Հայաստանի յուրաքանչյուր տասը հուշարձանից ուսումնասիրված է ընդամենը մեկը - Mediamax.am

1705 դիտում

Հայաստանի յուրաքանչյուր տասը հուշարձանից ուսումնասիրված է ընդամենը մեկը


Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր ասել է, որ Հայաստանի տարածքում յուրաքանչյուր տասը հուշարձանից ուսումնասիրված է ընդամենը մեկը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Սամվել Կարապետյանը լրագրողներին է ներկայացրել «SOS մշակույթ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերում հայտնաբերված արժեքավոր հնավայր-հուշարձանների նոր ցանկը:

 

Սամվել Կարապետյանի փոխանցմամբ, Լոռու մարզի Ջիլիզա գյուղի շրջակայքում կա շուրջ տասը հնավայր, որից ինը նորահայտ են: Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի շուրջ գտնվող 20 բացառիկ հնավայրերից առ այսօր ուսումնասիրված է միայն մեկը:

 

Հուշարձանագետը նշում է, որ հայտնաբերված հնավայրերը պատկանում են վաղ միջնադարից մինչեւ ուշ միջնադար ընկած ժամանակահատվածին:

 

«Մեր երկիրը մեզ համար անհայտ է: Մենք չենք ձգտում ճանաչել մեր երկիրն ու անհաղորդ ենք մեր մշակութային ժառանգությանը: Այդ հուշարձանները մասնագիտական ուսումնասիրության կարիք ունեն»,- ասել է Սամվել Կարապետյանը:

 

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի «SOS մշակույթ» ծրագիրը, որը կյանքի է կոչվել 2012 թ.-ին (24 ամիս տեւողությամբ) Եվրամիության «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում, նպատակ ունի համայնքային ուժերի ներգրավվածությամբ ճանաչելի դարձնելու եւ արժեւորելու Հայաստանի եւ Վրաստանի սահմանամերձ շրջաններում պահպանված պաշտամունքային եւ աշխարհիկ բնույթի պատմական հուշարձանները:

 

Ծրագրի շրջանակներում լույս է տեսել «Ձեռնարկ հայրենատիրության» երկլեզու (հայերեն և անգլերեն) գրքույկը, ինչպես նաեւ ՀՀ Տավուշի եւ Լոռու մարզերի պատմական հուշարձաններին նվիրված երկլեզվյան քարտեզ-ուղեցույց, որոնք կարող են նպաստել հայրենաճանաչության խորացմանը:

Բացի այդ, ծրագրի շրջանակներում Տավուշի եւ Լոռու մարզերի երկուական դպրոցների աշակերտների համար կազմակերպվել են ճանաչողական արշավներ դեպի մարզի հնավայրերը:

 

Սամվել Կարապետյանն առաջարկում է ՀՀ Կրթության նախարարությանը հանրապետության այլ դպրոցների աշակերտների համար նախաձեռնել նմանատիպ արշավներ` հնարավորություն տալով աշակերտների ճանաչել հայրենիքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին