Հունվարի 22-ին եվրոպական դատարանը կքննի «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը - Mediamax.am

3474 դիտում

Հունվարի 22-ին եվրոպական դատարանը կքննի «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը


Հունվարի 22-ին եվրոպական դատարանը կքննի «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը
Հունվարի 22-ին եվրոպական դատարանը կքննի «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը

Լուսանկարը` lenta-ua.net


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ Պալատը հերթական անգամ քննության կընդունի «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության համաձայն, ներկայումս Բաքվում բնակվող, ազգությամբ ադրբեջանցի Էլհան, Ադիշիրին Չիրագովների, Ռամիզ Ջեբրայիլովի, Աքիֆ Հասանովի, Ֆեհրեդին Փաշաեւի եւ Քարասա Ջաբրայիլովի` Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված հայցը վերաբերում է Լաչինի շրջանում վերջիններիս ունեցվածքին, որը հայցվորները ստիպված են եղել լքել 1992 թ.-ին:

 

Հայցվորները բողոքում են Լաչինում թողած ունեցվածքի, մասնավորապես, մեքենաների, անասնագլխի, ձեռագործ կարպետների կորստի կապակցությամբ: Նրանք նշում են, որ տեսանելի ապագայում չկա հեռանկար, որը թույլ կտա նրանց օգտագործել, վաճառել կամ կտակել այդ ունեցվածքը, քանի որ ՀՀ կառավարությունը շարունակում է խոչընդոտել նրանց վերադարձը Լաչին:

 

Հայցվորները նշել են, որ Հայաստանի ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկում իրենց կրած վնասները փոխհատուցելու համար: Նրանք, մասնավորապես, հղում են կատարում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին հոդվածի N 1 արձանագրության (ունեցվածքի պաշտպանություն) եւ ութերորդ հոդվածի ( մասնավոր եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), տասներեքերորդ հոդվածի (վնասի փոխհատուցման իրավունք) վրա:    

 

Հղում կատարելով նույն կոնվենցիայի 14-րդ հոդվածին (խտրականության անթույլատրելիություն)`  հայցվորները նաեւ պնդում են, որ եթե նրանք լինեին ազգությամբ հայ եւ քրիստոնյա, ապա չէին ենթարկվի բռնի տեղահանության, իսկ իրենց սեփականության իրավունքը կհարգվեր:

 

Հիշեցնենք, որ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը ՄԻԵԴ է ներկայացվել 2005 թ. ապրիլի 6-ին: Ադրբեջանի կառավարությունն այս գործում ներգրավված է որպես երրորդ կողմ:

 

Հայցի շուրջ առաջին դատական լսումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատում կայացել է 2010 թ. սեպտեմբերի 15-ին: 2011 թ. դեկտեմբերի 14-ին կայացրած որոշման մեջ դատարանն ընդունելի է համարել հայցում ներկայացվածք բողոքը: Դատարանը նկատել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման  շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցությունները չեն կարող խանգարել դատարանին քննել տվյալ հայցը:

 

Հունվարի 22-ին նախատեսված լսումների ժամանակ դատարանը կշարունակի գործի քննությունը: Լսումներից հետո դատարանը կշարունակի նիստը դռնփակ ձեւաչափով, իսկ գործի վերաբերյալ որոշումը կարող է հրապարակվել ավելի ուշ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին