շուրջ է, սակայն ես չեմ գլխավոր հերոսը: Այս նախագիծն ինձ համար անձնավորված եւ խորհրդանշական էր: 1990թ. Մարզահամերգային համալիրում մեր համերգից հետո այցելեցինք աղետի գոտի եւ ականատես եղանք երկրաշարժի ավերածություններին: Մարդիկ անգամ երկրաշարժից մեկ տարի անց մոլորված տեսք ունեին: Շատ խորը ազդեցություն գործեց այն փաստը, որ երկրաշարժից 1 տարի անց անգամ քաղաքում երաժշտություն չէր հնչում՝ ոչ եկեղեցիներում, ոչ ռադիոյով, անգամ թռչունները չէին երգում, եւ դա մեզ դրդեց մի բան անել:

 

Կյանքն առանց երաժշտության դժվար է պատկերացնել:  Չէի ասի, թե օգնելու խոստում տվեցինք: Պարզապես պատրաստակամություն հայտնեցինք, երբ քաղաքը պատրաստ լինի երաժշտության, մի բան կանենք: Այն ժամանակ դպրոցի մասին տեղյակ չէինք, մտածում էինք՝ հնարավոր է համերգով հանդես գանք այնտեղ»,- ասել է Իէն Գիլանը:

 

Երաժշտի խոսքերով, հետագայում Գյումրիի երաժշտական դպրոցը դարձավ իրենց նախաձեռնության խոչհրդանիշ: “Դպրոցը սարսափելի վիճակում էր: Պատերում անցքեր կային. չեմ պատկերացնում, թե ինչպես երեխաներն այնտեղ պետք է երաժշտություն ուսանեին: Եղել են դեպքեր, երբ մենք համերգների ժամանակ փորձել ենք սառը մատներով նվագել, սակայն մանուկների համար դա հատկապես դժվար կլիներ: Մտածում էինք վերակառուցման մասին, գործիքներով հագեցնելը մտքներովս էլ չէր անցնում, սակայն Թիմ Իրվինգը Կանադայից սքանչելի նվիրատվություն կատարեց”,- նշել է նա:

 

Do Something կազմակերպության գործադիր տնօրեն, Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին ասել է, որ առանձնահատուկ զգացողություն ունի, որ կարողացել են ամբողջ թիմով նման նախագիծ իրականացնել:

 

«Ես ներգրավված էի երկրաշարժից անմիջապես հետո Հայաստանում տեսանյութի պատրաստմանը: Տեսել եմ այն սարսափելի կադրերը, որոնք երբեւէ էկրաններին չհայտնվեցին: Ես հասկացա, որ շատ կարեւոր է ինչ-որ բան կազմակերպել, որն իրական փոփոխության կհանգեցնի: Օգտագործեցի ռոք-արդյունաբերության մեջ իմ կապերը եւ կարողացա օգնել Հայաստանին: Առանձնահատուկ զգացողություն ունենք, որ ամբողջ թիմով կարողացել ենք նման նախագիծ իրականացնել»,- նշել է նա:

 

«Այսօր ուրախությամբ պետք է ասենք, որ մեր խոստումը կատարել ենք: Իէն Գիլանն եղել է Rock Aid Armenia նախագծի խորհրդանիշը: Առանց նրա մասնակցության նախագիծը չէր իրականացվի: Բնականաբար, եթե Ջոն Դին 24 տարեկան հասակում չնախաձեռներ Rock Aid Armenia նախագիծը, այստեղ հավաքված չէինք լինի: Մեծ շնորհակալություն ՀՕՖ-ին, որը ներգրավեց Մարդիգյան ընտանիքին, որոնց առատաձեռն նվիրատվությունը թույլ տվեց սկսել եւ ավարտել ծրագիրը: Հատուկ շնորհակալություն նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը, որը աջակցեց Հայաստանում Իէն Գիլանի եւ Հայստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներին»,- իր հերթին ասել է Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:

 

Նա հատուկ շնորհակալության է հայտնել կանադացի Թիմ Իրվինգին, ով երկու տարի առաջ, իմանալով ծրագրի մասին, կապ է հաստատել կազմակերպիչների հետ եւ 20000 դոլար արժողությամբ երաժշտական գործիքներ նվիրաբերել դպրոցին:

 

Վաղը տեղի կունենա Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցը կառուցվել է Մեդիամաքս-ի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալիական Do Something կազմակերպության համատեղ նախագծի շրջանակում:

 

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացումով իր տրամաբանական ավարտին կմոտենա 1989 թվականին մեկնարկած Rock Aid Armenia նախագիծը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին