Տիգրան Սարգսյանի 11 հայտարարությունները - Mediamax.am

exclusive
5670 դիտում

Տիգրան Սարգսյանի 11 հայտարարությունները


Տիգրան Սարգսյանը
Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo

Տիգրան Սարգսյանը
Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամլո գրասենյակ

Տիգրան Սարգսյանը
Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամլո գրասենյակ

Տիգրան Սարգսյանը որդու հետ
Տիգրան Սարգսյանը որդու հետ

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մեդիամաքս-ը ներկայացնում է տարբեր տարիներին արված ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի 11 հայտարարությունները` առանց մեկնաբանությունների: Կարծում ենք, ընթերցողները ինքնուրույն գնահատականներ կտան ասվածին եւ արվածին:

 

 

1. Կենսաթոշակային բարեփոխման մասին

 

«Մենք պետք է դրսեւորենք քաղաքական կամք. ի՞նչ է դա նշանակում: Ցանկացած բնագավառում հենց խնդիր է լինում, մեր ընդդիմախոսներն ասում են պարոն վարչապետ, քաղաքական կամք դրսեւորեք, լուծեք այս խնդիրը: Ի՞նչ է դա նշանակում: Քաղաքական կամք առանց համոզմունքի չի լինում: Մեր քաղաքական թիմը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ ունի այն համոզմունքը, որ սա ճիշտ բարեփոխում է, որ սա Հայաստանի ապագան երաշխավորող ռեֆորմ է, սա փոփոխություններ բերող ռեֆորմ է, ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծող ռեֆորմ է, մտածողության փոփոխության ռեֆորմ է, քաղաքացիական հասարակություն ձեւավորող ռեֆորմ է, պատասխանատու քաղաքացի ձեւավորող ռեֆորմ է: Սա հեշտ ռեֆորմ չէ: Իշխանությունն այս պարագայում օգտագործելով պարտադրանքի գործիքը՝ կերտում է նոր ապագա: Սա իմ համոզմունքն է»:

 

Փետրվար 2014թ.

 

2. «Փակ շուկայի» մասին

 

«Հանրության մտահոգող հարցերին լիարժեք պատասխաններ չեն տրվել, գործառույթներն իրականացվել են ժամանակի մեջ ձգձգումներով, փորձ է արվել մեկ պետական մարմնից խնդրի լուծումը բարդել մեկ այլ գերատեսչության վրա: Համաձայն եմ, որ այստեղ մենք ունեցանք բացեր, որոնցից պետք է դասեր քաղենք»:

 

Դեկտեմբեր 2013 թ.

 

3. Օլիգոպոլիաների մասին

 

«Մենք ասում ենք, որ օլիգոպոլիաների խնդիրը ՀՀ-ում առկա է: Եթե դրանց դնենք հսկողության տակ, օրենքները տարեց տարի խստացնենք, ստեղծենք լայն դաշտ ՓՄՁ-ների համար, ուժեղացնենք Էթիկայի հանձնաժողովը, ապա կարող ենք ունենալ միջին խավ: Եթե այս խնդիրը չլուծենք, կվտանգենք մեր երկրի ապագան»:

 

Դեկտեմբեր 2013 թ.

 

 

4. Լավ ու վատի մասին

 

«Երկրում իրավիճակը այնքան վատ չէ, որքան ներկայացնում են ԶԼՄ-ները: Լավատեսությունն իր տեղը, ցավոք, զիջել է հոռետեսական գնահատականներին: Պետք է հասկանանք այդ դժգոհության օբյեկտիվ պատճառները եւ անկեղծ խոսենք այդ մասին: Եթե իշխանությունը հրապարակային խոստովանում է խնդիրների առկայությունը, դա չի նշանակում, թե մեր կյանքում դրական տեղաշարժեր չկան»:

 

Դեկտեմբեր 2013 թ.

 

5. Մսխումների եւ պատժի մասին

 

«Պետական բյուջեի միջոցները երբեւիցե մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ։ Հանձնարարում եմ բոլորիդ եւ պահանջում ձեզնից, որ ձեր հասցեին հնչած որեւիցե մեղադրանք անպատասխան չմնա։ Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել կամ պատրաստել նյութեր եւ այդ նյութերը ներկայացնել դատախազություն, կամ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են եւ դուք դրա համար պետք է պատասխանատվություն կրեք»:

 

Հունիս 2013 թ.

 

6. Կոռուպցիայի դեմ պայքարի մասին

 

«Հայաստանը չի կիրառում կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանի հաջողված փորձը, որովհետեւ Հայաստանում ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը: Մենք  գնում ենք էվոլյուցիոն փոփոխությունների ճանապարհով: Դա ավելի երկարաժամկետ ջանքեր պահանջող ճանապարհ է, բայց ապահովում է կայունություն, ինչը գերակայություն է մեզ համար` հաշվի առնելով մեր հարեւանների հետ ունեցած հարաբերությունները: Բարեփոխումներ իրականացնելիս մենք միշտ գնահատում ենք մեր ներքին կարողությունները: Աշխարհաքաղաքական իրավիճակը մեր այդ ներուժն էապես կրճատում է: Դրա համար ունենք ավելի երկարաժամկետ ռազմավարություն եւ միգուցե ավելի ցավոտ:

Որն է մեր երկրի խնդիրը: Մենք ունենք մեծահարուստների փոքր եւ աղքատների մեծ խավ: Իսկ հասարակությունն առաջ տանող ուժը միջին խավն է, որը Հայաստանում այսօր թույլ է: Դրա համար մեր նպատակն է մեծահարուստներին վերցնել  հսկողության տակ, նրանց գործունեությունը դարձնել հրապարակային եւ վերահսկելի»:

 

Հունիս 2012 թ.

 

 

7. Մաքսային միության մասին

 

«Մաքսային Միությանն անդամակցելը բովանդակային չէ, քանի որ Հայաստանը ընդհանուր սահման չունի ոչ Ռուսաստանի, ոչ Ղազախստանի, ոչ էլ Բելառուսի հետ: Սակայն այս միավորման հարթակի վրա հնարավոր են այլ փոխշահավետ համագործակցության տարբերակներ: Անհրաժեշտ են ինտեգրման խթաններ. կա այսպես կոչված «հեռավոր տարածքների» փորձը, երբ վերջիններս համագործակցում են միության շրջանակներում ավելի մեղմ պայմաններով ու ստանում են որոշակի արտոնություններ: Մենք առաջարկել ենք մշակել Մաքսային Միության եւ Հայաստանի համագործակցության որոշակի ձեւաչափ: Հարցը հիմա ակտիվ քննարկման փուլում է»:

 

Մայիս 2012 թ.

 

8. Եվրամիության հետ ասոցացվելու մասին

 

«Մոտակա 2-3 տարիներին մեզ սպասվում է լարված եւ մանրակրկիտ աշխատանք՝ եվրոպական ստանդարտների ներդրման ուղղությամբ: Այս ստանդարտներին համապատասխանելու համար անհրաժեշտ են տեխնիկական եւ տեխնոլոգիական գործընթացների, ներքին հսկողության համակարգերի խորը փոփոխություններ: Եվ ինչն ամենակարեւորն է՝ արտադրական ցիկլի մասնակիցների վարքագծի փոփոխությունը: Տնտեսությունը պետք է լուրջ որակական փոփոխությունների ենթարկվի: Մենք պետք է եվրոպական չափանիշներին համապատասխանեցնենք մեր օրենսդրական դաշտը եւ արտադրություններում անվտանգության վերահսկողության համակարգերը: Դա շատ ծավալուն եւ ծախսատար գործընթաց է, բայց այն առաջին հերթին մեզ է անհրաժեշտ: ԵՄ հետ ազատ առեւտրի համաձայնագիրը Հայաստանի համար էական առաջընթաց կապահովի. զգալիորեն կավելանան արտահանումն ու ներմուծումը, կկրճատվի արտաքին առեւտրի դեֆիցիտը: Հատկանշական է, որ ԵՄ հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու մտադրություններ ունեն նաեւ Ուկրաինան եւ Մոլդովան»:

 

Մայիս 2012 թ.

 

9. Արդարության մասին

 

«Երկրում արդարության ապահովումը լրջագույն խնդիր է եւ իշխանությանն ուղղված ժողովրդի պահանջն արդարացված է: Սակայն  հասարակության պահանջը միայն բավական չէ. մեր քաղաքացիների մեծ մասը պատրաստ չէ ջանք գործադրել արդարության ապահովման համար, եւ սա մեր  հասարակության բնորոշ առանձնահատկություններից է: Բոլորը պահանջում են միայն,  որ արդարությունը պարտադրվի պետության կողմից, բոլորն ուզում են, որ լավ լինի,  բայց առանց իրենց մասնակցության: Շատ հաճախ այս կամ այն իրավախախտման մասին հայտնելը մարդկանց շրջանում ընկալվում է որպես, ժողովրդի լեզվով ասած, «գործ տալ»: Բայց այդ նույն մարդիկ պահանջում են պետությունից իրենց արդարություն պարտադրել: Այստեղ կա լուրջ խնդիր»:

 

Փետրվար 2012 թ.

 

10. Օլիգարխների մասին

 

«Մենք հայտարարել ենք պայքար մոնոպոլիաների, օլիգարխների դեմ: Այդ պայքարում հաջողության չենք հասնի, եթե բոլորը սլաքն ուղղեն կառավարության, վարչապետի դեմ: Նայեք ու սպասեք, տեսնենք, թե պարոն վարչապետ, ո՞նց ես պայքարելու նրանց դեմ: Այն մարդիկ են սլաքը կառավարության ու ինձ վրա ուղղում, ովքեր հենց այդ օլիգարխներն ու մոնոպոլիստներն են: Հասարակությունն էլ սպասում է` «էս վարչապետը ո՞նց է նրանց գլուխները կոտրելու»: Այսպիսի մոտեցմամբ մենք երբեք արդյունքի չենք հասնի»:

 

Ապրիլ 2011 թ.

 

 

11. Քաղաքականության մասին

 

«Քաղաքականությունը շատ նման է սպորտի: Պետք է մշտապես լավ մարզավիճակում լինես: Եթե հանկարծ մի պահ դուրս ընկնեք այդ մրցավազքից, շատ դժվար կլինի ետ վերադառնալ, կամ էլ տասնապատիկ ավել ջանքեր կպահանջվեն ձեր մարզավիճակը վերականգնելու համար: Ցանկացած քաղաքական գործիչ ունի իր «սպորտային» տարիքը, ժամանակահատվածը: Կյանքն ինքը դուրս է մղում այն «սպորտային» գործիչներին, որոնք մրցունակ չեն այլեւս: Նման է բոքսին. քանի դեռ քեզ նոկաուտ կամ նոկդաուն չեն ուղարկել, պետք է կռվես մինչեւ վերջ»:

 

Դեկտեմբեր 2011 թ.

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին