Դիրքերում պատրաստվում են տոներին՝ չմոռանալով թշնամու մասին - Mediamax.am

3745 դիտում

Դիրքերում պատրաստվում են տոներին՝ չմոռանալով թշնամու մասին


Մայոր Գրիգոր Ներսիսյանը
Մայոր Գրիգոր Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտական հերթափոխի երդումը տալուց հետո ՀՀ հյուսիսային դարպասի զինծառայողները շտապում են սահմանˋ խոսքը գործ դարձնելու: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված երկօրյա դասընթացի շրջանակներում հավատարմագրված լրագրողները եւս սահմանում են: Առաջին հարցը, որի մասին դիրք հասնողին զեկուցում են զինծառայողներըˋ սահմանի հանգստությունն ու իրենց կողմից ապահովվող անվտանգությունն է:

 

Զորամասի հրամանատար գնդապետ Սողոմոն Խաչատրյանը ներկայացնում է դիրքի ինժեներական եւ նյութատեխնիկական կահավորվածությունըˋ վստահեցնելով, որ յուրաքանչյուր պահի բոլոր դիրքերը պատրաստ են մարտի:

 

«Առաջնահերթ անհրաժեշտության զինատեսկաներըˋ հիմնականում խոշոր տրամաչափի գնդացիրները, մշտապես գտնվում են իրենց կրակային դիրքերում, զենքի հերթափոխ չի լինում, այն միշտ պատրաստ է կրակի: Կարեւոր է նաեւ ինժեներական պատրաստվածությունը. ելնելով այս կամ այն հանգամանքիցˋ խրամուղիների մի մասը փայտով, մի մասն էլ քարով ենք ամրացրել»,- ասում է գնդապետն ու վստահեցնում, որ այստեղ ամեն մի մանրուք իր նշանակությունն ու կարեւորությունն ունի: Խաչատրյանը նշում է, որ նմանատիպ կառուցվածք ու մարտական պատրաստվածություն ունեն նաեւ շղթայի մյուս դիրքերը:

 

Մայոր Գրիգոր Ներսիսյանը լրացնում է գնդապետին՝ ցանկացած դիրք ապահովված է գիշերային տեսանելության սարքերով, ինչն առավել հեշտացնում է գիշերային ժամերի հերթապահությունըˋ զինծառայողի կողմից վերահսկելի դարձնելով տարածքը.

 

«Սահմանում իրավիճակը հանդարտ ու հանգիստ է, գրեթե 20 օր հրադադարի ռեժիմը մեր ուղղությամբ չի խախտվել: Խախտման դեպքում ամեն պահի տղաները պատրաստ են պատվով ու անխոչընդոտ կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: Ընդհանրապես, մեր դիրքերի ուղղությամբ հակառակորդը միշտ զգուշավորություն է ցուցաբերումˋ չփորձելով ավելորդ խնդիրներ ստեղծել իր համար»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրադառնալով դիրքապահ տղաներինˋ մայոր Ներսիսյանը նկատում է. «Տղաները գիտակցաբար են բարձրանում դիրքեր, սահմանապահի գործն անում են բարձր պատասխանատվությամբ ու պահի լրջության գիտակցմամբ: Շատերն այս տարածաշրջանից են, այստեղ կանգնելովˋ պաշտպանում են ոչ միայն հայրենիքի սահմանը, այլեւ իրենց տունը: Ժողովուրդը թող հանգիստ լինի ու զբաղվի իր առօրյայով. սահմանը պահելն ու դրանով մտահոգվելը մեր խնդիրն է»:

 

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանն ասում է, որ 2016-ին, ի տարբերություն նախորդ երկու տարիների, այս զորամիավորման պահպանության տեղամասերում չի արձանագրվել հակառակորդի կողմից կիրառված ականանետային կրակոց: Կրակոցների ընդհանուր թիվը եւս այս տարածքում նվազել է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գնդապետ Պետրոսյանը նշում է, որ հակառակորդը ծանր զենքի կիրառմամբ հիմնականում թիրախավորում է սահմանամերձ բնակավայրերըˋ նպատակ ունենալով խոչընդոտել գյուղացիների գարնանային կամ աշնանային գյուղատնտեսական աշխատանքներըˋ այդ կերպ ահաբեկելով խաղաղ բնակչությանը:

 

«Հայկական կողմը հակառակորդի կրակոցներին արձագանքում է բացառիկ դեպքերում, երբ դրանք ուղղված են լինում մեր խաղաղ բնակավայրերին»,- ասում է նա:

 

Տավուշի մարզի շուրջ 24 համայնք գտնվում է հակառակորդի անմիջական նշանառության տակ եւ ՀՀ կառավարության 2015թ. որոշմամբ ազատված է հարկերից:

 

Դիրքում շրջելուց հետո լինում ենք գետնատնակում ու խոհանոցում, ծանոթանում զինվորի բաժին սննդի հետ: Մայոր Ներսիսյանը նշում է, որ սննդամթերքի քանակն ու բազմազանությունը գնալով ավելանում է, իսկ որակական խնդիրներ չեն ունենում, ինչը հաստատում են զինծառայողները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաժեշտի պահին զինվորներից մեկը նկատում է՝ «Մի քանի օրից գայիք, մեր տոնածառն էլ կնկարեիք»: Հետո հավելում, որ դեկտեմբերի 20-ից հետո սկսում են զարդարել տարածքըˋ չշեղվելով ծառայությունից:

 

«Էդպես մեզ լրիվ տանն ենք զգում, չնայածˋ տոնական ու բարձր տրամադրությունը դիրքում միշտ առկա է»,- ասում է նա:

 

Ամանորի շեմին հակառակորդի հնարավոր ակտիվացման վերաբերյալ հարցը ստանում է կարճ ու հստակ պատասխան. «Ստիպելու ենք չակտիվանան»:

 

Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին