Ջուլիետա Ղազարյան. Տատս - Mediamax.am

1363 դիտում

Ջուլիետա Ղազարյան. Տատս


Լուսանկարը`


Պատշգամբում կանգնած՝ նայում էր ներքև: Քամին խաղում էր ճերմակ մազերի հետ, իսկ տապը այրում էր նրա կնճռոտված դեմքը: Նա այդ օրը ուրախ էր. նոր էին տվել թոշակները: Թեև չնչին գումար էր դա, բայց նրա համար դա ահռելի էր թվում: Կարելի էր մի քանի կիլոգրամ միս գնել, կոմունալ ծառայությունների համար վճարել ու մի քանի հազար դրամ էլ պահել՝ ամբողջ ամիսը գոյատևելու համար: Ժամանակին նա բավականաչափ լավ գումարներ էր վաստակել ու ապրել այնպես, ինչպես սիրտն էր ցանկացել: Հաճախ էր հիշում ջահել օրերի մասին ու եռանդուն կերպով պատմում էր դրանք: Նրա տան անդամներն արդեն անգիր գիտեին այդ պատմությունները, բայց ամեն անգամ, երբ նա սկսում էր վերհիշել դրանք, նրանք ժպիտով նայում էին միմյանց ու ձևացնում էին, թե առաջին անգամն են լսում դա: Իսկ նա ոգևորված պատմում էր՝ ասես նորից ու նորից վերապրելով այդ ամենը: Թեև արդեն ծեր էր, բայց իրեն ծեր չէր համարում: Ասում էր. ‹‹մարդը պետքա հոգով ջահել լինի››: Օրվա մեջ մի քանի անգամ խանութ էր գնում՝ հաց ու այլ անհրաժեշտ բաներ գնելու: Արագ-արագ իջնում էր աստիճաններով, նույն արագությամբ խանութ էր գնում, բայց երբ վերադառնում էր ու սկսում բարձրանալ աստիճաններով, քայլերը դանդաղում էին: Ծերությունը զգացնել էր տալիս իրեն, ու մի կերպ բարձրանալով աստիճանները՝ դանդաղ բացում էր դուռը, ներս մտնում, շունչ քաշում ու քայլում էր դեպի խոհանոց: Երբեք չէր հոգնում ճաշ պատրաստելուց, դա մեծ սիրով էր անում: Հպարտ կանգնում էր կաթսայի մոտ ու դողացող ձեռքերով համեղ կերակուրներ էր պատրաստում: Երբեմն, շատ հոգնած ժամանակ, նստում էր աթոռին ու փակում էր աչքերը: Մի քանի վայրկյան անց քնում էր աթոռին նստած ու հանկարծակի արթնանում էր, երբ տանը բարձր ձայն էր լսվում: Նրա աչքերը մեծանում էին ու զարմացած հայացքով շուրջն էր նայում: Ինչքա՜ն բաներ էին տեսել այդ աչքերը, ինչքա՜ն գիշերներ էին բաց մնացել և ինչքա՜ն ցերեկներ էին փակվել մի քանի րոպեով: Երբեմն լուռ մտածում էր, ու մտքերը իրենից հազարավոր կիլոմետրեր այն կողմ էին թռչում: Հարցին, թե ինչի մասին էր մտածում, նա միշտ նույն պատասխանն էր տալիս՝ չէ, բան չէի մտածում, ու նորից քարանում էին աչքերը՝ շարունակում էր մտածել նույն եռանդով: Բոլոր մեծերն առհասարակ հետաքրքասեր են դառնում ու սկսում են շատ հարցեր տալ: Նա նույնպես այդպիսինն էր: Սիրում էր անընդհատ հարցնել կարևոր ու անկարևոր բաների մասին, բայց նրան միշտ համբերատար պատասխանում էին: Միամիտ ու պարզ էր նա: Երբեմն միամտորեն այնպիսի բաներ էր ասում, որ տան անդամների մոտ երկարատև ծիծաղ էր առաջացնում, ու հետո ամբողջ օրը ասում էր. ‹‹է՜ թե ինչի տենց ասացի››: Մոռացկոտ էր դարձել: Ծերության հետ երբեմն շատ բաներ ես սկսում մոռանալ ու չհիշել: Նրա հետ ևս ծերությունը սկսել էր խաղ խաղալ, բայց նա շարունակում էր նույն ոգևորությամբ ապրել: Սիրում էր կյանքը, ու կյանքն էլ երևի իրեն էր սիրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին