Շրջայց անշունչ եւ վերացած կենդանիների օթեւան-թանգարանում - Mediamax.am

exclusive
7386 դիտում

Շրջայց անշունչ եւ վերացած կենդանիների օթեւան-թանգարանում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Քչերին է հայտնի, որ Երեւանում Կենդանաբանության թանգարան կա, որտեղ պահվում են Հայկական բնաշխարհի անհետացած եւ ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակները: Պարույր Սեւակի փողոցում գտնվող թանգարանը հիմնադրվել է դեռեւս 1920թ.-ին:

 

Այն հիմնադրվել է գեներալ Շուստովի առաջարկով, ով բերել էր առաջին նմուշները եւ ցուցադրել Երեւանի նախկին Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում: Հետագայում մոտ 20 տարի այն գործել է Հայաստանի պատմության թանգարանի շենքում: Մինչեւ 60-ականները թանգարանը հոգեվարքի մեջ էր, նմուշները չէին խնամվում, այցելուներ չկային: Որոշ ժամանակ էլ Կենդանաբանական այգում գործելուց հետո Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն Աղասի Չիլինգարյանի նախաձեռնությամբ այն տեղափոխվում է ինստիտուտի տարածք, որտեղ գործում է մինչ օրս:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանում ցուցադրվող նմուշներ կան, որոնք 200 տարեկան են: Այստեղ այնպիսի նմուշներ են պահվում, որոնց կենդանատեսակներն արդեն ոչնչացել են: Սա միակ թանգարանն է, որը կարող է տեղեկություններ տալ Հայաստանի կենդանական աշխարհի պատմության մասին: Այսօր արդեն այցելուները ոչ միայն Հայաստանից են լինում, այլեւ տարածաշրջանից: Երբեմն նաեւ կենսաբանության դասերն են այստեղ անցկացվում:

 

Թանգարանում ցուցադրվում են ավելի քան 650 ողնաշարավոր եւ 3500 անողնաշար կենդանիների նմուշներ: Ամեն բաժնում դրանից 2-3 անգամ ավելի նմուշներ կան գիտական պահոցներում: Հիմա բացման է պատրաստվում հնէաբանական բաժինը, որտեղ կցուցադրվեն վերացած կենդանատեսակները: Շուտով կբացվի նաեւ Արցախի բաժինը: Ցուցադրվում են նաեւ գիտաշխատողների անձնական նմուշները, որոնք նրանք բերել են տարբեր երկրներից եւ նվիրել են թանգարանին: Ի դեպ, թանգարանի մուտքն անվճար է բոլորի համար:

 

Մեդիամաքսը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության թանգարանի վարիչ, պրոֆեսոր Էդուարդ Յավրույանի հետ շրջել է թանգարանում եւ առանձնացրել առավել ուշագրավ ցուցանմուշները:

 

Ընձառյուծներ

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս կենդանատեսակն անհետացող է համարվում եւ գրանցված է միջազգային Կարմիր գրքում: Միայն մի քանի անհատներ են մնացել, այնպիսի տեղերում են, որ հազիվ է հնարավոր լինում նրանց պաշտպանել: Պահպանված կենդանիներն ապրում են Խոսրովի արգելոցում, Շիկահողի անտառում. լավագույն դեպքում երկու ընտանիք կարելի է գտնել: Այս կենդանիներին այսօր էլ սպառնում են որսագողերի փամփուշտները: Թանգարանում ցուցադրվող նմուշը մոտ 110 տարեկան է:

 

Ձկներ

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին հայացքից դժվար է հավատալ, որ այս ձկներն Սեւանի իշխանի տեսակ են: Կան իշխանի չորս ռասաներ: Սեւանա լճում այս իշխաններն առհասարակ վերացել են: Սրանց քաշը մինչեւ 27 կգ էր հասնում: Այժմ դժվար է տեսնել նույնիսկ փոքրիկ իշխաններ: Այս ցուցանմուշները մոտ 65 տարեկան են:

 

Օձեր

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկական աշխարհի չորս թունավոր օձերից են անդրկովկասյան գյուրզան եւ հայկական իժը: Գյուրզան, որի չափսերը բավական մեծ են, շատ վտանգավոր է: Այս տեսակների պահպանման հետ եւս խնդիրներ կան: Ժամանակին սողուններին կոտորել են` դրանց թույնը քաշելու եւ վաճառելու համար: Վերջին տարիներին քանակը մի փոքր վերականգնվել է:

 

Մողեսներ  

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկական մողեսները հաճախ բռնում են հուշանվերներ պատրաստելու համար: Այդպիսի վաճառքի կետերից մեկից էլ պրոֆեսոր Էդուարդ Յավրույանը գնել եւ թանգարան է բերել արձանիկի վերացված մողեսների տեսակներ: Կովկասյան ագամաները եւս անհետացման եզրին են:

 

Թիթեռներ եւ միջատներ

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանում ցուցադրվում են թիթեռների եւ միջատների հազվադեպ տեսակներ: Դրանց որսը տարածված է, մարդիկ բռնում են առանց մտածելու, որ հնարավոր է` դա վերջինն է:

 

Շերտավոր բորենի

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս կենդանու անունը լսելիս մարդիկ առաջինը մտածում են Աֆրիկայի մասին: Հայաստանում բորենու շերտավոր տեսակը բավական երկար ապրել է, հետո՝ անհետացել: Մինչեւ 60-70-ական թթ. Հայաստանի հատկապես հարավային շրջաններում կարելի էր գիշերները լսել դրանց ոռնոցը: Սա միակ վերջին անհատն է, որը խրտվիլակի տեսքով է պահվում: Նմուշը մոտ 80 տարեկան է:

 

Անդրկովկասյան գայլ

Լուսանկարը` Մեդիամաքս

Էդուարդ Յավրույանը նշում է, որ այսօր մեծ վտանգ է գայլերի ոչնչացումը: Գայլերին ոչնչացնելու խնդիր է առաջացել, քանի որ այս կենդանին դաշտերում որսալու ոչինչ այլեւս չունի եւ ստիպված հարձակվում է ընտանի կենդանիների վրա: Թանգարանի տնօրենը պատմում է, որ այս գայլը մինչեւ խրտվիլակ սարքելը սարսափելի վիճակում է եղել` հյուծված եւ նիհար: Այս ցուցանմուշը համեմատաբար նոր է, պատրաստված է 2001թ.-ին: 

 

Մյուս գայլը մոտ 60 տարեկան է, սա տափաստանային գայլն է` չափերով ավելի փոքր:

 

Այծյամներ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժողովուրդն այս կենդանիներին կխտար է ասում: Այս այծյամների էգը եղջյուրներ չունի, որձն` ունի: Թանգարանում պահվում եմ այս կենդանիների ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային մորթով տեսակներ: Այծյամներն ուտելու նպատակով հաճախ են հայտնվում որսագողերի թիրախում, եւ դրանց թիվը պակասել է: 

 

Հայկական վայրի ոչխար եւ բեզոարյան այծ

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս երկու կենդանիները գրանցված են միջազգային Կարմիր գրքում: Մուֆլոնը համարվում է ամենահին հայկական ընտանի ոչխարի նախատիպը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բեզոարյան այծ եւս շատ քիչ կարելի է հանդիպել: Ինչպես մուֆլոնի նմուշը, այնպես էլ սա, արուներ են, էգերի եղջյուրներն ավելի փոքր են: Էդուարդ Յավրույանն այս կենդանիներին վերցրել է որսագողերից:

 

Գիշատիչ թռչուններ. Միրուքավոր արծիվ

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանում կան այնպիսի թռչնատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում հատուկ պահպանության ներքո են գտնվում; Դրանցից է միրուքավոր արծիվը: Այս թռչունը կարելի է տեսնել Խոսրովի արգելոցում, Ալավերդու եւ Նոյեմբերյանի ժայռերում: Սրանք դիակակերներ են: Ցավոք, հաճախ արծիվներին մարդիկ որսում եւ խրտվիլակները փակցնում մեքենաների ապակիներին:

 

Ջրլող թռչուններ

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանում արհեստականորեն վերականգնել են Սեւանա լճի ջրլող թռչունների տեսարան, որն այսօր արդեն իրականում տեսնելն անհնար է: Այստեղ կան Կարավայկա, Կվակվա, Մոխրագույն տառեղ, Չոնգա, Ձկնկուլ եւ բադերի տեսակներ:

 

Ֆլամինգո

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժամանակին Հայաստանում նաեւ ֆլամինգոներ են եղել, սակայն այսօր արդեն հազվադեպ կարելի է հանդիպել: Թանգարանում պահվում է ֆլամինգոյի ընտանիք:  Նմուշներից մեկը 30 տարեկան է, մյուսը` 7:

 

Սեւ արագիլ

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանի խորհրդանիշերից արագիլը նաեւ սեւ տեսակի է եղել: Այս ցուցանմուշը շատ հին է, եւ թանգարանի աշխատակիցները նույնիսկ ռեստավրացիա չեն անում` վախենալով, որ այն կարող են կորցնել: Նոր նմուշ ձեռք բերելը բավական բարդ կլինի:

 

Ականջավոր բու

Լուսանկարը` Մեդիամաքս

Ականջավոր բուն գիշերային ամենամեծ գիշատիչներից է: Որսում է մկներին, թռչուններին, սողուններին: Նմուշը մոտ 15 տարեկան է, դարձյալ որսագողերից է վերցված: Բնության մեջ բավական յուրօրինակ տեղերում են ապրում, դրանց համար հարկավոր են մեծ փչակավոր ծառեր, որոնք այսօր Հայաստանում քիչ կան: Բարեբախտաբար, այս թռչունները կարողանում են հարմարվել նաեւ փլատակներում, քարակույտերում եւ քարանձավներում:

 

Գորշ եւ սիրիական արջեր

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանում պահվում են գորշ մեծ եւ փոքր արջեր: Ապրում են Հայաստանի հյուսիսային մասերում` անտառամերձ տարածքներում, բարձրադիր վայրերում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրիական արջերը հարավային մասերում են լինում, չափսերով ավելի փոքր են եւ ձմռանը քուն չեն մտնում:

 

Կենդանաբանության թանգարանը գտնվում է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Պարույր Սևակի փող., 7 շենք հասցեով: Հեռախոսը՝ 010 28 15 02:

 

Մարի Թարյան

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին