Դեպի Հոռոմայրի վանք՝ քայլարշավային արահետներով - Mediamax.am

exclusive
7982 դիտում

Դեպի Հոռոմայրի վանք՝ քայլարշավային արահետներով



Միջնադարյան Հայաստանի կրթամշակութային նշանավոր հաստատություններից մեկը՝ Հոռոմայրի Սուրբ Նշան (Սփնիշան-ժող.) վանական համալիրը, Օձուն գյուղից 1,5 կմ հարավ-արեւելք է գտնվում:

 

Սրբավայրի ներքին հուշարձանախումբը Դեբեդի ձախափնյա ձորալանջին է՝ ժայռի տակ, վերինը՝ կիրճը եզերող սարահարթի վրա: Վերին եկեղեցուց դեպի ձորամիջի վանք տանող ճանապարհը գրեթե անանցանելի է: Այն հաղթահարում են միայն շատ համարձակները: Դեռ խորհրդային տարիներին ճանապարհից մի հատված պայթեցվել է, որպեսզի ձոր իջնելն անմատչելի դառնա ու տեղի պտղատու այգիների բերքը չգողանան:

 

Հիմա արդեն վանական համալիրի՝ ձորի մեջ ծվարած սրբավայրը տեսնելու համար ճանապարհը պետք է սկսել Օձունից՝ Ծիրանավոր-Ծաղկավանք եկեղեցու մոտից:

 

Ութ կիլոմետր երկարությամբ քայլարշավային արահետը ձգվում է մինչեւ Քոբայր: Իսկ Հոռոմայր հասնելու համար պետք է քայլել շուրջ մեկ ժամ: Ճանապարհը հարմար է, բարեկարգ, ժայռերին տեղ-տեղ ուղղությունը հուշող նշաններ են պատկերված:

 

Նախկինում դժվարանցանելի կածանը հիմա արդեն քայլուղի է դարձել, որը «Հայկական լեռնաշխարհ» քայլարշավային արահետի մի մասն է կազմում:

 

«Հայկական լեռնաշխարհ»-ի՝ Լոռիի տարածքով անցնող հատվածը 47 կմ երկարություն ունի եւ անցնում է Նեղոց, Հաղպատ, Ծաղկաշատ, Ակներ, Սանահին, Ալավերդի, Օձուն բնակավայրերով:

 

Քայլուղին կառուցվել է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը եւ իրականացնում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ու Հայ լեռնագնացների միության հետ համատեղ:

 

Թումանյանի տարածաշրջանում արահետների ստեղծման ու բարեկարգման աշխատանքները համակարգող խմբի անդամ է Դավիթ Ճիճիլյանը: Նրա խոսքով՝ Հայ լեռնագնացների միության գլխավոր նպատակն է արշավային արահետների միջոցով մի բնակավայրը կապել մյուսին՝ զարգացնելով ենթակառուցվածքները, ինչպես նաեւ համայնքներում տուրիստական շարժ ապահովել, համայնքին օգուտ տալ:  Այսինքն, քայլարշավի մեկնող զբոսաշրջիկը կարող է գիշերել որեւէ համայնքում կամ ցանկանա մնալ, ծանոթանալ տվյալ տարածքին կամ տեսարժան որեւէ վայրի: 

 

«Օձուն-Հոռոմայր-Քոբայր արահետի բարեկարգման աշխատանքների ժամանակ զբոսաշրջիկների մեծ հոսք կար դեպի Հոռոմայր ու Քոբայրավանք: Իսկ Ալավերդու Սանահին կայարանային թաղամասից դեպի Սանահին գյուղական թաղամաս տանող որեւէ ճանապարհ նախկինում չի եղել: Մենք այստեղով նույնպես արահետ ենք բացել, որը քայլարշավի սիրահարների համար հիանալի հնարավորություն է՝ Լոռու գեղատեսիլ լեռները հաղթահարելով՝ հասնել Սանահինի վանական համալիր»,- պատմում է Դավիթ Ճիճիլյանը:

 

Ալավերդիում արահետաշինության գործում նրանց աջակցել են «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի կամավորները: 

 

Օձունի եւ հարակից բնակավայրերի հոգեւոր առաջնորդ տեր Վրթանես քահանա Բաղալյանը պատմում է, որ Հոռոմայրի վանքի հանդեպ հետաքրքրությունը միշտ էլ մեծ է եղել: Իսկ արահետի բարեկարգումից հետո Օձուն այցելողները՝ հատկապես զբոսաշրջիկները, հիանում են ձորից բացվող տեսարանով ու պարտադիր ցանկություն հայտնում՝ Հոռոմայրը մոտիկից տեսնելու:

 

Հոգեւոր առաջնորդը հավելում է նաեւ, որ, մարդկանց հետաքրքրությունից ելնելով, որոշել են այս հուշարձանախմբի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությամբ բուկլետներ տպագրել՝ ներառելով նաեւ Հոռոմայրի հետ կապված թերեւս ամենահայտնի ավանդազրույցը.

 

«Հայերի եւ հույների պատերազմից հետո Հովհան Օձնեցի կաթողիկոսը երկու ազգերի ներկայացուցիչների առաջ եռացող կաթսայի մեջ է գցում խաչափայտի մասունքն ու ասում, որ ով կկարողանա ձեռքը մտցնել եռացող ջրի մեջ եւ այնտեղից դուրս հանել խաչը, ապա նրա հավատն է ճշմարիտ: Հունաց պատրիարքը փորձում է հանել խաչի մասունքը, բայց ձեռքն այրվում է տաքությունից: Օձնեցին խաչակնքում է, ձեռքը մտցնում է կաթսայի մեջ եւ խաչը հանում այնտեղից: Այս ամենը տեսնելուց հետո Վասիլ անունով հույն իշխանը, որը կայսրից սպառնագին մի գրություն էր բերել Օձնեցուն, հրաժարվում է  հետ վերադառնալու մտքից ու նաեւ՝ իր դավանանքից եւ, մնալով  այստեղ, երկար տարիներ ճգնավորի կյանք է վարում ժայռի մեջ, ապա հենց նույն տեղում էլ կառուցում Հոռոմայրի վանքը (Հոռոմայր է կոչվում հույն՝ հոռոմ, իշխանի անունով)»:

 

Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի ստորին հուշարձանախումբը բաղկացած է ոչ մեծ եկեղեցի-զանգակատնից, երկու եկեղեցիներից, առանձին ժամատնից, մատուռներից, խաչքարերից, ժայռափոր անձավներից: Եկեղեցի-զանգակատունը վիմական արձանագրություններում անվանվում է Սուրբ Նշան, որն էլ հետագայում տարածվել է ողջ հուշարձանախմբի վրա:

 

Վերին հուշարձանախմբում երկու եկեղեցիներ են, նաեւ՝ միջնադարյան գերեզմանոցը, որտեղ մեր ժամանակների տապանաքարեր էլ կան:

 

 

Հոռոմայրի վանքը «եվրանորոգելու են»

Հոռոմայրը հիմա սրբավայրից մնացած մասունքներից վերածվել է գործող եկեղեցու, որտեղ ամեն կիրակի պատարագ է մատուցվում: Այստեղ հարյուրավոր մարդիկ են ուխտի գալիս Հայաստանի տարբեր բնակավայրերից: Իսկ զբոսաշրջիկները, անգամ ամենատարեցները, չեն հրաժարվում լեռնային ճանապարհը հաղթահարելու եւ ձորամիջյան մատուռին հասնելու ցանկությունից:

 

Տաթեւիկ Ճուղուրյան

Լուսանկարները՝ Վահե Աղամյանի եւ Հայ լեռնագնացների միության ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին