Հոսանքին հակառակ՝ աթեիստները Հայաստանում - Mediamax.am

exclusive
26394 դիտում

Հոսանքին հակառակ՝ աթեիստները Հայաստանում


Լուսանկարը` Mark Hassed

Արսեն Թորոսյանը դստեր հետ
Արսեն Թորոսյանը դստեր հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Հայաստանում իրեն հավատացյալ է համարում բնակչության շուրջ 95 տոկոսը, որոնց մեծ մասը Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներ են: Հե՞շտ է արդյոք կրոնական համոզմունքների առումով այդքան միատարր հասարակության մեջ աթեիստ լինելը. պարզել ենք մասնագիտությամբ բժիշկ, «Աթեիստ եմ» ֆեյսբուքյան խմբի համահիմնադիր Արսեն Թորոսյանից:

 

Աթեիստ լինելն անձի իրավունքն է

 

Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի ունի մտքի, խղճի եւ կրոնական համոզմունքների ազատություն`ամրագրված է Սահմանադրությամբ:

 

«Աթեիստ լինելը մարդու անձնական որոշումն է: Ոմանք իրենց համարում են աթեիստ, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում բարձրաձայնել. դա եւս անձի իրավունքն է: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Հայաստանում այս առումով լուրջ խնդիրներ չկան՝ կարող եմ իմ սեփական փորձով ասել: Բոլոր հնարավոր առիթներով հայտարարել եմ աթեիստ լինելուս մասին, սակայն մինչ օրս բացահայտ վատ, թշնամական կամ նսեմացնող վերաբերմունքի չեմ արժանացել»,- նշում է Արսեն Թորոսյանը:

 

Նրա խոսքով՝ սեփական համոզմունքների մասին հարմար պահերի բարձրաձայնելն օգտակար է եւ նույնիսկ անհրաժեշտ մեր հասարակության համար՝ խուսափելու հարեւան երկրներում ծագած բացասական միտումներից:

 

«Ռուսաստանում, օրինակ, կրոնական զգացմունքները վիրավորելու համար մարդկանց օրենքով բավական խիստ դատավճիռ է տրվում: Ընդ որում, վերջին շրջանում «վիրավորել» հասկացության ներքո ընկալվում է նաեւ ֆեյսբուքյան լայքը, որի համար այս երկրում կարող են «ինկվիզիցիայի» ենթարկել: Մեր խնդիրն է այնպես անել, որպեսզի Հայաստանում դրան չհասնենք: Դա հետընթաց է աշխարհիկ արժեքներից, գիտությունից եւ վերադարձ է միջնադար:

 

Պետք է մեր լավ օրինակով ցույց տանք, որ Հայաստանում գոյություն ունեն մեզ նման մարդիկ, որոնք այդքան էլ քիչ չեն եւ հասարակության ողջամիտ մասն են: Աթեիստներն ուրիշ ոչնչով չեն տարբերվում մյուս համոզմունքներին հարող մարդկանցից, թերեւս միայն նրանով, որ կասկածում են, տալիս են շատ հարցեր եւ փորձում գտնել պատասխաններ, իսկ դրանք չգտնելու դեպքում կուրորեն չեն հավատում չապացուցված բաների»,- համոզված է Արսեն Թորոսյանը:

 

Ոչ թե ուրիշ կրոն, այլ դրա բացակայություն

 

Աթեիզմը երբեմն սխալմամբ դասում են կրոնների շարքին, իսկ աթեիստներին նույնականացնում «սատանիստների» կամ այլ խմբերի հետ: Աթեիստները հայտարարում են՝ աթեիզմը կրոն չէ, այլ դրա բացակայությունը. նույնն է, թե ճաղատ գլուխը սանրվածք համարես:

 

Աթեիստներն այն մարդիկ են, որոնք չեն հավատում աստվածների եւ գերբնական ուժերի գոյությանը: Նրանք սովորական մարդիկ են, ապրում են իրենց կյանքով, ընտանիքով, աշխատանքով, հատուկ ծեսերի չեն մասնակցում, բարոյական հատկանիշներով ոչ մի կերպ չեն զիջում հավատացյալներին, իսկ «շատ դեպքերում էլ անգամ գերազանցում են նրանց»: Ինչպես Արսեն Թորոսյանն է ասում, կրոնը «մեղքերի» թողության հնարավորություն է տալիս, ինչը հեշտացնում է «մեղքը» գործելու ճանապարհը,  մինչդեռ աթեիստը մնում է իր խղճի հետ, որն, ի դեպ, կախված չէ հավատացյալ լինել-չլինելուց եւ գալիս է մարդու դաստիարակությունից:

 

Խնդիրներ կրթության ոլորտում

 

Հայաստանում աթեիստների կողմից ամենահաճախ բարձրացվող խնդիրը կրթական եւ նախակրթական հաստատություններում եկեղեցու միջամտության հարցն է՝ հատուկ առարկաների, աղոթելու պարտադրանքի, հոգեւորականների այցերի կազմակերպման ձեւով:

 

«Նման մի միջադեպի հանդիպեցինք աղջկաս մանկապարտեզում, երբ երեխաներին, առանց ծնողների թույլտվության, տարել էին եկեղեցի: Ես լուրջ խոսակցություն ունեցա տնօրինության հետ, եւ հարցը, գոնե իմ երեխայի մասով, փակվեց:

Արսեն Թորոսյանը դստեր հետ Արսեն Թորոսյանը դստեր հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Մի դեպք էլ եղավ դպրոցում, երբ որոշել էին հոգեւորական կանչել դասարան՝աղոթելու համար: Ես նախօրոք իմացա դրա մասին, գնացի դպրոց եւ, կոպիտ ասած, ստիպված եղա ինքս զբաղվել դրանով: Դպրոցում խոստացան իմ երեխային չներգրավել այդ գործընթացում: Եթե չեմ սխալվում՝ վերջում այլ պատճառներով միջոցառումը տեղի չունեցավ: Խոսք գնաց նաև «Եկեղեցու պատմություն» առարկայի մասին, որը դեռ աղջիկս չէր անցնում. այս առնչությամբ դպրոցում հրաժարվեցին որեւէ քայլ ձեռնարկել՝ նշելով, որ դա պետական ծրագիր է, եւ իրենք ոչինչ չեն կարող անել» - հիշում է Արսեն Թորոսյանը:

 

Ամեն դեպքում, Արսեն Թորոսյանը պատրաստվում է կանխել նաեւ առարկային երեխայի մասնակցությունը, եթե դասի ընթացքում բացահայտ քարոզ ընթանա կամ երեխաներին պարտադրեն աղոթել:

 

Բարու, չարի եւ հանդուրժողականության մասին

 

Անհանդուրժողականության դրսեւորումներ կան ինչպես հավատացյալների, այնպես էլ աթեիստների շրջանում: Մինչդեռ Արսեն Թորոսյանը կարծում է, որ աթեիստներն ավելի հանդուրժող են, անգամ երբ դիպչում են իրենց համոզմունքներին:

 

«Եթե մեկն ինձ ասում է՝ քո համոզմունքները սխալ են, աստված գոյություն ունի, ես դրանից չեմ վիրավորվում: Բայց երբ հակառակն ասում ես հավատացյալին, արձագանքը լրիվ այլ է: Աթեիստներն ավելի հակված են հանդուրժողականությանը, նրանք ոչ ոքի ոչինչ չեն պարտադրում, այլ փորձում են բացատրել իրենց տեսակետը: Մենք, ի տարբերություն հավատացյալների, մոլի քարոզչությամբ չեն զբաղվում ու չենք փորձում փաթաթել մեր կարծիքն ուրիշի վզին: Սակայն, ինչպես ասում են, գյուղ չկա՝ շուն չլինի»,- կատակում է նա:

 

Ինչ վերաբերում է բարուն եւ չարին, դրանք հարաբերական հասկացություններ են եւ տարբեր կերպ են ընկալվում՝ կախված մարդու դաստիարակության առանձնահատկություններից: Ամեն դեպքում, այն ոչ մի կերպ պայմանավորված չէ հավատքով:

 

«Կրոնի բացակայությունը ոչ մի կերպ չի անդրադառնում լավի ու վատի ընկալման վրա, բայց ներկայությունը կարող է ազդել բացասական կամ դրական ձեւով: Բարու եւ չարի տարբերակումը երեխայի մոտ ձեւավորվում է ընտանիքում եւ հասարակության մեջ: Եթե անգամ այս հասկացությունները տարբերակենք միայն աստվածաշնչով, բավական հակասական բան կստացվի. այսօր քչերը քարկոծելով սպանելը նորմալ կհամարեին, ինչը հաճախ է հանդիպում այս գրքում: Իրականում, հավատացյալներն Աստվածաշունչ չեն էլ կարդում, սակայն ուրիշին կոչ են անում ուղղորդվել դրանով. հակասական բան է ստացվում»,- զարմանում է նա:

 

Վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ

 

«Եկեղեցուն՝ որպես ինստիտուտ, միանշանակ դեմ եմ: Այն, ինչպես ցանկացած այլ կազմակերպված կառույց, առաջ է տանում սեփական շահերը, որոնք շատ ժամանակ չեն համընկնում պետության եւ անհատի շահերին: Եկեղեցին բոլոր ժամանակներում արգելակել է գիտության եւ մշակույթի զարգացումը: Այն, թերևս, ամենահին կուսակցությունն է»,- համոզված է Արսեն Թորոսյանը:

 

Ինչ վերաբերում է եկեղեցուն՝ որպես շենք, ապա աթեիստը բացահայտ բացասական վերաբերմունք ունի նոր կառուցվող եկեղեցիների հանդեպ, մինչդեռ հին եկեղեցիները համարում է մշակութային ժառանգություն եւ անհրաժեշտ համարում պահպանել դրանք:

 

«Զավեշտալին այն է, որ հեռավոր գյուղերում եղած հին եկեղեցիները, որտեղ անհրաժեշտ է պահպանել ամեն մի քար, քանդվում են, եւ քչերն են ուշադրություն դարձնում դրան, իսկ քաղաքի կենտրոնում եւ խիտ բնակեցված վայրերի մոտ եկեղեցիների թիվը գնալով ավելանում է՝ հեշտացնելով զանգվածների ներգրավումը»,- ասում է Արսեն Թորոսյանը:

 

Ֆիզիկայի դասագիրքը՝ աթեիստների «աստվածաշունչ»

 

«Աթեիստների աստվածաշունչը 6-րդ դասարանին ֆիզիկայի գիրքն է»,- կեսկատակ ասում է Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ ցանկացած գիտություն հակասում է կրոնին. ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, ծրագրավորողների մեջ շատ են աթեիստները, իսկ տրամաբանորեն աթեիստ պետք է լինեին գիտությանն առնչվող բոլոր մարդիկ:

 

«Երբ ուսումնասիրում ես գիտությունը, հասկանում, թե ինչպես է կիսվում բջիջը կամ պայթում աստղը, պարզապես չես կարող հավատալ կյանքի առաջացման «կրեացիոն» տեսությանը: Երբ դու տեսնում ես, թե ինչպես է ամեն հաջորդ սերունդ տարբերվում նախորդից, բայց, միեւնույն ժամանակ, մնում նրան նման, երբ ծանոթանում ես ժառանգականության, փոփոխականության եւ բնական ընտրության հասկացություններին, էվոլյուցիոն տեսությունը քեզ, մեղմ ասած, կասկածելու տեղ չի թողնում»,- նշում է Արսեն Թորոսյանը:

 

Սիրանուշ Սիմոնյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին