Հայաստանում օսմաներենի լիարժեք ուսուցումը միջոցներ է պահանջում - Mediamax.am

exclusive
5528 դիտում

Հայաստանում օսմաներենի լիարժեք ուսուցումը միջոցներ է պահանջում


Ամատունի Վիրաբյանը
Ամատունի Վիրաբյանը

Լուսանկարը` PAN Photo

Ռուբեն Մելքոնյանը
Ռուբեն Մելքոնյանը

Լուսանկարը` PAN Photo

Ռուբեն Սաֆրաստյանը
Ռուբեն Սաֆրաստյանը

Լուսանկարը` PAN Photo


Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալն աշխարհիկ պետության կարգեր հիմնելիս 1923թ. գործածությունից հանեց օսմաներենը (որն արաբատառ էր) եւ շրջանառության մեջ դրեց լատինատառ այբուբենը: Սակայն օսմաներենը, որը դարեր շարունակ եղել է Օսմանյան կայսրության պաշտոնական լեզուն, շարունակում է գիտական հետաքրքրություն ներկայացնել, քանի որ դրա իմացությունը Օսմանյան կայսրության եւ նրա կազմում ընդգրկված ժողովուրդների պատմության ուսումնասիրության բանալիներից է:

 

Իսկ ի՞նչ մակարդակի վրա է գտնվում եւ ի՞նչ խնդիրներ է լուծում օսմանագիտությունը Հայաստանում: Այս հարցերին փորձել է պատասխանել Մեդիամաքսը` զրուցելով ոլորտի մասնագետների հետ:

 

Օսմանագիտությունը համալիր գիտություն է

 

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ միայն օսմաներենի իմացությունը բավարար չէ այս լեզվով գրված փաստաթղթերն ուսումնասիրելու համար:

 

«Օսմաներեն ձեռագիր կարդալն իրականում շատ բարդ է, քանի որ այնտեղ կան արաբերենի, պարսկերենի եւ թուրքերենի թե՛ քերականական ձեւեր, թե՛ բառապաշար, թե՛ ոճական ու ձեռագրային յուրահատկություններ: Երբեմն տեքստերը հնարավոր է լինում կարդալ երկու-երեք մասնագետի համադրմամբ»,- ասում է նա:

 

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն էլ նշում է, որ օսմաներեն փաստաթղթեր կարդալու համար պետք է առաջին հերթին իմանալ օսմանյան պետականության առանձնահատկությունները:

Ռուբեն Սաֆրաստյանը Ռուբեն Սաֆրաստյանը

Լուսանկարը` PAN Photo

«Նույն տարվա միեւնույն ամսաթիվը տարբեր նախարարությունների պաշտոնական գրագրության մեջ կարող է տարբեր լինել, քանի որ Օսմանյան կայսրությունում օրացույցային 4 համակարգ է օգտագործվել: Սա թերեւս ամենապարզ օրինակներից է»,- ասել է նա Մեդիամաքսին:

 

ՀՀ-ում օսմանագետները քիչ են, սակայն արհեստավարժ են

 

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասում է, որ այժմ Ազգային արխիվում կան օսմանալեզու փաստաթղթեր, որոնք հիմնականում Օսմանյան կայսրության տարածքում գտնվող եկեղեցական կալվածքների վերաբերյալ են: Դրանք կհրապարակվեն «Հայոց եկեղեցու ունեցվածքը Օսմանյան կայսրությունում» գրքի տեսքով, ինչպես նաեւ կօգտագործվեն թուրքական դատարաններին հայցադիմումներ ներկայացնելու համար:

 

«Այս փաստաթղթերի թարգմանությունը, հավանաբար, կատարվել է 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին: Այնուամենայնիվ, մենք համապատասխան մասնագետի օգնությամբ վերանայելու ենք թարգմանությունները, որպեսզի համոզվենք, որ դրանք ճշգրիտ են: Այդ մասնագետները հիմնականում Սփյուռքից են, մեզ անհրաժեշտ են ձեռագիր օսմաներենի մասնագետներ, որոնց քանակը ՀՀ-ում շատ քիչ է»,- Մեդիամաքսին ասել է Ազգային արխիվի տնօրենը:

Ամատունի Վիրաբյանը Ամատունի Վիրաբյանը

Լուսանկարը` PAN Photo

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ ԵՊՀ-ում օսմաներենի դասավանդումն իրականացվում է պատշաճ մակարդակով:

 

«Արեւելագիտության ֆակուլտետում օսմաներեն ուսումնասիրում են եւ՛ բակալավրիատում, եւ՛ մագիստրատուրայում: Նաեւ ունենք ասպիրանտներ, որոնք միջպետական պայմանագրով Սանկտ Պետերբուրգում են ուսանում, որը միշտ հայտնի է եղել իր օսմանագիտական դպրոցով: Շեշտեմ, որ այդ ասպիրանտների` այստեղ ստացած գիտելիքները ոչ միայն բավարար են, այլեւ շատ ավելին, քանի որ անգամ Սանկտ Պետերբուրգում օսմաներենին տիրապետող մասնագետներն այսօր շատ քիչ են ու մի շարք հատկանիշներով զիջում են հայ մասնագետներին: Այս պահին 4-5 ուսանող կա, որոնք բավարար գիտելիքներ ունեն օսմաներենի եւ օսմանագիտության մեջ խորանալու համար»,- ասում է Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկանը:

 

Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ օսմանագետները միշտ էլ քիչ են լինում: Օսմանագիտությունը համարվում է «կայսերական գիտություն» եւ այդ պատճառով հնարավոր չէ ամեն տարի 50 շրջանավարտ ապահովել:

 

«2008թ. ԵՊՀ-ում ստեղծվել է Հայագիտության հետազոտությունների ինստիտուտը, որտեղ գործում է հայ-օսմանական առնչությունների բաժինը: Այդ ծրարի շրջանակում մենք` օսմանագետներս, գրում ենք օսմաներենի առաջին բուհական դասագիրքը, որի աշխատանքներն ավարտման փուլում են»,- Մեդիամաքսին պատմել է Մատենադարանի արաբալեզու ձեռագրերի ուսումնասիրման եւ նկարագրման բաժնի գիտաշխատող, օսմանագետ Անի Սարգսյանը: Նրա խոսքով՝ այսօր օսմանալեզու փաստաթղթեր ուսումնասիրելու խնդիր կա նույնիսկ Թուրքիայում, քանի որ օսմաներեն իմանալը մի բան է, փաստաթղթեր թարգմանելը` այլ:

 

Օսմանագիտության զարգացմանը խոչընդոտող գործոնները

 

Անի Սարգսյանն ասում է, որ այսօր ուսանողներին առավել հետաքրքիր են արդիական խնդիրները եւ դժվար է նրանց համոզել ետադարձ հայացք նետել պատմությանը: Նա բարձրաձայնում է նաեւ ֆինանսական դժվարությունների մասին:

 

«Ամեն տարի փորձում եմ գտնել հիմնադրամներ, որպեսզի կարողանամ Ստամբուլում ձեռագրերի վերծանման ուղղությամբ մասնավոր դասընթաց անցնել, որը շատ թանկ հաճույք է: Բացի այդ, Թուրքիայում եզակի մասնագետներ են, որոնք համաձայնվում են աշխատել հայերիս հետ»,- ասում է նա:

 

Ռուբեն Սաֆրաստյանը, իր հերթին, նշում է, որ Արեւելագիտության ինստիտուտը հնարավորություն ունի երիտասարդ մասնագետներին գործուղելու, սակայն քչերն են համաձայնում, քանի որ գումար վաստակելու խնդիր ունեն:

 

«Թուրքերի հրատարակած փաստաթղթերի մեջ Հայոց ցեղասպանությանը առնչվող այնպիսի փաստաթղթեր կան, որոնք հետաքրքիր են նաեւ հայ մասնագետներին, սակայն լեզվական պատնեշը նրանց չի թողնում, որ ծանոթանան դրանց: Կարծում եմ` կարող ենք մասնագետների խումբ ստեղծել, որոնք այդ փաստաթղթերը կթարգմանեն հայերեն եւ համապատասխան գիտական ապարատով կհրատարակեն: Դրա համար լրացուցիչ ֆինանսավորում է պետք »,- ընդգծում է Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը:

Ռուբեն Մելքոնյանը Ռուբեն Մելքոնյանը

Լուսանկարը` PAN Photo

Ռուբեն Մելքոնյանն էլ կարծում է, որ լրացուցիչ ֆինանսավորման դեպքում կարելի է օսմանագիտության շատ հետաքրքիր ուղղություններ ուսումնասիրել: Օրինակ, նա առաջարկում է արաբագետների, թուրքագետների եւ իրանագետների համատեղ ուժերով ժամանակակից ծրագրեր մշակել եւ դրանցով նպաստել ապագա օսմանագետների պատրաստման գործընթացին:

 

Անժելա Կժդրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին