Ներքին Կարմիրաղբյուրի քարե վահանը` սահմանապահ երեխաների համար - Mediamax.am

exclusive
2571 դիտում

Ներքին Կարմիրաղբյուրի քարե վահանը` սահմանապահ երեխաների համար


Լուսանկարը` Մեդիամաքս

12-ամյա Հայկը
12-ամյա Հայկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ներքին Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենտադյանը
Ներքին Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենտադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սահմանապահ Հայկի եւ ընկերների խաղը, դասամիջոցներին դպրոցի բակում անհոգ վազելն ու, վերջապես, դպրոց գնալ-գալն այսուհետեւ համեմատաբար անվտանգ կդառնա. Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցի դիմաց շուտով կդրվեն պաշտպանիչ պատի վերջին քարերը:

 

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ կառուցվող շուրջ 200 մետր երկարություն եւ 3 մետր բարձրություն ունեցող պատը հակառակորդի կողմից եկող կրակոցներից պաշտպանող «վահան» կդառնա դպրոցի սաների եւ ուսուցչական կազմի համար:

 

***

 

Երեւանից մոտ չորս ժամ ճանապարհ անցնելուց հետո հասնում ենք սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, որն իր աշխարհագրական դիրքով գտնվում է հակառակորդի անմիջական նշանառության տակ: Չնայած եղանակի՝ ոչ այնքան բարենպաստ լինելուն, գյուղում մեծ ֆուտբոլային հանդիպում է սպասվում՝ Երեւանից ժամանած լրագրողների թիմը պետք է մրցի Տավուշի թիմի հետ, որի կազմում մարզի երիտասարդներն են, շարքային  զինծառայողներն ու հոգեւորականները՝ թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր մեքենան կանգ է առնում գյուղի դպրոցի դիմաց: Դպրոցի դարպասներից ներս՝ ֆուտբոլի դաշտում, զինվորների մի խումբ է, որին հետաքրքրությամբ զննում են գյուղի փոքրիկները: Տեսնելով մեզ՝ խմբի երեխաներից մեկը ձեռքով է անում ու վազում ընդառաջ. 12-ամյա «սահմանապահ» Հայկն է, ով երբեք չի դադարում զարմացնել իր համարձակությամբ: Ամեն անգամ, երբ իմանում եմ, որ հակառակորդը կրկին կրակում է սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ  ու զանգում եմ Հայկին՝ իմանալու ի՞նչ իրավավիճակ է գյուղում, Հայկն այնպիսի վստահությամբ է ասում, թե «անհանգստանալու կարիք չկա», որ սկսում եմ զգուշանալ խոսքիս համար բառեր ընտրելիս: Երբեմն էլ ինքն ինձնից առաջ է ընկնում՝ զանգելով ու իրազեկելով, որ «նորից կրակում են, բայց ամեն բան կարգին է, լիքը նկարներ է նկարել, որ գնանք, մեզ ցույց տա…»:

12-ամյա Հայկը 12-ամյա Հայկը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենա՞կ ես եկել: Բա Յանան, Անին  ո՞նց են, իրանց էլ էլի բերեիք: Մնալո՞ւ եք, չէ»,-ասում է Հայկն ու, իրեն հետաքրքրող հարցերի պատասխաններին չսպասելով, հանկարծ հիշում, որ ինձ շատ կարեւոր բան ունի ցույց տալու:

 

«Էն ընկերներս են, հեսա կծանոթացնեմ, բայց արի մի բան ցույց տամ, հետո կգնանք իրանց մոտ: Հեսա կտեսնես՝ ինչ եմ ցույց տալու»,-ուրախությունը չթաքցնելով ասում է Հայկն ու վազում դեպի դպրոցի դիմաց կառուցվող պատը:

 

«Հեսա պրծնելու են, արդեն ավելի ապահով կլինի, մամայենք, դասատուներն էլ մեր համար չեն անհանգստանա, գիտես՝  մենք չենք վախենում, բայց որ դրանք (հակառակորդին նկատի ունի-հեղ.) կրակում են, մեզ չեն թողում դպրոցից դուրս գանք, երբեմն դասարաններում էլ չենք մնում, բոլորիս հավաքում են մի տեղ, մինչեւ կրակոցը պրծնի, բայց դա հեչ. էդ փամփուշտները դպրոցի սաղ պատերը ծակել են, թազա դրած հայելիներն էլ (մատնացույց է անում պատուհանների ապակիները-հեղ.)  հարմարացրել ու երկու տեղից կոտրել են: Էս էլ շինարարներն են, արի ծանոթացնեմ, մեր գյուղացի են, ասում են, պատը երկու տակ են անում, որ փամփուշտը քարը չծակի…»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկի ուրախությամբ ու հույսով շաղախված ոգեւորությունը, դպրոցի պատերին մնացած «սպիներն» ու դիմացի սարից երեւացող հակառակորդի դիրքերը դժվարությամբ եմ համադրում մտքումս: 12-ամյա երեխայի ուրախության առիթը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող հակառակորդի դիրքերի ու իր մանկության հեքիաթի մաս կազմող տարածքի միջեւ բարձրացող՝ ընդամենը երեք մետր բարձրությամբ ու երկու հարյուր մետր երկարությամբ տեսանելիություն ծածկող քարե պատն է, որն ինչ-որ չափով պետք է պարսպի իր ու ընկերների առօրյան՝ չխոստանալով լիակատար անվտանգություն:

Լուսանկարը` Մեդիամաքս

12-ամյա տղան նման ուրախություն պետք է ապրեր գյուղում ֆուտբոլի դաշտ, լողավազան, մարզասրահ կամ խաղահրապարակ կառուցելու համար, իսկ ապրանքային դարում ապրող երեխան՝ նոր սմարթֆոն կամ մարզաշապիկ ու գնդակ նվեր ստանալուց: Բայց Հայկի ու ընկերների համար քարե պարիսպն անգամ նվեր է ու անսահման ուրախության աղբյուր…

 

«Սիրա՜նուշ»,-տավուշեցուն հատուկ շեշտադրությամբ կտրում է Հայկն ինձ իմ մտքերից՝ հիշեցնելով որ էլի բան ունի ցույց տալու: Գրպանից հանում է հեռախոսն ու սկսում «թերթել» տների վրա հակառակորդի կրակոցներից մնացած հետքերն ու տարբեր տրամաչափի փամփուշտների մնացորդները ֆիքսած լուսանկարները:

 

Մի քանի տասնյակ նկար ցույց տալուց հետո Հայկը հիշում է օրվա կարեւորության մասին՝«Դու մեր՝ Տավուշի թիմի կողմից ես, չէ՞: Առավոտից դաշտում ենք, ներկել ենք, կարգի բերել, որ հյուրերին դիմավորենք: Սրբազանին ասել եմ մի խաղ էլ մեր՝ երեխաների համար կազմակերպի, ընկեր Գալստյանն ասում ա՝ մեր թիմը շատ լավ ա խաղում, որ ուշադիր չենք լինում, մեկ-մեկ ջղայնանում ա, բայց մեր համար ա ասում: Բա զինվորներին տեսա՞ր, ոնց-որ նոր խումբ ա եկել, մի հատ գնամ բարեւեմ,  գամ»,-ասում է Հայկն ու վազում զինվորների կողմը:

 

«Պա՞տն էր ցույց տալիս»,-մոտենալով ինձ՝ հարցնում է գյուղապետ Մանվել Կամենդատյանն ու սկսում խոսել  պատի շինարարության ու դրա կարեւորության մասին:

Ներքին Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենտադյանը Ներքին Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենտադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մոտ մեկ շաբաթից շինարարական աշխատանքները կավարտվեն: Կառավարության ֆինանսավորմամբ է կառուցվում: Անկախ կրակոցների հաճախականությունից՝ դպրոցը չի դադարում գործել, իսկ երեխաները միշտ  երեւում են հակառակորդի հենակետից: Պաշտպանիչ պատը շատ կարեւոր նշանակություն ունի ոչ միայն երեխաներին ֆիզիկապես պաշտպանելու տեսանկյունից: Սրանով երեխաները տեսնում են, որ իրենց մասին մտածող կա եւ հոգեպես ավելի ինքնավստահ ու լավ զգում»:

 

Համայնքի ղեկավարը պատմում է, որ գյուղատնտեսական աշխատանքներն արդեն ավարտվել են, գյուղացին արյան գնով խաղողի բերքահավաք է իրականցրել ու խաղողը հանձնել, կրակոցների պատճառով գարնանացանն էլ մի փոքր ուշացել ու նախատեսվածից ավելի քիչ է եղել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գյուղը 730 հեկտար վարելահող ունի, որը նախկինում մշակվել է, բայց հիմա այնպիսի զինատեսակներից են կրակում, որ այդ տարածքում հողագործությամբ զբաղվելը  խիստ վտանգավոր է մարդկանց կյանքի համար»,- ասում է գյուղապետն ու հավելում, որ դա իրենց առօրյան է, գյուղացին շարունակում է հնարավորինս շատ աշխատել ու չտրտնջալ:

 

Ներքին Կարմիրաղբյուրում հույսի նոր շող կա. կենցաղային հարցերից բացի, այստեղ երեխաների կրթության հիմքեր են դրվում: Գյուղապետն ուրախությամբ պատմում է ռոբոտաշինության նորաբաց լաբորատորիայի մասին, որը դպրոցականներին նոր ու խորացված գիտելիքներ է խոստանում՝ ճանապարհ հարթելով դեպի բարձրագույն կրթություն:

 

***

 

Խաղն ուր որ է կսկսվի: Գյուղապետի հետ քայլում ենք դեպի ֆուտբոլի դաշտ: Մի քանի վայրկյան տեւած լռությունը խախտելով՝ Կամենդատյանը նկատում է. «Ամենակարեւորը գիտե՞ք որն է՝ բոլորս պետք է կանգնենք մեր բանակի թիկունքին.  միայն ուժեղ լինելու դեպքում կկարողանանք լուծել մեր բոլոր խնդիրները»:

 

***

Լուսանկարը` Մեդիամաքս

Ներքին Կարմիրաղբյուրում իսկական տոն է. հակառակորդի քթի տակ, անտեսելով ամեն րոպե սպասվող կրակոցի հավանականությունը, բարձր երաժշտության  ուղեկցությամբ շուրջպար են բռնել մարզի երիտասարդներն ու զինվորները: Դպրոցի տնօրենը գյուղում տիրող ուրախությունը համեմատում է հարսանիքի հետ, որն այստեղ 3-4 տարին մեկ է լինում:

 

«Նման դեպքեր մեզ մոտ շատ քիչ են լինում, հիմա ուրախացել ենք, ձեր գնալուց հետո էլ մի ամիս կքննարկենք այս իրադարձությունը, իսկ հետո կբռնենք ձեր ճամփան՝ սպասելով նոր հանդիպման»,-ականջիս շշնջում է գյուղի ծերունիներից  մեկն ու խնդրում գնալուց առաջ մի հատ էլ իրեն ու ընկերոջը նկարել…

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին