Շենգենյան վիզան անվճար կլինի թոշակառուների, երեխաների, հաշմանդամների եւ այլ խմբերի համար - Mediamax.am

18612 դիտում

Շենգենյան վիզան անվճար կլինի թոշակառուների, երեխաների, հաշմանդամների եւ այլ խմբերի համար


ներկայացվել է ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզայի ռեժիմի դյուրացման համաձայնագրերի հիմնական դրույթները
ներկայացվել է ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզայի ռեժիմի դյուրացման համաձայնագրերի հիմնական դրույթները

Լուսանկարը` www.reklama.com.ua

Արմեն Լիլոյանը
Արմեն Լիլոյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզայի ռեժիմի դյուրացումը հնարավորություն կտա բանակցություններ սկսել ազատ վիզային ռեժիմի մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին Արմեն Լիլոյանն ասել է այսօր` ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովների կողմից հրավիրված լսումների ժամանակ:

 

ԱԳՆ ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզայի ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերի հիմնական դրույթները:

 

Վիզայի ռեժիմի դյուրացման համաձայնագիրը հստակ սահմանում է քաղաքացիների այն խմբերը, ովքեր Շենգենյան վիզա կստանան հեշտացված կարգով: Դրանք են` ՀՀ պետական պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, ԵՄ երկրներում մերձավորներ ունեցող անձինք, ուսանողները, կրթական, ակադեմիական, մշակութային, գիտական, բուժման նպատակով ԵՄ այցելողներն ու նրանց ուղեկցողները, լրագրողները, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները եւ նրանց ուղեկցողները, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կազմակերպություններից հրավեր ստացած անձինք եւ այլն:

 

Շենգենյան վիզան անվճար կլինի ՀՀ թոշակառուների, մինչեւ 12 տարեկան երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց ուղեկցողների, ուսանողների, հետբուհական կրթությամբ զբաղվող անձանց, լրագրողների եւ այլ խմբերի համար: Մյուս քաղաքացիների համար Շենգենյան վիզան կարժենա 35 եվրո` այժմ գանձվող 60 եվրոյի փոխարեն:

 

«Համաձայնագրի դրույթները չեն տարածվում Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ Դանիայի վրա, ինչը պայմանավորված է այդ երկրների միգրացիոն քաղաքականությամբ»,- ասել է Արմեն Լիլոյանը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ այս տարվա հոկտեմբերի 9-ին Եվրոպական խորհրդարանը հավանություն էր տվել ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզայի ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերին:

 

ՀՀ Ազգային ժողովում համաձայնագրի վավերացման քվեարկությունը կկայանա  առաջիկա քառօրյայի ընթացքում: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վավերացման վերջնական ծանուցման երկրորդ ամսվա առաջին օրը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին