«Այս տանն է ապրել…» գրությամբ հուշատախտակները Երեւանի փողոցներում շատ են: Շենքերում, որտեղ ապրել են նշանավոր մարդիկ, տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել. փոխվել են բնակիչները, հիշողությունները, շենքի արտաքին տեսքը: Նոր բնակիչները հաճախ չգիտեն, որ ապրում են ականավոր մեկի տանը, որի շնորհիվ ժամանակին նշանավորվել է այդ հասցեն: Իսկ այն բնակարանները, որտեղ ապրում են ժառանգներ ու պահպանում հուշեր, թանգարանի արժեք են ստացել:
«Սուրճ կխմե՞ք»,- հարցնում է տիկին Նելլին, հետո ինքն իրեն ուղղում. «Սոս Սարգսյանն ասում էր՝ հայ մարդու տանը սկզբում կերակրում, հետո սուրճ են հյուրասիրում»:
Շատերի համար հայ մարդու իսկական կերպար Սոս Սարգսյանի տունը Տերյան 65 հասցեում է: Մեծանուն դերասանի մահից երկու տարի անց՝ 2015-ի հոկտեմբերին բացվեց հուշատախտակը՝ «Այս տանն է ապրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարդալուց հետո գիրքը քոնը չէ
Բնակարանը վերանորոգում են, ու դերասանի կինը՝ Նելլի Սարգսյանը, ժամանակավորապես մի քանի շենք վերեւ է բարձրացել՝ հյուրասենյակում տեղավորելով ամենակարեւորը՝ «նահապետի» իրերը: Հիմնական մասը հանձնել է Եղ. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան եւ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն՝ հույսով, որ շենքի կառուցումից հետո թանգարան-սենյակ կբացվի: Ասում է՝ Սոս Սարգսյանը կտրականապես դեմ էր տուն-թանգարան ունենալուն, ասում էր՝ դերասանի հիշատակը նրա ֆիլմերն ու ներկայացումներն են:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Վերջին 10-15 տարին ինքը մենակ մարդ էր, ինքնաբավ, իր հետաքրքրություններով, իր աշխարհով: 24 ժամ կարդում էր: Շատ մեծ գրադարան ունեինք, վերջին տարիներին շատ բաժանեցինք: Սոսը գտնում էր, որ գիրքը կարդացիր, արդեն քոնը չէ, պետք է ուրիշին տաս: Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի գրադարանին, դպրոցներին ենք գրքերը տվել: Նախանցյալ տարի Արցախի Մշակույթի նախարարությանն եմ հանձնել մեր ամբողջ ռուս դասական գրականությունը»:
Սոս Սարգսյանի տնային ու տոնական ձեռնափայտերը
Պատին հենած են Սոս Սարգսյանի երկու ձեռնափայտերը՝ մեկը անշուք, անմշակ փայտի կտորից, մյուսը երկաթյա նախշերով երիզված, ներկայանալի:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մինչեւ վերջ չէր ուզում ձեռնափայտ օգտագործել, ես էլ չէի պնդում, որովհետեւ ինքն ինձ համար միշտ երիտասարդ էր՝ հոգով, ոգով, շնչով, պատկերացումներով, աշխարհընկալմամբ: Առաջին ձեռնափայտը մի ծերուկ գյուղացի նվիրեց Ստեփանավանում, իր ձեռնափայտն էր, ասաց. «Ես օգտվում եմ, ինձ շատ օգնում է, քեզ եմ նվիրում, կօգնի ուղիղ քայլել, ամուր լինել»: Նա այս փայտն անընդհատ տանն էր օգտագործում, իսկ մյուսը դուրս գալու ձեռնափայտն էր:
Լուսանկարը` Մեդիամաքս
Դա օգտագործում էր որպես իր կերպարը լրացնող մի իր, ինչպես մի ժամանակ՝ ծխամորճը: Բայց դրանից շատ հեշտ ու արագ հրաժարվեց, որովհետեւ իրենը չէր: Ինքն էնքան բնական մարդ էր, որ այն, ինչ հայկական չէր, իրեն չէր կպչում, իրենը չէր դառնում: Ինչպես ինքն էր ասում՝ ես էդպես էլ քաղաքացի չդարձա»:
Մասունք դարձած հողն ու քարը
Տիկին Նելլին ասում է, որ Սոս Սարգսյանը Հայաստանից չէր կշտանում, մերժում էր արտասահման մեկնելու հրավերները՝ «վերջին տարիներս են, ժամանակ չունեմ դրսերում անցկացնելու»:
«Նա իսկապես հողի ու ջրի մարդ էր, եւ այն, ինչ երկրի հետ էր կապված, իր համար սրբություն էր, մասունք: Գոռ Աբրահամյան անունով մի երիտասարդ բարձրացել էր Արարատն ու էնտեղից քար էր բերել Սոսին: Դա իր համար սուրբ քար դարձավ: Մի վարպետի խնդրեց տեղավորել փոքրիկ պատյանի մեջ եւ կախեց պատից, որ միշտ աչքի առաջ լինի:
Լուսանկարը` Մեդիամաքս
Իսկ փոքրիկ սրվակի մեջ հող է՝ բերված Արեւմտյան Հայաստանի տարբեր վայրերից: Ինքն ասում էր՝ ես ի վիճակի չեմ լինի գնալ, իմ աչքերով տեսնել, սիրտս կկանգնի, անհնարին է»:
Սոս Սարգսյանի «արգելված» դիմանկարները
Երբ կինը փոքրիկ պահարան է պատվիրել ժողովրդական արտիստի պարգեւները մեկ տեղում հավաքելու համար, Սոս Սարգսյանը սրտնեղել է՝ խայտառակություն է:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ռուդոլֆ Խաչատրյանի արած դիմանկարը թույլ չէր տալիս կախել տանը, ասում էր՝ անհնար է ամեն օր ես ինձ տեսնեմ: Նույնը՝ Մոնմարտրում արված դիմանկարը: Բայց ինքն արդեն չկա, ես դուրս բերեցի եւ կախեցի նկարները»:
Զենքի կոլեկցիոները
Սոս Սարգսյանը կենցաղի նկատմամբ անտարբեր էր: Անգամ հագուստ գնելու համար խանութ չէր գնում: Կինն էր մի քանի անգամ տանում-բերում կոստյումները, մինչեւ ընտրում էր իրեն հարմարը: Սիրելի զբաղմունքի համար ժամանակ, իհարկե, գտնում էր:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Զենքի սիրահար էր: Շատերն էին նրան զենք նվիրում, ինքն էլ էր սիրում նվիրել, հատկապես՝ սրեր: Տանն ենք պահում նույնիսկ նրա մարմնավորած Ջոն արքայի թուրը: Նա համոզմունք ուներ, որ զենքը երբեք չպետք է աշխատի. ո՛չ ձկնորսություն, ո՛չ որս, ոչ մի դեպքում»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Համակարգչից վիրավորված գրողը
Փայտե գրչամանի մեջ Սոս Սարգսյանի մատիտներն ու գրիչներ են: Դեռ 80-ականներին տպագրական մեքենայով հետո նաեւ համակարգչով աշխատող գրողը վերջին շրջանում վերադարձել էր թուղթ ու գրչին:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Լակոտը» վիպակի վրա էր աշխատում, համարյա ավարտել էր, բայց երեւի հիշողությունը դավաճանել էր ու մոռացել էր «save» անել, եւ ամեն ինչը կորավ: Ինչ արեցինք, չկարողացանք վերականգնել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Պատկերացնո՞ւմ եք իր վիճակը, սարսափելի բան էր: Հետո նստեց, հիշողությամբ նորից գրեց: Վիրավորվեց ավելի շատ, չկարողացավ հաղթահարել վիրավորանքը՝ եթե էդպես է, ուրեմն ինձ պետք չէ համակարգիչը, ու հրաժարվեց համակարգչից»:
Շախմատը, որից չհրաժարվեց մինչեւ կյանքի վերջին րոպեները
Որքան էլ տանն ու ընտանիքին նվիրված՝ Սոս Սարգսյանը նաեւ «դրսի» մարդ էր: Ամեն ինչ անում էր լիաթոք, լիարժեք՝ լիներ աշխատանք, թե քեֆ:
«Նա շատ էր սիրում հյուրեր, հյուրասիրություններ, ընկերներ: Ասում էր՝ նորմալ մարդն իր կնոջ հետ մենակ չի նստի ճաշելու: Իսկ ամառանոցում պարտադիր ամենօրյա խնջույք էր: Որ ուրիշ մարդ էլ չլիներ, հարեւանները, մեր երեխաները կային: Բայց ինքը հյուր գնալ չէր սիրում: Ասում էր՝ մարդ իր տանը պետք է շփվի ընկերների հետ: Ուր գնայինք՝ ներկայացում լիներ, թե ֆիլմի պրեմիերա, վերջում բոլորով մեր տուն էինք գալիս»:
Ընկերների հետ հատկապես հաճախ հավաքվում էին շախմատի շուրջ:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Շատ սիրում էր շախմատ: Առավել եւս, որ չէր կարողանում տանից դուրս գալ, գիշեր-ցերեկ շախմատ էր խաղում: Մի շախմատը մեքենայի մեջ էր, մյուսը՝ ամառանոցում, երրորդը՝ տանը: Նարդի էլ էր խաղում, բայց շախմատ՝ ավելի շատ: Ջերմուկում էինք, որտեղ շախմատի աշխարհի առաջնությունն էր ընթանում: Ամեն օր Սոս Արտաշեսովիչի շուրջ հավաքվում էին հանգստացող շախմատասերները, մեծ էկրաններին դիտում էին խաղերը, քննարկում: Մի օր Լեւոն Արոնյանի հետ խաղաց, ասաց՝ խայտառակ չանես ինձ: Ոչ ոքի խաղացին:
Ինքը մահացավ ժամը 9-ն անց 20, իսկ ժամը 9-ին ընկերներից մեկի հետ շախմատ էր խաղում: Ասաց՝ Լյուդվի՛գ ջան, էսօր գլուխս լավ չի աշխատում, արի վերջացնենք, կարող է առաջին անգամ պարտվեմ քեզ»:
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: