exclusive
9478 դիտում

«Թռչունյան տանը» թեւեր առնող երեխաների վառ ու զգույշ գույները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


- Էրեխեն ընտանիքը ամրացնողն է, մեծ պատասխանատվություն է, պետք է զգույշ էղնել:

Այս համոզմանն է սեփական ընտանիքից դուրս ապրող ցանկացած երեխա, որ ժամանակից շուտ մեծացել ու մտածում է ընտանիքի, ընտանեկան կապերի մասին ու չի գտնում իրենց հետապնդող հարցերի պատասխանը.

-Ի՞նչու իրենք չկարողացան ամրացնել, միավորել ու ջերմացնել իրենց կենդանություն տվողների սրտերը, ի՞նչու են մեծանում ընտանիքից հեռու մեկ այլ մեծ ընտանիքում, որտեղ բոլորին նույն հարցերն են տանջում:

Գյումրիում 2002 թվականին հիմնվեց «Թռչունյան տուն» երեխաների խնամքի կենտրոն-կրթահամալիրը: Այստեղ հիմա «թեւ առնել են սովորում» 97 երեխա: Նրանց մի մասը ունի ծնողներ ու սոցիալական պայմանների պատճառով է ժամանակավոր բնակվում այստեղ: Մյուսների համար էլ հաստատությունը հիմնական բույնն է, որտեղ տարիներով բնակվում են ու սպասում….

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոր ընտանիքի երազանքն ու այս կենտրոնի հիմնումը

-Տեր չունի, տեր չունի…

Այսպես են բնորոշել Ալեքպոլի որբանոցներից մեկում ապրող Վահանին: Նրա հետ 1915-1920-ական թթ. Ալեքսանդրապոլի որբանոցներում ապրում էին հայ գաղթական անտուն ու որբ հազարավոր երեխաները, ովքեր սպասում էին իրենց կամ նոր ընտանիքներին: Ամերիկյան կառավարությունը՝ ստանձնելով որբերի մեծ մասի հովանավորության գործը, նպատակ ուներ լավագույն սաներին տեղափոխել Ամերիկա: Որբերի առաջին խումբը տեղափոխվում է 1922 թ-ին:


Վահան անունով որբուկի որդեգրումը երկարաձգվում էր ու այդ պատճառով նրան բնութագրում էին այսպես՝ «տեր չունի», որը հետագայում դառնում է նրա ազգանվան հիմքը: Բայց հետագայում Վահանն էլ է հասնում Ամերիկա, կրթություն ստանում: Տասնամյակներ անց միայն, երբ մահանում է Վահանը, կտակը բացահայտում է նրա գաղտնիքը՝ տնտեսած 350.000 դոլար գումարը կտակել է այն որբանոցին, որտեղ ապրել է:

Վահան Տերչունյանի խնայած գումարով գտնում են, ապա վերանորոգում են Վահանին տուն տվող նախկին որբանոցի շենքը, որն արդեն լքված ու խարխլված էր: Հիմնվում է կենտրոն, որտեղ ապրելու իրավունք ունեին ծնողներից զրկված ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող երեխաները:

Միայն թե «Տերչունյան որբանոց»-ի անվանման հայերեն թարգմանության ժամանակ հոգաբարձուների խորհուրդը փշաքաղվելու աստիճան այս ազգանվանը մեկ այլ տարբերակ է գտնում՝ Տերչունյանը դառնում է «Թռչունյան տուն»:

«Թռչունյան տան» մեծ ընտանիքի գունապնակը

Մոր ջերմության կարոտը բյուր երանգներով նկարված է այստեղ ապրող 0-18 տարեկան երեխաների աչքերի թափանցիկ խորքում: Մեկի մոտ կարոտը ներողամիտ գգվանքի գույնն ունի, մյուսի մոտ հարցական նշանների անորոշության գույնով է ներկվել, իսկ երրորդի մոտ՝ այս երկու գույներից բացի վախի ու մերժումի վարագույրն է ավելացել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լուսանկարչական ապարատը չի կարող զգալ նրանց հոգի թափանցող սպասումը, հպումի կպչունությունը, թաքուն բողոքն ու համակերպումը: Բայց իրենց նկարներում այս ամենը ներկապնակի գույն է դառնում, նկարներում նրանք խոսում են, անձայն, հոգու թելերում խճճված կարոտն ու հարցերը արտահայտում են վրձնով:

- Ձմեռ է: Մայրն ու հայրը նայում են, թե ինչպես է երեխան գնում դպրոց: Ես եմ, իրականում իմ մաման ու պապան էլ ինձնից հեռու են:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինչխօր ես իրանց հետ էղնիմ, բայց ինձի չի թվա օր իրանք էլ իմ հետ են: Կնայեն էրեխու հետեւից, բայց օտար են: Եթե ինձ հետ էղնեին, ես էստեղ չէի եղնի արդեն 11 տարի,-ասում է Տանզելա (Տանյա) Գրիգորյանն ու աչքերը փախցնում, ձայնը մի պահ դողում է, բայց հաստատակամ ասում, որ իր ստեղծած ընտանիքը այսպիսին չի լինելու, ինչպես իր նկարում է պատկերել:

-Մամաս եկավ, չուզեցա իրա մոտ երթալ, որովհետեւ իմ համար ինքը խորթ է: Ճիշտ է, չեմ ասել, դու իմ մերս չես, գնա ստեղից: Չէ, գնացել եմ, տեսնեի՝ որպես մայր ինքը ինչղ իրան կպահե, կարող է իրա ծնողական սերը էլել է, էն էլ հակառակը ապացուցվավ: Ես ինչ օր կսպասեի, էդ չստացա: Ինչխօր իմ մերս չէղներ, չիդեմ վախենայիգը իրանից: Հետո իմանալով հաղթանակներիս մասին, էդ ժամանակ էկավ ինքը,- պատմում է Տանյան ու փայլուն աչքերով շարունակում, որ իր համար ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի հաջողություններն ու հաղթանակները դարձել են օրինակ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նույն ճանապարհն է ընտրել ու իր տարիքային խմբում մեծ հաղթանակներ ունի: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է:

Ախպերս ու ես

Սամվելի նկարում մեկ այլ պատկեր է: Տուն, որ կարծես վանդակված է, առանց արեւի ու երեխաներ տնից շատ հեռու:

-Լաց եղել եմ, ամեն մարդ էլ էստեղ գալուց լաց կէղնի, առաջին անգամ մարդ ուր էլ կերթա լաց կէղնի, դպրոց էլ օր կերթա, լաց կեղնի, բայց հետո սորվա պայմաններին ու հասկըցա, օր դժվար է ու պետք է հարմարվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


12 տարեկան Սամվելը կարծես թե գիտի, ինչու է 6 տարի առաջ եղբոր հետ հայտնվել այս հաստատությունում՝ «տունը հացի փող չկար, մաման ու պապան Ռուսաստան են»: Որոշել է զինվորական դառնալ, եթե չստացվի էլ՝ «բարեգործական խմբում կաշխատի»: Շատ չի խոսում, միայն նկարում ու երգում իր սիրած երգերը՝ «Վրեժը սրտումս իմ սուրբ հողն է կանչում», «Ախպերս ու ես»...

Մամաս գիշերը չկար, օր վրես ծածկեր

Մեկ այլ նկարում մեկ այլ ճակատագիր է: Ընտանիքի բոլոր անդամները կան, քույրը, եղբայր, տատիկ, արեւն ու այգին, բայց չկան…

- Մաման ու պապան կան, տան ներսն են, չեն երեւա,- փորձեց բացատրել 16 տարեկան Թեհմինեն ու այն հարցին, թե նկարում արդյո՞ք բոլորն են երջանիկ, պատասխանեց,-Երջանիկ ընտանիք էղնելու համար, ինչ-որ մեկը պտի էղնի ընտանիքի ղեկավարը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ճիշտ է, ամեն մարդ ունի իրա իրավունքը, բայց բոլորով մեկին ենթարկվին, օր մեկ կարգուկանոն էղնի: Համերաշխ կպատկերացնեմ երջանիկ ընտանիքը, կռիվ պտի էղնի, բայց էնպիսի կռիվ պտի էղնի, օր բնական, ընտանեկան կռիվ էղնի, ոչ թե հասնին էն աստիճան օր բաժնվին:

Գուցե, հենց այդ պատճառով էլ Թերմինեն չէր կարողացել պատկերել հորն ու մորը միասին, ովքեր իրենց բաժանարար կռվի պատճառով 12 տարի առաջ երեք երեխաների բույնը դարձրել են «Թռչունյան տուն»-ը:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Դժվար էր բաժանվելը մամայից, բայց հետո հասկցա օր ավելի լավ է մամայից հեռու մնամ, ըսիկ ունենամ, օրինակ թեկուզ էս նկարչություն սովորելը, կրթություն ստանալը: 4 տարեկանից էստեղ եմ: Մինչեւ չորրորդ դասարան լաց էի լինում: Ես միշտ իրիկունները գուլայի, չիդեմ ինչի, լացս գուգար: Երեւի միշտ օր իրիկունները մամաները էրեխեքի վրեքը կծածկեն, բարի գիշեր կսեն, ըդոր համար: Մամաս գիշերը չկար, օր վրես ծածկեր: Մեծ քուրիկս գուգար կողքս կնստեր մինչեւ ես քնեի,-Թեհմինեի արդեն համակերպված աչքերում խոհունության մի մեծ ծով կա, որ հուզում է ու դու ես աչքերդ փախցնում, որ արցունքոտված աչքերումդ չտեսնի, թե ինչքան թույլ ես իր ամրացած փխրունության առաջ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թեհմինեն որոշել է թեւ առնելուց հետո շարունակել կրթությունը՝ «գիտական առումով դիպլոմ ունենալ ու արվեստում էլ իր խոսքը ասել»: Մամայից ու պապայից չի նեղացել, սիրում է երկուսին էլ, թեեւ ապրում են բաժան: Համոզված է, որ ամեն ինչ իր պատճառն ունի, առանց պատճառ ոչինչ չի կարող լինել:

Ինչքան պատճառ կուզե էղնի, էրեխուց կարեւոր բան չկա

Զրույցին միջամտում է Սերգեյը: 14 տարեկան տղայի հիշողություններում մի պատկեր է մնացել, «Թռչունյան տան» դարպասներից ներս մտնելն ու հին ավտոբուսը, իսկ պատկերած նկարում մեկ այլ աշխարհ է:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Նկարիս մեջ մաման գործ կէնե խոհանոցը, ըստեղ երեխեն տնային կէնե, ըստեղ պապան պուճուր էրեխու հետ կխաղա: Ըստեղից հեչ մեկը ես չեմ: Տունը չեմ… Չեմ ուզե երթա մամայիս մոտ: Իմ ծնողներս տիկին Սիմոնյանն է (հաստատության տնօրենը), դասղեկս, մանկավարժները: Իմ իսկական ծնողներս դաժե իրանք չեն բերել ըստեղ: Դայակներն են աէրոպորտից ինձի ընդունել: Ես չեմ ուզե, էն ցավը օր ես կզգամ, իմ էրեխես զգա, - ասում է Սերգեյն ու «խռովում» լուսանկարչական ապարատից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատրաստ չի եղել հայր դառնալու

- Նկարիս մեջ հայրն է, մայրը ու իրանց աղջիկը՝ ձեռքին փուչիկ: Գունավոր փուչիկը տրամադրություն է բարձրացնում, մե տեսակմ տոնի ու երազի սպասում կա մեջը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բոլոր գույներից սպիտակ ու կարմիրն եմ սիրում: Սպիտակը մաքրություն է: Տանել չեմ կարող փնթիությունը, թափթփվածներին,-Արթուրը իր երազանքի ընտանիքն է պատկերել, բայց նշում, որ չի շտապում ընտանիք շուտ կազմել:

- Պտի զրոյից սկսեմ, տուն, աշխատանք: Ընտանիքում կռվի պատճառը միշտ փողն է: Ուզում եմ փող ունենալ ու էդ փողն էլ աշխատել արդար ճանապարհով, օր հանկարծ ընտանիքիս մեջ էլ կռիվ չէղնի,- ասաց ապագայում դերասան, վարսահարդար, խոհարար Արթուրը:

Իր ընտանեկան կարգավիճակը բնորոշեց այսպես՝ «միակողմանի ծնողազուրկ»: Երբ շտապելով սխալմամբ հարցրեցի, թե երբ է մահացել հայրը, հայացքը կտրեց նկարից ու պատասխանեց.

- Չի մահացել: Ընդհանրապես չեմ տեսել, մենակ անունը գիտեմ: Ինքն էլ ինձի, երեւի, չի էլ տեսել: Իմացել է օր գոյություն ունեմ… Դեռ պատրաստ չի եղել հայր դառնալու,- Արթուրի վերջին նախադասության մեջ այնքան շատ զգացումներ կային փշուր-փշուր կուտակված, այնքան շեշտ ու հարցական, որ մի պահ լռություն տիրեց: Հետո էլ խոսեց իրեն տանջող ցավից:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Լինում է, որ մենակ եմ զգում, անզոր: Ես շուտով բանակ պտի գնամ: Չեմ վախենում բանակից: Հիմա շաբաթ-կիրակի գնում եմ, իմանում եմ, մամաս ինչպես է կամ զանգում եմ: Եթե ես գնամ ծառայեմ, ծնողս, եթե հիվանդանա, ով է իրան մի բաժակ ջուր տալու: Իմ հասակակիցները մտածում են, թե վախենում եմ, բայց պատճառը ըդիկ է:

Երեխան ավելի է կապված ծնողին, քան ծնողը՝ երեխային

-Կապ ունենք մեր «թեւ առած» երեխաների հետ, գալիս են գեղեցկացած տղաներ, աղջիկներ, ընտանիք են կազմել, մենք թոռներ շատ ունենք: Բայց մի բան եմ նկատել, իրենք իրենց երեխաներին այլ կերպ են գրկում, երկու ձեռքով, ամուր, ոնց որ վախենան, որ հանկարծ մենակ չթողնեն, առանց իրենց չմնա իրենց բալիկը, պինդ պահում են իրենց ընտանիքը,- տարիների իր փորձով կիսվեց «Թռչունյան տան» տնօրեն Սոնա Սիմոնյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Թռչունյան տան» երեխաները գունապնակը լի է գույներով՝ խինդով, երեխայական ուրախությամբ ու թաքուն պահած խռովքով: Ի տարբերություն որոշ մեծահասակների, այս երեխաները սեփական ձեռագործ ընտանիքը նկարելիս՝ շատ զգույշ են:

Անահիտ Հարությունյան (Գյումրի)
Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am