exclusive
3223 դիտում

Անվանական ծառեր, որ տնկեցին նահատակված տղաների եղբայրները


Լուսանկարը` Մ. Սարգսյան

Լուսանկարը` Մ. Սարգսյան

Լուսանկարը` Մ. Սարգսյան

Յուրի Փարամազյանն ու Վլադիմիր Նարինյանը
Յուրի Փարամազյանն ու Վլադիմիր Նարինյանը

Լուսանկարը` Փարամազյաններիր արխիվից


Յուրի Փարամազյանի ու Վլադիմիր Նարինյանի առաջին գարունը պետք է լիներ զորացրումից հետո, իրենց այգում պիտի ծառեր տնկեին։ Ապրիլյան պատերազմում նահատակված կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանն ու սերժանտ Յուրի Փարամազյանը մեծացել են նույն քաղաքում՝ Արցախի Մարտունում։

Նրանց ընկերության մասին ավելի շատ խոսվեց նրանց զոհվելուց հետո։ Յուրին զոհվեց 2016թ. ապրիլի 2-ին՝իր մարմնով փրկելով նորակոչիկների կյանքերը, իսկ Վլադիմիրը՝ապրիլի 3-ին։

Յուրի Փարամազյանն ու Վլադիմիր Նարինյանը Յուրի Փարամազյանն ու Վլադիմիր Նարինյանը

Լուսանկարը` Փարամազյաններիր արխիվից


Յուրիի հետ մեծացել ենք նույն թաղամասում։ Փարամազյանների ընտանիքը հողի հետ աշխատել շատ է սիրում: Յուրին դեռ մանկուց տատ ու պապի հետ քաղաքին կից հողամասում շատ ժամանակ էր անցկացնում ու զորացրվելուց հետո պիտի դառնար ընտանիքի անսասան սյունը, իր այգու ու տան տերը, իր կենսախինդ մայրիկին ժպիտ պարգեւողը։

Գայանեն՝ Յուրիի մայրը, մեր թաղամասի խանութում է աշխատում: Արդեն մի տարի է, ինչ ամաչում եմ նույնիսկ որպիսությունը հարցնել՝ հասկանալով, որ 20 տարեկան որդուն կորցրած մոր համար «ինչպե՞ս եք» հարցն անիմաստ է, խղճուկ, տկար։ Նրա զմրուխտե աչքերում ժպիտ չկա, չկա ոչինչ՝ քարացած արցունքներից ու անանց տխրությունից բացի։

Ապրիլյան քառօրյայի զոհերի անունը վառ պահելու համար Մարտակերտի զորամասերից մեկում ծառատունկ էր կազմակերպել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղը։ Միջոցառման ժամանակ ապրիլյան քառօրյայի զոհերի թվով անվանական ծառեր տնկվեցին՝ զինվորների եւ ուսանողների մասնակցությամբ։

Լուսանկարը` Մ. Սարգսյան


Ծառատունկին հրավիրված էին Վլադիմիր Նարինյանի եւ Յուրի Փարամազյանի ավագ եղբայրները։ Ճանապարհն անցանք լուռ, սակայն լռությունը ճնշող չէր։ Տղերքը, հավանաբար, մտքում իրենց կրտսեր եղբայրների հետ էին, ովքեր հավերժացան։ Միակ խոսակցությունը եղբայրների գերեզմանաքարերի նկարների մասին էր՝ նման էին իրականին, թե՝ոչ։

Լուսանկարը` Մ. Սարգսյան


Արսենը՝ Յուրիի եղբայրը, եւ Գրիշան՝ Վլադիմիրի եղբայրը, անվանական ծառատունկի ժամանակ իրենց եղբայրների անուններով ծառեր տնկեցին՝ լուռ, անխոս, բայց խոսուն աչքերով։ Նրանք երկուսն էլ իրենց եղբայրներին գրկելու փոխարեն այսօր հողին արմատ են տալիս՝ ծառ, որ պիտի մի օր հաստ բուն ունենա, ամուր արմատներ եւ այդ ամուր արմատներով այս հողին առհավետ կապի երկու գերդաստաններին։

Մարիամ Սարգսյան (Արցախ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am