Քահանաների «ծնունդը» - Mediamax.am

exclusive
6229 դիտում

Քահանաների «ծնունդը»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Հայկ Բիանջյանի

Լուսանկարը` Հայկ Բիանջյանի

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր Ղեւոնդ աբեղա Սաղաթելյան
Տեր Ղեւոնդ աբեղա Սաղաթելյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր Մկրտիչ աբեղա Կարապետյանը
Տեր Մկրտիչ աբեղա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 10-ին` Սրբոց Ղեւոնդյանց քահանաների տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ պատարագ, որի ընթացքում կատարվեց նաեւ քահանայական ձեռնադրություն:  Պատարագիչ  Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ութ սարկավագներ: Քահանաներից երկուսը ձեռնադրվեցին որպես աբեղա:

 

Մեդիամաքսն անդրադառնում է ձեռնադրության ծեսին՝ ներկայացնելով դրա խորհուրդն ու նշանակությունը, Հայ Առաքելական եկեղեցու քահանաների  «ծնունդը»:

 

Հայ Առաքելական եկեղեցում գոյություն ունի քահանայության 2 աստիճան՝ ամուսնացյալ եւ ոչ ամուսնացյալ քահանայություն` կուսակրոնություն: Կուսակրոն քահանային անվանում են նաեւ աբեղա: Քահանայական այս երկու աստիճանները համապատիվ են եւ տրվում են Սուրբ պատարագի ընթացքում՝ ձեռնադրությամբ ու օծումով: Որպես կանոն՝ օծումը կատարվում է եպիսկոպոսի կողմից՝ Սուրբ Հոգու շնորհները խորհրդանշող մյուռոնով:

ԴՈՍՅԵ
դոսյե
ԴՈՍՅԵ

Ընծայում

 

Ձեռնադրության նախորդ օրը լինում է ձեռնադրվող քահանաների ընծայման կարգը:

 

Սրանով ընծայալները հանձնառություն ու պատրաստակամություն են հայտնում իրենց ընծայելու քահանայական կոչմանը, ինչպես նաեւ հռչակում են եկեղեցու ուղղափառ վարդապետությունը՝  հրապարակայնորեն վկայելով իրենց ուղղափառ խոստովանության մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Միեւնույն ժամանակ հարց ու պատասխանի եւ վկայությունների միջոցով քննություն է արվում նրանց կենցաղավարության մասին: Ընծայացուներն այս կարգով միաբերան մերժում եւ նզովում են հերետիկոսներին՝ ուխտելով հետեւել սուրբ առաքյալների եւ հայոց հայրապետերի հավատքին:

 

Ձեռնադրության կարգը

 

Ընծայման կարգի հաջորդ օրը, սուրբ պատարագի ընթացքում, տեղի է ունենում ձեռնադրության ծեսը: Կարգի համաձայն, ձեռնադրվող քահանաները ծնկաչոք բարձրանում են ավագ խորան, ապա աղոթքների ու շարականների ուղեկցությամբ, դառնալով դեպի ժողովուրդը, ձեռքերը վեր պարզում՝ հրաժարվելով աշխարհիկ կյանքից: Հետո խորան  է բերվում սրբալույս մյուռոնը, որով ձեռնադրող եպիսկոպոսը մեկ առ մեկ օծում է ընծայվողների ճակատները, ձեռքերի ափերը՝ նոր անուններով նրանց քահանայության կոչելով:

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Սրբոց Ղեւոնդյանց քահանաների տոնին կայացած քահանայական ձեռնադրության ժամանակ Թորգոմ սարկավագ Սաղաթելյանը վերակոչվեց որպես Տեր Ղեւոնդ քահանա, Հովհաննես սարկավագ  Կարապետյանը` Տեր Մկրտիչ քահանա, Դավիթ սարկավագ  Չեթինգայան` Տեր Թեոդիկ քահանա, Վահե սարկավագ Ենգիբարյանը` Տեր Մուշե քահանա, Գարիկ սարկավագ Նադանյանը` Տեր Մանասե քահանա, Արամայիս սարկավագ Թախմազյանը` Տեր Թադե քահանա, Ֆրունզե սարկավագ Հովհաննիսյանը` Տեր Օվսե քահանա, Արամ սարկավագ Գասպարյանը` Տեր Մատաթիա քահանա:

 

Ձեռնադրող եպիսկոպոսը կարգը կատարեց հետեւյալ բանաձեւով՝ «Ես ձեռքերս դնում եմ այս անձի վրա,  եւ դուք՝ ամենքդ, աղոթք արեք նրա համար»: Ձեռնադրությունից հետո նորընծա քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին: Ապա խորան բարձրացան Վեհափառ հայրապետը, սրբազան հայրերն ու միաբանները, եւ, համբուրելով նորաօծ քահանաների ճակատներն ու ձեռքերը, շնորհավորեցին նրանց:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր ծառայության ընթացքում առաջին անգամ էր քահանայական ձեռնադրություն կատարում: Ասում է՝ «Ձեռնադրության խորհուրդը յուրաքանչյուր եպիսկոպոսի համար իրավունք է, պատասխանատվություն, հոգեւոր նոր ծնունդ,  զավակներ ունենալու զգացում եւ իրականություն: Զավակ ունենալու պես վերերկրային ուրախության առկայությունն է ձեռնադրությունը»:

 

Ինչպե՞ս տարբերել քահանաներին

 

Քահանայության հիմնական նշանը փորուրարն է: Այն  անցնում է երկու ուսերով, ինչը ցույց է տալիս այն կրողի հանձնառությունը՝ ամբողջովին կրելու Հիսուս Քրիստոսի լուծը: Այս պատճառով էլ քահանաներին համարում են առաքյալներ եւ Քրիստոսի գործի լիիրավ շարունակողներ: Քահանայի տարբերակիչ զգեստներից կարելի է համարել նաեւ փիլոնը` լայն սեւ թիկնոցը, որը ծիսական արարողությունների ժամանակ քահանան կրում է իր ուսերին, իսկ տոնական առիթներով եւ, հատկապես Սուրբ Պատարագի ընթացքում,  քահանաներն ունեն վառ գույներով հատուկ պերճաշուք զգեստավորում: Կուսակրոն հոգեւորականի տարբերակիչ նշաններից է նաեւ վեղարը` սեւ սրածայր գլխի ծածկոցը, որը եկեղեցու հարսնության` քողի նշանն է:

 

Նոր հոգեւոր անուններ

 

Քահանայական ձեռնադրության կարգի համաձայն, ձեռնադրվող քահանաները նոր հոգեւոր անուններ են ստանում: Ավազանի անունը  փոխարինվում է նոր՝ սուրբ խորանից ծննդյան անունով՝ ի նշան նոր կյանքի: Քահանաների համար ընտրում են  սուրբերի անուններ:

 

Սրբոց Ղեւոնդյանց քահանաների տոնի առթիվ մատուցված պատարագի եւ կատարված ձեռնադրության ժամանակ Ղեւոնդ Երեցի անունը ստացավ Թորգոմ Սարկավագը:

 

Տեր Ղեւոնդ քահանան Մեդիամաքսի հետ զրույցում նշեց՝ «Նոր անունն իր համար նոր կյանքի ու ճանապարհի խորհրդանիշ է»:

 

Հովհաննես սարկավագ  Կարապետյանը, ով այլեւս  Տեր Մկրտիչ քահանան է,  նոր անվան իմաստը բացատրեց այսպես. «Քրիստոսն իր առաքյալներին կանչելով վերանվանեց նրանց՝ իբրեւ նշանակ ծննդյան եւ նոր կյանքի, մենք էլ, իբրեւ առաքելական հաջորդականության կրողներ, վերանվանվեցինք՝ սկսելով նոր՝ սուրբ հոգու շնորհներով զարդարված կյանք»:

 

Վեղարի ստացում ու տվչության կարգ

 

Ձեռնադրությունից հետո, երեկոյան ժամերգության ընթացքում, տեղի ունեցավ նորաօծ երկու քահանաների՝ Հայր Ղեւոնդի եւ Հայր Մկրտիչի վեղարի տվչության եւ աբեղայի օրհնության կարգը, որով էլ Մայրավանքի միաբանության շարքերը համալրվեց եւս երկու կուսակրոն քահանաներով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայոց եկեղեցում նախնական շրջանում, շուրջ 100 տարի, կուսակրոն քահանայություն որպես այդպիսին չի եղել, սակայն քահանայական «կուսությունն» ու ճգնակենցաղ կյանքը դիտվել է որպես ընդգծված ապաքինություն: Ժամանակի ընթացքում կուսակրոն քահանաները հիմնեցին վանքեր ու ճգնարաններ ու հաստատվեցին հիմնականում քաղաքներից հեռու վայրերում` նվիրելով իրենց Աստծո ծառայությանը: Հայոց եկեղեցում ապագա քահանան ազատ է ընտրելու ամուսնացյալ կամ կուսակրոն քահանայության ճանապարհը:

 

Վեղարը քահանաներին տրվում է որպես վանականության եւ կուսակրոնության խորհուրդ, աշխարհից ամբողջական հրաժարում: Վեղարի հանձնման արարողությունից առաջ նորաօծ քահանաներն իջման սեղանի մոտ կարդում են կուսակրոնության ուխտագիրն ու ստորագրում այն՝ խոստանալով հրաժարվել աշխարհիկ կյանքից եւ նվիրաբերել իրենց կյանքը Աստծուն ու եկեղեցուն:

 

Նորաօծ աբեղաները

 

Տեր Մկրտիչ աբեղա Կարապետյանն ավարտել է Քահանայից պատրաստման լսարանը, 2013-ին ձեռնադրվել որպես սարկավագ: Հայր Սուրբին եկեղեցու ծառայության է բերել տիրոջ կանչը՝ «նրա մեջ արթնացնելով Աստծուն  ծառայելու եւ նրա զավակներին հովվելու հոգեւոր պահանջը»:

Տեր Մկրտիչ աբեղա Կարապետյանը Տեր Մկրտիչ աբեղա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայր Սուրբը վստահ է՝ «Ձեռնադրությամբ իր առջեւ բացված նոր եւ պատասխանատու ճանապարհը հնարավոր կլինի միայն անցնել՝ որպես առաջնորդ ունենալով Քրիստոս  եւ պատրաստ լինելով մինչեւ անգամ կյանքը ներդնել Եկեղեցու՝ հավատացելոց համար»:

 

Նորընծա աբեղան միաբանության մեջ տեսնում է Տիրոջից կանչվածներին, «ովքեր իրենց մեջ եւ միմյանց համար ունեն Քրիստոսի սերը»:

 

Տեր Ղեւոնդ աբեղա Սաղաթելյանը եւս սովորել է Քահանայից պատրաստման   լսարանում, 2013-ի դեկտեմբերին ձեռնադրվել որպես սարկավագ: Հայր Սուրբին հոգեւոր ծառայության է բերել Աստծու կանչը. «Ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը: Այդ կանչը լինում է ոչ ըստ մեր արժանիքների, քանզի չկա մեկն, ով արժանի լինի, այլ ըստ Աստծո ողորմածության ու շնորհի, ով կանչում է, մաքրագործում, զարդարում շնորհներով եւ առաքում՝ ավետարանելու բարի լուրը»,-ասում է  նա:

Տեր Ղեւոնդ աբեղա Սաղաթելյան Տեր Ղեւոնդ աբեղա Սաղաթելյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Խոսելով իր կյանքում բացված նոր ճանապարհի խորհրդի մասին՝ Տեր Ղեւոնդ աբեղա Սաղաթելյանը նշում է. «Մեր Տերն ինքը հաստատեց թե՛ ճանապարհը, եւ թե՛ խորհուրդը: Այլ ընկալում չի կարող լինել, քան որ է՝  ծառայության, ինքնազոհության, խաչի Ճանապարհ: Եւ վա՛յ մեզ, եթե այլ կերպ ընթանանք»:

 

Նորաօծների 40-օրյա ուխտը

 

Ձեռնադրությունից անմիջապես հետո, Տիրոջ օրինակով, նորաօծ քահանաներն  անցնում են 40-օրյա պահեցողության, խոկման եւ աղոթքի շրջանի: Քահանաների պահքի ավարտը  նշանավորվում է անդրանիկ պատարագի մատուցմամբ, որից էլ սկսում է նրանց բուն քահանայագործության ընթացքը:

 

Հայ-առաքելական եկեղեցում քահանայի հիմնական գործառույթներն են՝  Հիսուս Քրիստոսի վարդապետության քարոզումը, հավատացյալների հոգեւոր պահանջները բավարարելը, խորհրդագործելը՝ պատարագել, մկրտել, պսակել, ինչպես նաեւ  աղոթելը: Քահանան իրավունք ունի նաեւ Սուրբ Երրորդության անվամբ թողություն տալու մեղքերին, բժշկելու եւ խրատելու քրիստոնյային:

 

40 օրյա պահեցողության ընթացքն ամբողջությամբ անցնում է աղոթքի, ընթերցանության, հոգեւոր պատրաստության, ինչպես նաեւ զանազան հոգեւորականների կողմից որոշ գործնական խորհուրդների եւ խրատների ուղեկցությամբ: Այդ ընթացքում քահանաներն ապրում են ամբողջական առանձնության մեջ՝ շփում չունենալով արտաքին աշխարհի, իրենց ընտանիքի անդամների հետ:

 

Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի, Սիրանուշ Եղիազարյանի, Հայկ Բիանջյանի եւ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին