exclusive
2781 դիտում

Մարդ լինելու եւ իրական սիրո մասին երազող Արեգը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Երեխաների աջակցության կենտրոնը 2006թ.-ից մինչս օրս ունեցել է մոտ 24 հազար շահառու: Այժմ Երեխաների կենտրոնում ապաստանող սաների թիվը 21-ն է:

Կենտրոնում երեխաներին ընդունելուց հետո մասնագետները՝ սոցիալական մանկավարժը, հոգեբանը, սոցիալական աշխատողը, արտթերապիստն ու մանկաբույժը, սկսում են աշխատել նրա հետ: Սոցաշխատողը տուն այց է կատարում, հանդիպում է ծնողին, երեխային, հետո փորձում է համատեղ հանդիպում կազմակերպել եւ դիտարկել հարաբերությունները: Անհարժեշտության դեպքում այցելում է նաեւ դեպքին առնչվող կառույցներ՝ դպրոց, պոլիկլինիկա, թաղապետարան:

Սոցիալական մանկավարժն աշխատում է վարքի շտկման եւ կրթական գործընթացի ուղղությամբ, փորձում լուծել սոցիալականացման խնդիրը, ուսուցանում է անհրաժեշտ հմտություններ: Հոգեբանը անհատական աշխատանք է տանում երեխայի եւ ծնողի հետ, եթե կարիք կա, ընտանեկան թերապիա է անցկացնում:

Ամեն շաբաթ բազմամասնագիտական թիմում քննարկվում է երեխաների դեպքերի վարման ընթացքը, մասնագետները ներկայացնում են իրենց դիտարկումներն ու գնահատումները, դեպքի առանձին մանրամասները եւ յուրահատկությունները, դեպքի վարման պլան են կազմում, որին պարտադիր ծանոթանում է երեխան եւ նրա ծնողը՝ իմանալու համար, թե ինչ մասնագիտական աշխատանքներ են տարվելու, որն է նպատակը: Քննարկվում է երեխայի կողմնորոշման հարցը:

***

ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի նեղ միջանցքներով ոտնաթաթերի վրա քայլող տղային ազատ ժամերին միշտ կարելի է տեսնել գիրքը ձեռքին: Արեգն (անունը փոխված է) ամենից շատ սիրում է Պարույր Սեւակի բանաստեղծությունները կարդալ: Մինչ կենտրոն գալն իր այդ նախասիրությունը չէր բացահայտել, նախկինում դժվարությամբ էր գիրք վերցնում ձեռքը, իսկ հիմա նույն դժվարությամբ է բաժանվում գրքերից: Հաճախ է լինում, որ առավոտյան արթնանալիս կրծքի վրա գիշերվանից բաց մնացած գիրքը սահում է ցած:

Կենտրոնում, կարդալու հանդեպ մեծ սիրուց բացի, Արեգը շատ բան է գտել ու հասկացել:

«Երբ մեր տանն էի, առանձնապես ժամանակ ու տրամադրվածություն էլ չէի ունենում ինձ հետաքրքրող բաներով զբաղվելու: Այստեղ գալուց մեկ ամիս հետո արդեն իմ սենյակի դարակի վրա բազմաթիվ գրքեր էին դրված»,- հիշում է Արեգը:

16 տարեկան տղային Երեխաների աջակցության կենտրոն նախկին դպրոցի ուսուցչուհին է բերել` մոտ 6 ամիս առաջ: Դպրոցում լավ սովորող աշակերտը սկսել էր հաճախ բացակայել, ինչից էլ ուսուցչուհին հասկացել է, որ տղան աջակցության կարիք ունի:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Առաջին օրը, երբ եկա կենտրոն, անպատրաստ էի այդ փոփոխությանը: Անորոշության մեջ էի, չգիտեի՝ ո՞րն է իմը, ի՞նչ ու որտեղի՞ց վերցնեմ, ո՞ր ծայրից սկսեմ եւ ավարտեմ: Բայց ինձ այստեղ շատ լավ ընդունեցին, նույնիսկ մտածում էի՝ գուցե ձեւական վերաբերմունք է, բայց հետո հասկացա, որ իրոք լավագույն տեղն էր, որ կարող էի գալ: Բոլորը շատ ջերմ ու հոգատար են իմ հանդեպ: Ընթացքում սովորեցի, այստեղ այնքան հագեցած է օրը, այնքան արագ մտա այս միջավայրի մեջ, որ էլ ժամանակ չէր մնում մտածելու դրսի կյանքի հարցերի մասին: Այս միջավայրը շատ արագ դարձավ իմը, իմ ընտանիքը: Եթե հետ եմ նայում, հիշում եմ սկզբի օրերը, ընդամենը մեկ-երկու շաբաթ պահանջվեց, որ այս ընտանիքի լիարժեք անդամը դառնամ»,- ասում է Արեգը:

Դպրոցական ծրագրից Արեգը բավական հետ էր, քանի որ ամիսներ շարունակ բացակայել էր դասերից:  Առաջին քայլը նրան նոր դպրոց տեղավորելն էր: Կենտրոնի աշխատակիցները հարեւանությամբ գտնվող դպրոց են տարել նրան, այնտեղ բացատրել են, որ ճիշտ է՝ տղան ծրագրային բացթողումներ ունի, բայց հրաշալի երեխա է, լավ ընդունակություններ ունի, իրենք էլ կպարապեն, կողքին կլինեն, որպեսզի նա կարողանա կրթությունը շարունակել իր տարեկիցների դասարանում: Քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո Արեգին ընդունել են դպրոց ու նա շարունակում է սովորել.

«Ճիշտն ասած՝ չէի պատկերացնում, որ այդպես կկարողանամ հանձնել քննությունները, բայց ժամանակ անցավ, պարապեցի ու նորից դպրոց ընդունեցին ինձ: Դպրոցը մինչ այդ ինձանից շատ հեռու, բոլորովին այլ մոլորակ կարծես լիներ, ես չէի պատկերացնում, որ կգնամ մի դպրոց, որն ինձ համար տուն կդառնա: Կենտրոն գալուց հետո ամեն ինչում ավելի կայուն եմ դարձել»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դպրոցում Արեգը սիրում եւ լավ է սովորում գրականություն ու պատմություն առարկաները: Դպրոցն ավարտելուց հետո որոշել է որեւէ քոլեջ կամ ուսումնարան դիմել, ուզում է հոգեբան դառնալ: Սպորտով էլ է հետաքրքրվում եւ ցանկություն ունի մարտեր առանց կանոնների պարապել:

Կենտրոնում օրը սկսում է նախաճաշով, ապա երեխաները գնում են դպրոց: Դասերից վերադառնալուց հետո ճաշում եւ անցնում դասերը պատրաստելուն: Հետճաշից հետո որոշ ժամանակ համակարգչով են զբաղվում, ապա լոգանք են ընդունում եւ զբաղվում իրենց նախասիրություններով (սպորտային, մշակութային միջոցառումներ, արտթերապիայի պարապմունքներ, երաժշտական ժամ):

Ազատ ժամանակի մեծ մասն Արեգն իր սենյակում երաժշտություն է լսում կամ գիրք կարդում:

«Լինում է, որ ուզում եմ մենակ մնալ կամ վատ տրամադրություն եմ ունենում՝ առօրյա տարբեր հարցերի կամ հիշողությունների պատճառով: Կյանքում շատ խնդիրներ կան, որ մարդուն կարող են տխրեցնել, այստեղի երեխաներին, երեւի, ավելի շատ: Ճիշտ է՝ այստեղ ամեն բան լավ է, բայց մեր նախկին խնդիրների մասին չմտածել չենք կարող, եւ դրանք ստիպում են, որ վերանայենք ամեն բան: Այդ օրերին ինձ ամենալավը սենյակում եմ զգում»,- սենյակում առանձնանալու մասին խոսելիս Արեգի հայացքը մտահոգ է դառնում, քիչ անց ժպտում է,-«Գիտե՞ք, մենակ մնալուց իմ երազանքների մասին եմ մտածում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամենաշատն ուզում եմ կարողանալ պահել մարդ տեսակը: Նպատակ չունեմ ինչ-որ բարձունքների հասնելու, ուղղակի ուզում եմ արժանանալ «մարդ» կոչմանը, քանի որ դա ամենաբարձր արժեքն է, հետո արդեն գալիս են արդարությունն ու ներդաշնակությունը: Եթե հասնեմ մարդ լինելու երազանքիս, ինձանից հետո կկարողանամ այս աշխարհում հետք թողնել: Մարդ լինելու հետ կողք կողքի էլ քայլում է սերը: Սերը միակ բանն է, որ չի հանվել աճուրդի, միակ բանն է, որ մարդիկ կարող են իրենց մեջ շատ բարձր պահել: Եթե մարդը կարողանա կատարյալ սիրել, իրականում սիրել, նա կլինի լավագույն էակը»:

Արեգը կենտրոնում լավ ընկերներ է ձեռք բերել, որոնք, ինչպես ինքն է ասում, ամբողջ կյանքի համար են:

«Մենք նույն առօրյայով ենք ապրում, իրար շատ մոտ ենք, հավասար ու արդեն լավ գիտենք: Ես ինձ համար այստեղ անդավաճան ընկերներ եմ գտել»,- ասում է նա:

Երեխաների աջակցության կենտրոնից գնալուց հետոյի կյանքի մասին Արեգը հաճախ է մտածում: Տուն կգնա: Մոր մասին չի խոսում, բայց ասում է, որ իր համար ամենահարազատը եղբայրն է, ու նրա հետ պետք է լինի.

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հիմա ես շատ հարցերի պատասխաններ եմ փնտրում, ինչպես առօրյա, այնպես էլ իմ ներքին: Երկար եմ մտածում, ու դա օգնում է բանալիներ գտնել: Եթե ինչ-որ խնդիր չեմ կարողանում լուծել, միշտ փորձում եմ դուրս գալ իմ մարմնից ու կողքից նայել այդ հարցին եւ ինձ: Երբ գնամ այստեղից, երեւի իմ կյանքի ամենավերեւից, ամենագլխից կբռնեմ ու կշարունակեմ բռնած պահել, որպեսզի ձեռքիցս նորից չսայթաքի: Երբ տեսնում ես, որ կյանքը կողքովդ անցնում է, իսկ դու չես կարողանում վերցնել քոնը, քեզ լիարժեք չես զգում: Անհաջողությունների շղթան կրկնվում է: Բայց ես հաստատ եմ որոշել՝ չեմ թողնի, որ այդ ամենը նորից կրկնվի: Կբռնեմ ու կպահեմ իմը»:

ՀՕՖ-ի աջակցությամբ խնամատար ընտանիքում ապաստանած Կարոյի պատմությունը կարող եք կարդալ այստեղ:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am