Հայտնի են «Զվարթնոցի» պահպանման առաջարկի մանրամասները - Mediamax.am

exclusive
8548 դիտում

Հայտնի են «Զվարթնոցի» պահպանման առաջարկի մանրամասները


Լուսանկարը` Էսքիզները՝ Ժորժ Շեխլյանի

Լուսանկարը` Էսքիզները՝ Ժորժ Շեխլյանի

Լուսանկարը` Էսքիզները՝ Ժորժ Շեխլյանի

Լուսանկարը` Էսքիզները՝ Ժորժ Շեխլյանի

Լուսանկարը` Էսքիզները՝ Ժորժ Շեխլյանի


«Զվարթնոց» օդանավակայանի շենքի համահեղինակ, ճարտարապետ Ժորժ Շեխլյանը Հայաստանում է՝ անձամբ ներկայացնելու Կլոր շենքի փրկության իր նախագծերը:

 

Ավելի վաղ Մեդիամաքսին տված հարցազրույցում ճարտարապետը ներկայացրել էր իրեն առավել հոգեհարազատ տարբերակը, որը նախատեսում է Կլոր շենքի զարգացումն առանց էստակադայի: Ժորժ Շեխլյանն ասել էր, որ նախագծերի ֆիլմային տարբերակն է պատրաստել, որն ավելի հստակ պատկերացում է տալիս, թե ինչպես է նախատեսում շենքի զարգացումը:

 

Ներկայում Երեւանում գտնվող ճարտարապետը Մեդիամաքսին տրամադրել է Զվարթնոց օդանավակայանի ընդլայնման՝ առանց էստակադայի էսքիզի ֆիլմային տարբերակը:

 

 

Այս տարբերակով օղակաձեւ համալիրը բաժանվում է 4 տարբեր ֆունկցիոնալ մասերի։

Լուսանկարը` Էսքիզները՝ Ժորժ Շեխլյանի

Առաջին հատվածը հատկացված է միջազգային թռիչքների համար եւ ունի 6 ուղեւորակամրջակ ու 6 ինքնաթիռների կայանատեղի։

 

Երկրորդ հատվածը հատկացված է տեղական թռիչքների համար (Ստեփանակերտ, Գյումրի, Գորիս) եւ ունի 4 ուղեւորակամրջակ եւ 4 ինքնաթիռների կայանատեղի։

 

Երրորդ հատվածը նախատեսված է բարձրաստիճան ուղեւորների համար (VIP)։

 

Չորրորդը կենտրոնական մասն է՝ իր աշտարակով: Այն նախատեսված է որպես վարչական, հյուրանոցային, առեւտրային եւ ժամանցային կենտրոն։

 

Ժորժ Շեխլյանը ներկայացրել է նաեւ այս տարբերակի իրականացման համար հարկավոր շինարարական աշխատանքները.

 

«Քանդվում է օղակաձեւ համալիրի էստակադան եւ 8 կապող կամրջակները:

Ուժեղացվում է կլոր համալիրը՝ ըստ գործող սեյսմիկ նորմերի: Մեկ թռիչքով ընդլայնվում է նոր համալիրի սպասասրահը (12 մետր)՝ կապող կամրջակով դեպի արեւմուտք: Օդանավակայնի մակերեսն արդեն գոյություն ունեցող տարածքի հաշվին մեծացվում է 11 500քմ-ով՝ (լայնքը 24,6 մ եւ կամրջակը 6մ)»:

 

Ժորժ Շեխլյանը բացատրել է, թե որ դեպքում է կողմ հին մասնաշենքի էստակադայի (օղակաձեւ սպասասրահի եւ աշտարակի միջեւ եղած ճանապարհը) քանդմանը:

 

Նա ասել է, որ թռիչքուղի ուղեւորները միեւնույնն է հասնում են երկու շենքերի միջեւ առկա ուղեկամրջակով, հին մասնաշենքի էստակադան չի օգտագործվում: Ճարտարապետի խոսքով, չօգտագործվող էստակադայի ուժեղացումը եւ գործող սեյսմիկ պահանջներին համապատասխանեցնելը մեծ գումարներ է պահանջում, եւ եթե այն վերանորոգումից հետո դարձյալ չի օգտագործվելու, նորից հայտնվելու է նույն վիճակում:

 

«Եթե հին մասնաշենքը այլ նպատակներով օգտագործվի, այդ դեպքում էստակադան եւս կկիրառվի ու պահպանելն անհրաժեշտություն կլինի»,- ասել է նա:

 

Անդրադառնալով ուղեւորների սպասարկմանը՝ Ժորժ Շեխլյանը նշել է, որ իր նախագծով նոր համալիրի մեկնողների սրահը դեպի արեւմուտք կապող կամրջակով մեծանում է մեկ թռիչքով (12 մետր)։ Այս տարբերակը կարող է միաժամանակ սպասարկել 15 ինքնաթիռ ՝ ունի 15 ելք ուղեւորակամրջակով եւ 15 կայանատեղիով։

 

Ճարտարապետը նաեւ աղյուսակով ներկայացրել է, թե ինչ զգալի տարբերություններ կան կոնցեսիոների ներկայացրած մաստեր պլանում եւ իր նախագծում:

 

 

«Սեփականատիրոջ համար իմ նախագծի իրականացումն ավելի ձեռնտու կարող է լինել: Միայն ներդրվելիք գումարների տարբերությունն արդեն խոսում է այս մասին. այս տարբերակի իրականացման համար կպահանջվի 10-15 մլն դոլարի ներդրում, մինչդեռ ըստ մաստեր պլանի՝ պատրաստվում են 101 մլն դոլարի ներդրում անել»,- ընդգծել է նա:

 

Զվարթնոցի հին մասնաշենքի համահեղինակը Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ Երեւանում հանդիպումներ է ունեցել քաղաքաշինության նախարարի, Երեւանի գլխավոր ճարտարապետի, Ճարտարապետների միության նախագահի եւ այլ շահագրգիռ կողմերի հետ, որոնց ներկայացրել է իր նախագծերը: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ճարտարապետին վստահեցրել է, որ ամենայն պատասխանատվությամբ կզբաղվի շենքի հետագա ճակատագրով եւ նախագծերը կներկայացնի պատկան մարմիններին:

 

Մարի Թարյան

Էսքիզները՝ Ժորժ Շեխլյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին