«Հայի դուխով» ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը - Mediamax.am

exclusive
12112 դիտում

«Հայի դուխով» ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը


Սարգիս Գաբրիելյանը
Սարգիս Գաբրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարգիս Գաբրիելյանը
Սարգիս Գաբրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարգիս Գաբրիելյանը՝ թիմակիցների հետ
Սարգիս Գաբրիելյանը՝ թիմակիցների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Սարգիս Գաբրիելյանը
Սարգիս Գաբրիելյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Սարգիս Գաբրիելյանը
Սարգիս Գաբրիելյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին առաջին անգամ հանդիպեցի նրա՝ Արցախի դիրքերում վիրավորվելուց մի քանի օր անց։ Այդ օրերին շատերն էին գնում հոսպիտալ՝ Սարգսին ու ընկերներին քաջալերելու, սակայն ամեն անգամ այցելուները հիվանդասենյակից հեռանում էին ապշահար. Սարգիսը հյուրերին ընդունում էր կատակներով, այդպես էլ ճանապարհում էր։ Զրույցի ժամանակ էլ ասում էր, որ անպայման վերադառնալու է ծառայության, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Թվում էր` նա աջակցության կարիք չունի։ Իհարկե, սա միայն մակերեսն էր։ Իրականում ավագ լեյտենանտի համար գլխավորն այն է, որ իրեն չխղճան։ Հիմա ժպիտով է հիշում՝ ինչպես 3 ամիս չէր խոսում տատիկի հետ միայն այն պատճառով, որ վերջինս ասել էր՝ «վա՜յ, խեղճ թոռս»:

 

Ապաքինվելուց անմիջապես հետո նա վերադարձավ ծառայության։ Դրանից հետո արդեն նույն ոգեւորությամբ խոսում էր առաջին գիծ վերադառնալու մասին։ Ասում էր՝ վրեժ ունի լուծելու։ Հիմա Սարգսի կյանքում շատ բան է փոխվել. ասում է՝ սկսել է սառը դատել։ Մեդիամաքսը ավագ լեյտենանտի հետ զրուցել է ներկայիս կյանքի ու նոր հետաքրքրության՝ սպորտի, սահման վերադառնալու մտքից հրաժարվելու պատճառների եւ զինվորական ապագայի մասին։

 

Սահման վերադառնալու մտքից հրաժարվեց, բայց ասում է՝ եթե պատերազմ լինի, անպայման գնալու է։ Դեպքի ժամանակ Սարգիսը լեյտենանտ էր, հիմա՝ ավագ լեյտենանտ։ Ասում է՝ ինչպես յուրաքանչյուր զինվորական՝ ձգտում է գնդապետի կոչման, բայց դրա համար տարիներ եւ լրացուցիչ կրթություն է պահանջվում։ Երբ կոչումը բարձրանա, կմտածի նաեւ ուսման մասին։ Հիմա ուզում է մնալ թիկունքում, հետագայում աշխատել որպես դասախոս, իր օրինակն ու փորձը փոխանցել մյուսներին։

 

«Ես իմ խղճի համար եմ վերադարձել ծառայության, ոչ թե կառավարության կամ ինչ-որ մեկի։ Այն ժամանակ իմ ամենամեծ ցանկությունն առաջին գիծ վերադառնալն էր։ Երբ սկսեցի սառը դատել, հասկացա, որ դիրքերում չեմ կարող արդարացնել ինձ։ Թեկուզ այն, որ չեմ կարող զենքս լիարժեք օգտագործել, խնդիր է։ Այն ժամանակ զգացմունքային էի, ասում էի՝ վրեժ, վրեժ։ Հիմա եմ հասկանում, որ վրեժը ոչ թե թուրք սպանելն է, այլ օգտակար լինելը։ Թող Աստված լուսավորի իմ ծառայակից ընկերների հոգիները։ Վստահ եմ՝ իրենք էլ չէին ուզի, որ ես մահանայի իրենց արյան վրեժի համար»,- ասում է Սարգիսը, ապա հավելում, որ խոսքը պատերազմական դրության մասին չէ։ Նրա խոսքով, եթե պատերազմ լինի, պարտավոր է գնալ առաջնագիծ, օգնել ինչով կարող է, այս դեպքում եւս երկրորդ կարծիք լինել չի կարող։

 

«Ապրիլյան պատերազմի ժամանակ ուզում էի գնալ, թույլ  չտվեցին։ Քանի որ ծառայում եմ, առանց թույլտվության գնալն իմ կողմից օրենքի խախտում կլիներ։ Սրտիցս արյուն էր կաթում, որ հեռուստատեսությամբ էի հետեւում իրադարձություններին, իմանում, որ էլի զոհ ունենք։ Մտածում էի՝ ես իմ մարմնի մի մասն եմ տվել այս պատերազմում, իսկ իրենք՝ իրենց կյանքը»,- նշում է զինվորականը։

 

Առաջին գիծ վերադառնալու միտքը Սարգիսը վերանայել է, երբ վիրավորումից հետո գնացել է իր զորամաս՝ Եղնիկներ։ «Դեպքից հետո գնացի Եղնիկներ։ Ուզում էի բարձրանալ դիրքեր, տղաները չթողեցին։ Որոշեցի ոտքով բարձրանալ, անձրեւ էր եկել, ցեխ էր, սայթաքեցի։ Ծունկս թեւիս վրա ընկավ, թեւս կրկին վնասեցի։ 10 օրով էի գնացել, 7 օրը պառկած մնացի։ Հասկացա, որ շատ բան է փոխվել»,- ափսոսանքն աչքերում ասում է նա ։

Սարգիս Գաբրիելյանը Սարգիս Գաբրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավագ լեյտենանտը խոստովանում է, որ ինչ-որ պահի վրեժի ծարավն իրեն ներսից քայքայում էր. «Ամեն վայրկյան հիշում էի դեպքը ու սարսափելի նյարդայնանում։ Ուղեղս անջատվում էր, միայն վատի մասին էի մտածում։ Հիմա էլ եմ հիշում, բայց այդ ներվայնությունն այլեւս չկա։ Հասկացա, որ մենք արնախում ազգ չենք, բանական մարդիկ ենք»։

 

Սարգիսը միշտ խոսել է միայն դրականի եւ ոչ մի բառ՝ իրական ապրումների մասին։ Հիմա ավելի բաց է, հավանաբար, որովհետեւ հաղթահարել է հոգեբանական խնդիրները։

 

«Սկզբում մոտս միայնակ մնալու փուլն էր։ Քիչ էի շփվում մարդկանց հետ։ Ինձ համար փակ էր այդ թեման։ Հիմա խոսում եմ, կատակում։ Հասկանում եմ, որ եթե մտքերիս հետ մենակ մնամ, դրանք ինձ կհաղթեն, բայց մենք պիտի թելադրենք մտքերին, ոչ թե հակառակը։ Եթե կրկին կարիք լինի զենք վերցնելու ու կանգնելու թշնամու առաջ, չեմ երկմտի։ Դա կարեւոր է, որովհետեւ ոմանք կարող են խղճալ։ Իմ միջից ջնջվել է խղճահարությունը։ Առաջ մտածում էի՝ բա որ…  Հիմա հասկացել եմ՝ «բա որ» չկա։ Առաջ մտածում էի՝ բա որ մահանամ… Հիմա դա քիչ է հետաքրքրում ինձ։ Եղիշեն լավ խոսք ունի. «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահն՝ անմահություն»։ Հասկացել եմ, որ, եթե պիտի մահանամ, կմահանամ։ Դեպքի ժամանակ արյանս 80%-ը կորցրել էի, բայց չմահացա։ Եթե ասեմ՝ մահից բացարձակ չեմ վախենում, կստեմ։ Եթե ինչ-որ վախեր չունենաս, կյանքդ անհետաքրքիր կլինի։ Ցանկացած մարդ ուզում է ապրել, բայց հիմա չեմ մտածում այդ մասին։ Պատերազմական դրությունում էլ չես մտածում այդ մասին։ Դեպքի պահին ինձ համար մեկ էր՝ կմեռնեմ, թե ոչ։ Մենք միայն մտածում էինք՝ ինչպես անենք, որ մեր կողքինը ողջ մնա։ Երբ ձեռքս գցեցի նռնակին, ինձ համար մեկ էր՝ կմեռնեմ, թե ոչ, կարեւորը՝ զինվորս չվնասվեր։ Դիվերսիաները, ապրիլյան պատերազմն ապացուցում են, որ մենք պարտվելու իրավունք չունենք։ Մենք ունենք մի զենք, որը ոչ ոք չի կարող գնել. կարող են «Իսկանդեր» գնել, բայց հայի «դուխը» ոչ ոք չի կարող գնել»,- ընդգծում է սպան։

 

Սարգիսը նշում է, որ դեպքից հետո իր համար ամենածանր փուլը եղել է ընկերների կորստի հետ հաշտվելը, թեեւ դա այնպիսի ցավ է, որ հնարավոր չէ լիարժեք հաղթահարել։

 

22 տարեկանում հաշմանդամություն ձեռք բերելու հետ հաշտվելն էլ հեշտ չի եղել, սակայն հաղթահարել է։ Ասում է՝ գլխավորն այն է, որ ինքդ քեզ հաշմանդամ չհամարես։

 

«Չգիտեմ՝ ինչ կանեմ, եթե իմանամ, որ դիմացինս ինձ ասում է՝ խեղճ տղա։  Ինձ համար դա անընդունելի է։ Ես ինձ հաշմանդամ չեմ համարում։ Մի անգամ ֆուտբոլ խաղալիս տղաներից մեկն եկավ, կոշկակապերս կապեց։ Հիմա իմ աջ ձեռքը կողքիս մարդիկ են։ Եթե ես ուզում եմ կապել կոշկակապս, եւ այն կապվում է, ուրեմն իմ աջ ձեռքը կա։

Սարգիս Գաբրիելյանը՝ թիմակիցների հետ Սարգիս Գաբրիելյանը՝ թիմակիցների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Մարդիկ հաճախ են իրար ասում՝ իմ աջ ձեռքն ես։ Իմ դեպքում շատ մարդիկ բառի բուն իմաստով են աջ ձեռքս։ Շրջապատս ինձ օգնեց, որ ինձ մենակ չզգամ։ Արդեն մեկ տարի կլինի՝ չեմ մտածել՝ ինչու պետք է էսպես լիներ, ինչու պետք է չկարողանամ այսինչ բանն անել, քանի որ ընկերներիս ու հարազատներիս օգնությամբ արել եմ այն, ինչ ուզել եմ։ Հասկացա, որ հարազատը նաեւ քեզ օգնելու համար է։ Ես էլ եմ օգնում մարդկանց, ովքեր երկու ձեռք եւ ոտք ունեն։ Ամենակարեւորն այն է, որ ինքդ քո մեջ հաղթահարես հաշմանդամ լինելու զգացողությունը։ Եթե մարդը հոգով հաշմանդամ չեղավ, կողքինն իրավունք չունի իրեն հաշմանդամ համարել։ Ուզում եմ մարդկանց ցույց տալ, որ եթե կորցնում ես մարմնիդ մի մասը, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Մարդը կարող է նույնիսկ 4 վերջույթ չունենալ, բայց  լինի գիտակից ու հաղթահարի դա։ Պետք է միտքդ առողջ լինի։ Մեզ պես մարդիկ պետք են ոչ թե հաշմանդամություն ունեցող, այլ չունեցող մարդկանց։ Նրանք ամեն ինչ ունեն՝ երկու ոտք, երկու ձեռք, բայց ամբողջ օրը «լացում» են»»,- շեշտում է զինվորականը ու հավելում, որ հիմա իր բոլոր ռեֆլեքսներն ու ուժը տեղափոխվել են ձախ ձեռքի վրա։

 

Ասում է՝ այնքան էր հարմարվել ձախ ձեռքին, որ պրոթեզավորումից հետո նույնիսկ անսովոր էր։ «Ծանրը սկզբի մի քանի շաբաթն էր, երբ, օրինակ, վերարկուս ընկնում էր կախիչից, ռեֆլեքսով ուզում էի բռնել, չէի կարողանում։ Երբ հարմարվում ես, ռեֆլեքսներդ ու ուժդ տեղափոխվում են մյուս ձեռքիդ։ Երբ կարողացա հաղթահարել բնազդս, ինձ համար ավելի հեշտ էր։ Նաեւ շրջապատիս շնորհիվ հաղթահարեցի դա. ինձ համար կարեւոր է, որ ինձ չեն առանձնացում, չեն ասում՝ մի արա։ Եթե ծանրություն կա, ես վերցում եմ, ոչ ոք ինձ չի ասում՝ տուր ինձ։ Գիտեն, եթե վերցնում եմ, ուրեմն կարող եմ, եթե չկարողանամ, չեմ վերցնի։ Ի՞նչս է պակաս»,- ասում է նա ու հավելում, որ ընկերները ոչ մի րոպե չեն լքել: Ինքն էլ փորձել է չօգտվել կարգավիճակից ու շահագործել նրանց, արդյունքում հոգեբանական բախում արտաքին աշխարհի հետ չի ունեցել. «Եթե ես համարեի, որ բոլորը պարտավոր են ինձ օգնել, հիմա երեւի միայն մամաս ու քույրս կողքիս կլինեին»։

 

Ավագ լեյտենանտն երբեմն սրտնեղում է, որ երեխաներն իրենից վախենում են, սակայն դրան էլ է սովորել։ Ասում է՝ կան նաեւ երեխաներ, ովքեր հասկանում են, որ իրենից վախենալ պետք չէ. «Մի օր I-II դասարանի մի երեխա մոտեցավ, ասում է՝ ապեր, դու մեզ պաշտպանել ես, դրա համար ձեռք չունե՞ս։ Այնպես որ, ոչ միշտ են ինձանից վախենում»։

Սարգիս Գաբրիելյանը Սարգիս Գաբրիելյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Սարգիսն այժմ սպորտային հետաքրքրություններ ունի։ Այցելում է մարզասրահ։ Մայոր Սարգիս Ստեփանյանի օրինակով ոգեշնչված՝ ավագ լեյտենանտ Գաբրիելյանն էլ է որոշել զբաղվել ձեռնամարտով. «Սարգիսը շատ է ոգեւորել ինձ։ Մտածում եմ՝ նա կարողանում է, ես էլ կկարողանամ։ Մեկ ամիս է, ինչ պարապում եմ։ Սկզբում շատ քիչ քաշով սկսեցի՝ 10 կգ-ից։ Հիմա ձախ ձեռքով հասել եմ 25-30 կգ-ի, պրոթեզով՝ 80»։

 

Սարգիսը նաեւ սեղանի թենիս է խաղում։ Նպատակադրվել է հաղթել այդ գործի «վարպետ» ընկերոջը։ Ասում է՝ դեռ չի հաջողվում, սակայն բոլորը զարմանում են՝ ինչպես է խաղում ձախ ձեռքով։ Վստահ է՝ մի օր հաղթելու է։ Նաեւ՝ վոլեյբոլ է խաղում, լողում, մեքենա վարում։ «Ինձ համար սահմանափակում չկա։ Փորձում եմ ամեն ինչ անել, որ կյանքս նախկինի պես լիարժեք վայելեմ»,- նշում է նա։

 

Ավագ լեյտենանտի պրոթեզավորումը միայն վերջերս են արել՝ վիրավորումից մեկուկես տարի անց՝ Հնդկաստանի հայ համայնքի բարերարների աջակցությամբ։ Խոստովանում է, որ պրոթեզավորումից այլ ակնկալիքներ ուներ։ Այնքան էր ուսումնասիրել շարժական պրոթեզների հնարավորությունները, որ սահմանափակ շարժումներով պրոթեզն անհարմար է թվում։

Սարգիս Գաբրիելյանը Սարգիս Գաբրիելյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

«Մի անգամ մեքենա վարելիս լիցքավորումը վերջացավ՝ այդ դեպքում այլեւս չես կարողում դաստակդ բացել-փակել։ Մի կերպ հանեցի պրոթեզն ու կախված թեւով քշեցի մեքենան։ Սակայն այդպիսի դեպքեր քիչ են լինում։ Ավելի շատ օգնում է, օրինակ` ծանրություն բարձրացնելիս։ Պարզապես իմ սպասելիքներն էին այլ։ Քնում էի ու երազիս պրոթեզ տեսնում, իմ պատկերացրածը չեղավ։ Հուսով եմ՝ ապագայում կլինի»,- ասում է նա։

 

Ամալյա Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին