exclusive
1658 դիտում

Չեմպիոն Սուրենը սպասում է հեռախոսազանգի


Սուրեն Բալասանյանը
Սուրեն Բալասանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Անդրանիկ Քոչարյանը` կնոջ եւ դստեր հետ
Անդրանիկ Քոչարյանը` կնոջ եւ դստեր հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Սերժ Թանգյանն ու Լեւոն Կարապետյանը
Սերժ Թանգյանն ու Լեւոն Կարապետյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լեւոն Կարապետյանը եւ Սերգեյ Սմբատյանը
Լեւոն Կարապետյանը եւ Սերգեյ Սմբատյանը

Լուսանկարը` Bravo.am

Արփինե Աբրահամյանը
Արփինե Աբրահամյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Վերգինե Ավետիսյանը
Վերգինե Ավետիսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Գաղտնիք չէ, որ աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձինք առավել դժվար են աշխատանք գտնում եւ լուծում իրենց մասնագիտական կայացման ու սոցիալական խնդիրները։ 2015 թվականի հունվարի մեկից գործող Զբաղվածության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերի համաձայն, հաշմանդամություն ունեցող անձինք ունեն աշխատանքի տեղավորման իրավունք։ Հարյուր եւ ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունները պարտավոր են իրենց աշխատողների 3 տոկոսի չափով հաշմանդամություն ունեցող անձանց համար պարտադիր աշխատատեղեր ապահովել, իսկ ոչ պետական կազմակերպությունների համար`աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 1 տոկոսի չափով:

Մեդիամաքսի դիտակետում հաշմանդամություն ունեցող չափահաս մարդիկ են, ովքեր իրենց ընտրած բնագավառում փորձում են առավելապես դրսեւորվել։ Նրանց դեպքում սահմանափակ կարողությունը վերածվում է անսահման հնարավորության։ Ի՞նչ խնդիրների են բախվում աշխատաշուկայում, ի՞նչ հաջողություններ ու դժվարություններ ունեն, պատմում են հաշմանդամություն ունեցող մարդիկ։

Հատուկ օլիմպիադաների աշխարհի խաղերի մեդալակիր Սուրենը սպասում է խոստացված զանգին

26-ամյա Սուրեն Բալասանյանը հաշմանդամային սպորտի մտավոր խնդիրներ ունեցող խմբի մարզիկ է։ Նա գլխուղեղի վաղ օրգանական ախտահարման հետեւանքով հաշմանդամություն ունի։ Սուրենին հանդիպեցի հաշմանդամություն ունեցող երեխաների ու երիտասարդների «Փրկություն» ցերեկային խնամքի կենտրոնում, որտեղ հաճախում է 16 տարեկանից։ Նա մի շարք միջազգային մրցույթներում ստացել է մեդալներ, տարեթվերը հստակ չի հիշում, բայց ուրախությամբ պատմում է հաղթանակների մասին ու հերթականությամբ թվարկում երկրների անունները։ 2011 թ-ին Հունաստանում Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում վազք մարզաձեւում ստացել է բրոնզե մեդալ, նաեւ ամառային խաղերում գրավել է առաջին տեղը։ 2013 թ-ին Հարավային Կորեայում անցկացված Հատուկ Օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերում արժանացել է արծաթե մեդալի՝ երկրորդ տեղը գրավելով դահուկավազքի 100 մետր մրցատարածությունում։

«Փրկություն» ՀԿ-ի միջոցով դարձել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» կազմակերպության մարզիկներից մեկը։ Ի տարբերություն պարաօլիմպիկ խաղերի, որոնց մասնակցում են ֆիզիկական հաշմանդամություն ունեցողները, հատուկ օլիմպիական խաղերին մասնակցում են աշխարհի 100-ից ավելի երկրների մտավոր խնդիր ունեցող մարզիկներ։ Սուրենը նկարագրում է մարզումների ընթացքն ու պատմում, որ մանկուց ցանկացել է սպորտով զբաղվել. «Մրցումներից առաջ երկու ամիս լավ պարապում եմ, հիմնականում՝ գնդակի նետում, ցատկեր, վազք։ 19 տարեկանում առաջին մեդալը ստացա Վարշավայում՝ 50 մետր վազքի համար։ Եղել եմ Լեհաստանում, Հունաստանում, Կորեայում, Բելգիայում ու Ամերիկայում։ Լավ չեմ հիշում՝ որտեղ ինչ եմ ստացել, բայց մոտս տպավորվել է, որ Կորեայում առաջին անգամ դահուկ քշեցի, կյանքում չէի պարապել։ Ուղիղ կանգնած գնում էի ու ընկնում, բայց մարզիչը բացատրեց ճիշտ ձեւը, տեղում սովորեցի, երկրորդ տեղը գրավեցի։ Նաեւ ֆուտբոլ եմ խաղում, ինքնուրույն սովորել եմ, էնքան եմ ընկել, մինչեւ սովորել եմ, դե, ընկնելով են սովորում»։

Սուրեն Բալասանյանը Սուրեն Բալասանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Մարզիկն ապրում է Երեւանում՝ հորաքրոջ հետ, մինչեւ 8-րդ դասարան հաճախել է Երեւանի օժանդակ թիվ 12 հատուկ դպրոց, չափահաս դառնալուց հետո աշխատել է ծաղիկների խանութում. «Սկզբում ծաղիկների անուններն ընդհանրապես չգիտեի, հիմա ճանաչում եմ։ Մեր տան մոտ էր, առավոտ ժամը 6-ից առաջինը գնում էի, օրական երեք անգամ բոչկաներով ջուր էի կրում։ Խանութի տերը խաբում, քիչ էր վճարում, ամբողջ օրվա համար 700 դրամ էր տալիս, ամաչում էի, չէի ասում։ Մի անգամ ինքը գործն արեց, հոգնեց, ասեցի՝ «Բա իմ ջանը քա՞ր ա»։ 4 տարի աշխատեցի, հորքուրս ասում էր, որ չամաչեմ, ասեմ՝ քիչ են վճարում։ Հետո աշխատավարձս մի քիչ բարձրացրեց, բայց գլխիս պատմություն սարքեց, ներվայնացա, դուրս եկա։ Ոչ մի անգամ պայմանագրով չեմ աշխատել, օրվա վճար են տվել։ Մի ժամանակ բանվորություն էի անում, մի օրվա մեջ 90 հատ տուֆ էի բարձրացնում երկրորդ հարկ։ Մի շաբաթ աշխատեցի, փողը տվեցին, բայց շատ ծանր էր»։

Այժմ նա մշտական աշխատանք չունի, կրկին առանց աշխատանքային պայմանագրի աշխատում է ծաղկի այլ սրահում. «Մի տղա կա՝ անունը Գարիկ, լավ մարդ է, հիմա նրա մոտ եմ աշխատում։ Երեկոյան ժամը 8-ին գնում եմ, հին ծաղիկներն եմ հավաքում, մաքրում, ջուր եմ լցնում, մոտ 1000 դրամ տալիս է։ Ինքն առաջարկեց, որ աշխատեմ, բայց եթե չասեր, ես կգնայի իր մոտ գործի։ Եթե մարդն ինձ հետ լավ է վարվում, ես լավ եմ աշխատում, գործին վնաս չեմ տալիս»։

Սուրեն Բալասանյանը երազում է կահույքագործ դառնալ, երկու ամիս սովորել ու քննություն է հանձնել. հավատով սպասում է, որ կզանգեն ու աշխատանքի կընդունեն. «Գծագրեր սովորելը դժվար էր, սխալներ անում էի, բայց կարողացա, քննություններս լավ հանձնեցի։ Հիշում եմ՝ տասը տարեկանից երազել եմ մրցումների գնամ ու մեբելի գործ անեմ։ Հիմա սպասում եմ զանգին»։

Ձեռագործ աշխատանքներում հմտացած Վերգինեն երբեւէ չի աշխատել

23-ամյա Վերգինե Ավետիսյանը, ով ունի չափավոր մտավոր հետամնացություն, 7 տարի հաճախում է «Փրկություն» կազմակերպություն, որտեղ սովորել է մաքրամե ու ասեղնագործություն։ Ցույց է տալիս իր պատրաստած պայուսակները, դրամապանակները, տարոսիկներն ու թեւնոցները։ Նրա խոսքով՝ դասղեկին սիրելով, երազում էր դառնալ աշխարհագրության ուսուցիչ . «Դասատու դառնալս երազանք մնաց, քայլեր չարեցի… Շատ կուզենամ իմ սովորած մաքրամեն ուրիշներին սովորեցնեմ»։
Վերգինե Ավետիսյանը Վերգինե Ավետիսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Նա անկեղծությամբ պատմում է իր առօրյայի մասին, նշում, որ չի կարող ինքնուրույն վաճառել իր ձեռագործ աշխատանքները. «Մինչեւ 9-րդ դասարան դպրոց գնացի, հետո սկսեցի «Փրկություն» գալ։ Մայրիկս ասում էր, որ պարապ չմնամ, ավելի լավ է այստեղ գամ։ Մի օր մայրիկս ու տատիկս եկան «Փրկություն», տեսնելով իմ գործերը՝ զարմացել էին, չէին հավատում, որ ես եմ գործել։ Մեկ-մեկ բարեգործական ցուցահանդեսներին իմ գործերից վաճառում են։ Մի անգամ տեսա, թե ոնց գնեցին իմ պայուսակներից մեկը, շատ էի ուրախացել։ Երբ վաճառվում է, գումարի կեսն ինձ են տալիս, որով ինձ համար կոշիկ ու շոր եմ առնում։ Մտածում եմ, որ լրիվ վաճառվի, ինչ լավ կլինի»։

«Պետք է վերանա այն կարծրատիպը, որ հաշմանդամություն ունեցողն ընտանիքում բեռ է»

Մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների «Փրկություն» ՀԿ նախագահ Արփինե Աբրահամյանի խոսքով՝ Սուրենն ու Վերգինեն այն շահառուներից են, որոնք ի վիճակի են աշխատել. «Սուրենն աշխատել է ոչ օրինական պայմաններում, իրավական դաշտում չգրանցված աշխատող էր։ Երբ փորձում էի գործատուի հետ բանակցել, որ ունենա օրինական աշխատանքային պայմանագիր, պատասխանը սա էր. «Եթե շարունակեք պնդել, Սուրենը վաղվանից աշխատանքի չի գա»։ Նա անհամբեր սպասում է, թե երբ են կահույքի արտադրամասից զանգելու, բայց ցավն այն է, որ մարդիկ ստում են, հույսով անում, թե կզանգեն։ Ես վստահ եմ, որ չեն զանգի, որովհետեւ ցանկություն չունեն աշխատանք տրամադրելու»:
Արփինե Աբրահամյանը Արփինե Աբրահամյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Սուրենը միակը չէ, որ նման խնդրի առջեւ է կանգնել. գործատուներից շատերը իրազեկված չեն այն մասին, որ մտավոր խնդիր ունեցողները կարող են լիարժեք աշխատել ու ստեղծագործել. «Օրենքով սահմանված է, որ աշխատանքի ընդունեն, բայց հստակեցված չէ, թե հաշմանդամն ինչ խնդիր ունի։ Պարզապես գործատուին ցանկություն ու համբերություն է հարկավոր նրանց հետ աշխատելու համար, որովհետեւ մեկ բանը պետք է այնքան բացատրես, որ ամրապնդվի նրանց մոտ։ Մոտ տասը տարի առաջ խանութներից մեկում մեր շահառուին ընդունել էին պահեստի բանվոր, ամսական 10 000  դրամ պիտի վճարեին, տնօրենն ասաց, որ պատրաստ է այդ գումարը նվիրաբերել, քանի որ հաշմանդամություն ունեցող երիտասարդի պատճառով իր գործը տուժում է։ Ցանկությունն ու համբերությունը հաճախ բացակայում է նաեւ նրանց ընտանիքներում, օրինակ՝ դաստիարակները սովորեցնում են կոշիկը քուղակապել, տանը սովորեցնելու փոխարեն իրենք են կապում, պատճառաբանելով, թե նյարդայնանում են, այդքան ժամանակ չունեն»։

ՀԿ-ի նախագահը կարծում է՝ մտավոր խնդիր ունեցող անձինք ավելի պարտաճանաչ աշխատողներ են, օրինակ՝ իրենց շահառուներից 25-26 հոգի աշխատունակ են. «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրանց ուղեղը կենտրոնանում է մեկ գործողության վրա,  հանձնարարություն ստանալիս ավելի լավ արդյունքի են հասնում։ Իրենց տրված առանձնահատուկ պայմանները, աշխատանքի վարձատրությունը տեսնելով, համոզված եմ, ավելի պարտավորված ու ավելի լավ կաշխատեն։ Եթե գործատուն չի ուզում, որ մտավոր խնդիր ունեցող աշխատակիցն երեւա հաճախորդին, կարող է ընդունել սննդի օբյեկտի խոհանոցում, լվացքատանը կամ մթերքի խանութում՝ որպես մրգերը դասավորող, արկղերը տեղափոխող։ Մտավոր խնդիրներ ունեցողների համար ավելի շահեկան ու նպատակային է ունենալ առանձնացված սոցիալական ձեռնարկություն, իսկ ղեկավարը, մենեջերը կարող է լինել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող։ Ընտանիքում ու հասարակության մեջ  պետք է վերանա այն կարծրատիպը, որ հաշմանդամն ընտանիքում բեռ է»։

Բացառիկ լսողությամբ Լեւոն Կարապետյանը՝ միջազգային բեմերում

6 տարեկանում տեսողությունը կորցրած Լեւոն Կարապետյանը 7 տարեկանից սկսել է դաշնամուր նվագել։ Իր աշխատասիրության ու բացառիկ լսողության շնորհիվ 400-ից ավելի ստեղծագործություն է նվագում։ Նա ուսանել է Երեւանի պետական կոնսերվատորիայում, պատմում է՝ երբ ընդունվեց, ծնողները ստիպված էին տեղափոխվել Ֆրանսիա, բայց նա որոշեց չմեկնել ու միայնակ ապրել։

Մագիստրատուրան ավարտելուց հետո Լեւոնը տեղափոխվել է Ստրասբուրգ՝ ծնողների մոտ, ասում է՝ Հայաստանում դասական երաժշտի համար հեռանկար չկա։
Լեւոն Կարապետյանը եւ Սերգեյ Սմբատյանը Լեւոն Կարապետյանը եւ Սերգեյ Սմբատյանը

Լուսանկարը` Bravo.am


Որպես մենակատար վիրտուոզ դաշնակահարը հոկտեմբերին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ է ունեցել Խաչատրյանի անվան  5-րդ միջազգային փառատոնին՝ Սերժ Թանգյանի սիմֆոնիայի պրեմիերայի օրը։ Հանդիսատեսին հիացրել է Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի իր կատարմամբ. «Համերգից հետո Սերժ Թանգյանը մոտեցավ, ասաց, որ շատ է հավանել։ Շատ զգացված էի ներկաների լավ վերաբերմունքից։ Մեկ տարի առաջ Սերգեյ Սմբատյանին առաջարկեցի, որ կոնցերտը նվագեմ, նա համաձայնեց, հիմա ուզում եմ նոր կոնցերտ սովորել։ Սպասում եմ նրա պատասխանին, շատ ոգեւորված եմ, լավ կլինի, որ Հայաստանում կամ Ֆրանսիայում նորից աշխատենք»։

27-ամյա Լեւոնը վստահ է՝ մարդիկ պետք է համարձակ լինեն ու դժվարություններից չվախենան. «Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ավելի դժվար է, բայց շատ բան մարդուց է կախված։ Օրինակ՝ իմ ընկեր Սիփան Ասատրյանը եւս չի տեսնում, բայց աշխատում է, միայնակ տեղաշարժվում է ամբողջ քաղաքում, օգտվում է տրանսպորտից։ Շատ կույրեր վախենում են ինքնուրույն քայլել սովորելուց։ Գիտեք, դա նման է գրել-կարդալ սովորելուն, անընդհատ պիտի փորձես, որ վարժ կարդաս, նույնն էլ փայտով քայլելն է, հեշտ չէ, կարող է սայթաքես, գլուխդ պատին խփես, բայց հավատաս, որ կարող ես»։

Իր կարիերայի դեռեւս ամենամեծ հաջողությունը համարում է հանրահայտ Մարինինյան թատրոնում Գրիգի դաշնամուրային կոնցերտի կատարումը։ Նրա խոսքով, եթե Երեւանում կարողանա բարձր վարձատրությամբ աշխատանք գտնել, կվերադառնա հայրենիք. «Հիմա կենտրոնացած պարապում եմ, քանի երիտասարդ եմ, ուզում եմ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր դառնալ։ Եթե հաղթեմ, իրենք աշխատանքի առաջարկներ կանեն։ Հետագայում նպատակ ունեմ երաժշտական դպրոցում դասավանդել։ Եթե բարձր վարձատրվեմ, կուզենամ Հայաստանում ապրել, չնայած Ֆրանսիայում հեռանկարները շատ են, միեւնույն է՝ ուզում եմ վերադառնալ Երեւան։ Ցավոք, շատ կույրերի գիտեմ, որ ինձ նման համալսարան են ավարտում, կրթություն են ստանում, չեն կարողանում աշխատանք գտնել։ Գործատուն իմանալով, որ կույր է, խուսափում է աշխատանք տալ կամ քիչ է վարձատրում։ Կոնսերվատորիան ավարտած տաղանդավոր ջութակահար աղջկան, որը նույնպես չի տեսնում, խորհուրդ են տալիս Հայաստանից գնալ»։

Բնածին կուրություն ունեցող Անդրանիկը տիրապետում է մի քանի մասնագիտությունների

Մասնագիտությամբ իրավաբան, մերսող, համակարգչային օպերատոր Անդրանիկ Քոչարյանը Լեւոն Կարապետյանի դասընկերն է։ Բնածին կույր Անդրանիկն ընկերոջ բնորոշմամբ չափազանց աշխատասեր է, «քարից հաց քամող»։ Միասին սովորել են տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված Երեւանի թիվ 14 հատուկ դպրոցում։ Անդրանիկը ծնվել է Արարատի մարզում, դպրոց հաճախելու համար տեղափոխվել է Երեւան. «Բնակվում էի գիշերօթիկ դպրոցում, հետո ընդունվեցի իրավագիտության ֆակուլտետ, գնում էի գյուղ, գալիս քաղաք, հետո սկսեցի միայնակ վարձով ապրել»։
Անդրանիկ Քոչարյանը` կնոջ եւ դստեր հետ Անդրանիկ Քոչարյանը` կնոջ եւ դստեր հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Նա տիրապետում է օրենքներին, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց առնչվողներին։ Նրա խոսքով՝ փորձեր արել է, սակայն չի հաջողվել աշխատել այդ ոլորտում. «Կառավարության որոշմամբ յուրաքանչյուր հիմնարկի մեկ կամ երկու տոկոսը պետք է լինեն հաշմանդամները, բայց մեկը կարող է սրտի խնդիր ունենալ, նա էլ այդ օրենքով կանցնի աշխատանքի, ստացվում է, որ հաշմանդամների համար լիովին չի գործում։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը եւս կատարյալ չէ։ Օրենքները շրջանցում են, քիչ թվով մարդիկ են ընդունվում, բայց նրանք բացառություններ են»։

Անդրանիկն ամուսնացած է, պատմում է, որ դստեր խնամքի հարցում օգնում է կնոջը. «Գրեթե ամեն ինչ անում եմ՝ կերակրելուց մինչեւ տակդիր փոխելը, միայն ճաշը չեմ եփում»։ Նա երեք տարի առաջ սովորել է մերսման գաղտնիքները, աշխատում է «Տեսնող ձեռքեր» մերսման կենտրոնում, որտեղ միայն տեսողություն խնդիր ունեցող մասնագետներ են մերսում։ Զուգահեռաբար աշխատում է Սոկրատ Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տանը՝ որպես համակարգչային օպերատոր, տեսողությունից զրկված մարդկանց սովորեցնում է օգտվել համակարգչից. «Աշխատանքային պայմանագիր ունեմ, մինիմալից էլ քիչ աշխատավարձ եմ ստանում, որից պահվում են սոց վճարները, բանակին ուղղված 1000 դրամը։ Այդպես է արված, որ մեկ հաստիքից երեք հոգի օգտվեն։ Աշխատավարձի ցածր լինելը ստիպում է նոր մասնագիտությունների տիրապետել, որ կարողանամ ընտանիք պահել։ Այն աշխատանքները, որ արել եմ, ՀԿ-ների ու դրամաշնորհների շնորհիվ է։ Ազատ գրաֆիկով աշխատել եմ որպես շշերի պիտակավորող, որը եւս դրամաշնորհային ծրագիր էր հատուկ հաշմանդամների համար, սակայն հիմա ապրանքը պիտակավորված ներմուծվում է, աշխատողի կարիք չկա, ծրագիրը փակվել է։ Եթե հիմա ինչ-որ գործառույթ արվում է, ապա ՀԿ-ների շնորհիվ է, նրանք ավելի արդյունավետ են աշխատում, քան Սոցապ նախարարությունը կամ պետական այլ կառույցները»։

Տեսողության խնդիրը նրա համար պատճառ չէ Հայաստանից մեկնելու, ասում է՝ երբեմն միայն սոցիալական խնդիրների պատճառով բարկանում է. «Երբ դեռ ամուսնացած չէի, ծնողներս ու եղբայրս տեղափոխվեցին, ես չգնացի։ Դեռ այստեղ եմ, որովհետեւ ուզում եմ երեխաս Հայաստանում մեծանա։ Ամեն ինչ անում ենք մնալու համար, նոր աշխատանքի համար դիմել եմ, որ ընդունվեմ առաքման բաժնի օպերատոր, կինս էլ երկու տեղ է աշխատում»

Իրավաբան Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, եթե գործատուներին տրվեն հարկային արտոնություններ, կհետաքրքրվեն ու կցանկական իրեն աշխատակիցների թիվը համալրել հաշմանդամություն ունեցող մարդկանցով. «Գործարարին հիմա հետաքրքիր չէ ու չի ուզում սայլակով, կույր կամ մեկ ձեռքով մարդուն աշխատանքի ընդունել։ Համոզված եմ, եթե հարկային արտոնություններ լինեն, շատերը կհամախմբեն հաշմանդամներին իրենց աշխատակազմերում, որովհետեւ հարկերը մեր երկրում բարձր են, դրանից խուսափելու համար տարբեր քայլերի են դիմում, սա լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել։ Սոցիալական մեծ խնդիր կլուծվի, կարծում եմ՝ թոշակ տալու կարիք չի լինի։ Ես 20 000 դրամ թոշակ եմ ստանում, բայց եթե արժանապատիվ աշխատավարձ ունենամ, ինձ այդ թոշակը պետք չի լինի», - եզրափակում է նա։

Լիանա Մեյթարջյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am