Ռոզայի կյանքը՝ ՀՀ նախագահի հետ Հռոմ մեկնելուց վեց տարի անց - Mediamax.am

exclusive
15979 դիտում

Ռոզայի կյանքը՝ ՀՀ նախագահի հետ Հռոմ մեկնելուց վեց տարի անց


Ռոզա Աբրահամյանը
Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզա Աբրահամյանը
Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզա Աբրահամյանը
Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզա Աբրահամյանը
Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզա Աբրահամյանը
Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզա Աբրահամյանը` ամուսնու հետ
Ռոզա Աբրահամյանը` ամուսնու հետ

Լուսանկարը` Ռ. Աբրահամյանի արխիվից

Ռոզա Աբրահամյանը Հռոմում` ՀՀ նախագահի այցը լուսաբանող լրագրողների հետ
Ռոզա Աբրահամյանը Հռոմում` ՀՀ նախագահի այցը լուսաբանող լրագրողների հետ

Լուսանկարը` Ռ. Աբրահամյանի արխիվից

Ռոզա Աբրահամյանը
Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Ռ. Աբրահամյանի արխիվից


2011 թվականին ՀՀ Անկախության 20-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովը եւ Մեդիամաքսը համատեղ անցկացրեցին «Հայաստանը ես եմ» մրցույթը: Հայաստանի Անկախության հռչակման եւ Անկախության հռչակագրի ընդունման տարեկիցները` 1990-91թթ. ծնված երիտասարդները, պետք է շարադրություններ գրեին «Հայաստանը ես եմ» թեմայով:

 

Մրցույթն ուներ մեկ բացառիկ մրցանակ` հաղթողը ուղեկցելու էր ՀՀ նախագահին արտասահմանյան այցերից մեկի ընթացքում: Մրցույթին մասնակցեցին 77 շարադրություններ, իսկ հաղթող ճանաչվեց 20-ամյա Ռոզա Աբրահամյանի աշխատանքը:

 

2011թ. դեկտեմբերին Ռոզա Աբրահամյանը ուղեկցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Իտալիա եւ Վատիկան կատարած աշխատանքային այցի ժամանակ: Ռոզան, մասնավորապես, ներկա էր ՀՀ նախագահի՝ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի, Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի, Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ հանդիպումներին:

 

Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի շեմին Մեդիամաքսը հանդիպեց Ռոզային եւ պարզեց, որ անցած 6 տարիների ընթացքում նրա կյանքում մեծ շրջադարձեր են եղել:

 

***

 

Մինչ օրս Ռոզան այդ այցը համարում է իր կյանքի ամենավառ իրադարձությունը. «Անմոռանալի պատմություն էր, նման բաներ կյանքում հաճախ չեն լինում»:

 

Այցը մեծ դեր է կատարել աշխատանք, իսկ հետագայում էլ կյանքի ընկեր գտնելու հարցում:

 

Իտալիա մեկնելիս օդանավում Ռոզայի դիմաց նստած էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այն ժամանակ Ռոզա Աբրահամյանը Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի էր: Մագիստրատուրայում սովորելուց եւ բուհն ավարտելուց հետո աշխատանք փնտրելիս միտքը կանգ է առնում քաղաքապետարանի վրա:

Ռոզա Աբրահամյանը Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նախ հարցազրույց անցա քաղաքապետարանի երկու կողմերում գտնվող բանկերում: Մեջտեղում քաղաքապետարանն էր, նկատեցի ու հիշեցի, որ նախագահի հետ այցի ժամանակ Տարոն Մարգարյանն էլ էր ինքնաթիռում: Որոշեցի իրեն դիմել: Ֆեյսբուքով գրեցի, հիշեցրեցի, թե ով եմ, ասացի, որ շատ ուրախ կլինեմ քաղաքապետարանում աշխատել: Միանգամից հիշեց ինձ ու հեռախոսահամարս խնդրեց: Գրեցի, մտածեցի, որ գուցե ձգձգվի, բայց արդեն հաջորդ օրը կանչեցին հարցազրույցի: Առաջարկեցին ամենահագեցած ու բազմաբնույթ բաժինը»,- հիշում է նա:

 

Ռոզան արդեն երեք տարի է՝ աշխատում է Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության մոնիտորինգի բաժնում:

Ռոզա Աբրահամյանը Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Աշխատանքս շատ հետաքրքիր է, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների հետ ենք աշխատում, նախահաշիվներ ենք կազմում, եկամուտների եւ ծախսերի վերահսկում ու մոնիտորինգ ենք կատարում: Տարբեր ոլորտներ են՝ շինարարությունից մինչեւ մշակույթ եւ կրթություն»,- ասում է նա:

 

Այս տարիների ընթացքում մյուս կարեւոր փոփոխությունը, որ եղել է Ռոզայի կյանքում, ամուսնությունն է:

 

«Անկեղծ ասած, ամուսնանալու մտադրություն չունեի, որոշել էի կրթությունս շարունակել: Դիմել էի ասպիրանտուրայի համար: 2016թ.-ի դեկտեմբերն էր: Ծննդյանս օրը կյանքը ինձ մեծ անակնկալ մատուցեց եւ թեքեց սլաքները: Առավոտյան աշխատանքի մեր բաժնի պետի հետ էի գալիս: Մեքենան փչացել էր, վարորդն էլ որոշեց իր որդուն ուղարկել, որ մեզ աշխատանքի տանի: Տղան էլ իր մեքենայով եկել էր մեզ տանելու: Ես, ծանր տորթը ձեռքիս, փողոցն էի անցնում: Նա մոտեցավ, որպեսզի օգնի, փողոցի կենտրոնում էինք արդեն: Շնորհավորեց եւ առաջարկեց տորթը պահել: Առանց իմ պատասխանին սպասելու ձեռքը մեկնեց եւ բռնեց տորթը: Ես էլ բնազդաբար հետ քաշեցի: Հետո երկար ծիծաղեցինք այդ պահի վրա: Որպես ծննդյան նվեր առաջարկեց մեքենա վարել սովորեցնել: Սկսեցինք հանդիպել եւ ընդամենը մեկ ամիս անց որոշեցինք նշանվել: Միանգամից հասկացանք, որ գտել ենք իրար: Երկու ամիս առաջ էլ ամուսնացանք»:

Ռոզա Աբրահամյանը` ամուսնու հետ Ռոզա Աբրահամյանը` ամուսնու հետ

Լուսանկարը` Ռ. Աբրահամյանի արխիվից

Ամուսինը վերջերս է իմացել Իտալիա եւ Վատիկան նախագահի հետ Ռոզայի այցի մասին. «Շատ ոգեւորված էր, ընկերներին էր պատմում: Դա ինձ շատ ուրախացրեց»:

 

Ամուսնությունից հետո, ինչպես ասում է Ռոզան, կյանքն ամբողջությամբ փոխվել է, բայց հիմա էլ ամուսնու հետ է շարունակում իր սիրելի զբաղմունքները, հաճախ արշավներ են գնում: Հիմա երազում է zeepline-ով թռիչքի մասին:

Ռոզա Աբրահամյանը  Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Ռ. Աբրահամյանի արխիվից

Ռոզան սիրում է նկարչությամբ զբաղվել, ասում է, երբ շատ հոգնած է լինում վերցնում է ածուխ, թուղթ եւ սեւ ու սպիտակով պատկերներ արարում:

 

«Սիրում եմ սեւ ու սպիտակով նկարել: Հանգստացնում է ինձ, բարկացած կամ հոգնած ժամանակի ամենասիրելի զբաղմունքս է: Սիրում եմ հատկապես ծաղրանկարներ անել»:

 

Հիմա`վեց տարի անց, հետադարձ հայացք գցելով իր կյանքի ամենավառ իրադարձություններից մեկին, Ռոզան ասում է, որ այդ այցը որպես մարդ իր վրա շատ մեծ հետք է թողել, իսկ ամենակարեւոր բանը, որ հասկացել է, այն է, որ իր կյանքը Հայաստանից դուրս չի պատկերացնում:

Ռոզա Աբրահամյանը Հռոմում` ՀՀ նախագահի այցը լուսաբանող լրագրողների հետ Ռոզա Աբրահամյանը Հռոմում` ՀՀ նախագահի այցը լուսաբանող լրագրողների հետ

Լուսանկարը` Ռ. Աբրահամյանի արխիվից

Նախագահին Իտալիա եւ Վատիկան աշխատանքային այցի ժամանակ ուղեկցելուց հետո Ռոզան Մեդիամաքսի ընթերցողների հետ կիսվել էր իր տպավորություններով, որոնք կարող եք կարդալ այստեղ:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մեդիամաքսի եւ Ռոզա Աբրահամյանի անձնական արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին